Դեսպան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի մարդու իրավունքների, հավասար հնարավորությունների և օրենսդրության նախարարի հետ
Մարտի 20-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Չեխիայի մարդու իրավունքների, հավասար հնարավորությունների և օրենսդրության նախարար, կառավարության օրենսդրական խորհրդի նախագահ Յիրժի Դիենստբիերի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց երկկողմ հետաքրքություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Դեսպան Սեյրանյանը նախարար Դիենստբիերին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումները` խոսելով դրանց խորհրդի մասին: Քննարկվեցին երկու երկրներում մարդու իրավունքների, խոսքի և մամուլի ազատության վիճակի, քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումներին առնչվող հարցեր:
Կողմերն անդրադարձան Չեխիայի հայ համայնքին առնչվող հարցերին: Նշվեց, որ չնայած համայնքի` բավականին երիտասարդ լինելուն, այնուամենայնիվ, այն հասցրել է լիովին ինտեգրվել չեխ հասարակությանը` ինքնադրսևորվելով լավագույն ձևով: Երկրում բնակվում են հայազգի բազմաթիվ նկարիչներ, արվեստի գործիչներ, ճանաչված գործարարներ և մարզիկներ, որոնք կապող օղակ են հանդիսանում Հայաստանի և Չեխիայի միջև ու հպարտորեն ներկայացնում մեր երկրները միջազգային ասպարեզում:
Քննարկվեցին նաև տարածաշրջանային արդի խնդիրներ: