Պերմյակովի դատավարությունը ընթանալու է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում. Լ. Սլուցկի
Ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը ընթանալու է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում:
Այսօր՝ մարտի 29-ին, Ավետիսյանների գերեզման այցելելուց ու 7 շիրիմներին ծաղիկներ դնելուց հետո, լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
Հայ լրագրողները հայտնել էին, որ գտնվում են «տեղեկատվական բլոկադա»-ի մեջ և խնդրել էին մանրամասնել առաջիկա հետաքննության մասին, ինչպես նաև այն մասին, թե որտեղ է ընթանալու դատավարությունը:
Հարցին՝ դատավարությունը կընթանա բա՞ց, թե՞ փակ ընթացակարգով, Սլուցկին դժվարացել էր պատասխանել, այդուհանդերձ նշել, որ որպես պատգամավոր, իր համար ընդունելի է դատավարության բաց տարբերակը:
Իր հերթին Սլուցկիի տեղակալ Տատյանա Մոսկալցովան ընդգծել է, որ եթե նույնիսկ դատավարությունն ընթանա փակ դռների հետևում, ապա վճիռը, ըստ Ռուսաստանի օրենսդրության՝ կկայացվի բաց ընթացակարգով:
Սլուցկին վստահեցրել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում նախաքննությունը կավարտվի: