1320 դիտում
16:38 02-04-2015
Մատենադարանում տեղի ունեցավ «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսը. լուսանկարներ
Ապրիլի 1-ին Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում «Այնթապի օրեր» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ՀԲԸՄ Հալեպի Մ. Սարյանի անվան ակադեմիայի ուսուցիչ Հրազդան Թոքմաջյանի «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջամբարջյանը և հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը, այլ հյուրեր:
Միջոցառումն անցկացվում էր առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո՝ ՀՀ սփյուռքի նախարարության, Հալեպի Հայ Կրթասիրաց մշակութային միության, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի, Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ: Ծրագիրն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:
Միջոցառման սկզբում հնչեցին Հայաստանի Հանրապետության պետական հիմնը և Այնթապի քայլերգը: Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, գերաշնորհ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Նա նշեց, որ գիրքը հայ մշակույթի պատմության յուրահատուկ ձեռքբերում է: Այն հայ ժողովրդի ՝ իր պատմական հայրենիքում եկվորներից էլ առաջ ապրած և ստեղծագործած լինելու նոր ապացույց է:
Շնորհավորելով ներկաներին՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց, որ Այնթապի պատմությունն ու մշակույթը ներկայացնող արժեքավոր գրքի շնորհանդեսը տեղի է ունենում Այնթապի հերոսամարտի 95 ամյակի օրը, երբ մեր հերոսական 500 հոգանոց ջոկատն ընդամենը 150 միավոր զենքով կարողացավ շուրջ մեկ տարի դիմակայել բազմահազարանոց թշնամուն, մինչև օգնության հասան ֆրանսիական զորքերն, ու հրոսակները նահանջեցին: Նախարարը մասնավորապես նշեց. «Ցավոք, տարիներ անց Ֆրանսիան ստիպված էր Թուրքիային զիջել հայկական Կիլիկիան, և այն հայաթափվեց: 100 հազարից ավելի հայեր լքեցին Զեյթունը, Այնթապը, և հաստատվեցին Սիրիայում: Բայց այնտեղ կարողացան ոչ միայն եկեղեցիներ ու դպրոցներ կառուցել, այլև մշակույթը զարգացնել: Եվ դրա վառ վկայությունն այսօր այս գիրքն է, որն աշխարհին ապացուցում է, որ մենք փյունիկի նման հառնեցինք մոխիրներից: Մեր դատն արդար է, և պետք է շարունակենք պայքարը, որպեսզի այլևս ոչ մի տեղ երբեք չկրկնվեն ցեղասպանությունները»:
«Այնթապի ասեղնագործությունը» գիրքը ներկայացրեց հեղինակը՝ Հրազդան Թոքմաջյանը: Ելույթ ունեցան «Փյունիկ» հիմնադրամի Հալեպի Հայ Կրթասիրաց մշակութային միության նախագահ Ալեքսան Կարադանայանը, գրքի խմբագիր Սվետլանա Պողոսյանը, խմբագրական կազմի անդամ Կարինե Բազեյանը և այլք: Գրքի առաջաբանը գրել է Ռիտա Սարգսյանը:
Սփյուռքի նախարարը, կատարելով Այնթապի հերոսամարտի մասնակից Ավետիս Գալեմքեարյանի ժառանգների խնդրանքը, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանին հանձնեց նրանից մնացած մասունքները՝ մտրակը, ակնոցը և դրամապանակը:
Հյուրերը դիտեցին նաև Այնթապի ասեղնագործության եզակի նմուշների և Այնթապի հերոսամարտի դրվագները ներկայացնող լուսանկարների ցուցադրություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
463 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան
679 դիտում
13:56 27-11-2024
Ի՞նչ անենք, գնդակահարե՞նք, որ վախենան էներգետիկ գնել կամ վաճառել. Բաբկեն Թունյան