211652_close_icon
views-count788 դիտում article-date 14:34 12-03-2015

Էստոնիայի Ազգային գրադարանում բացվել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» ցուցահանդեսը

Էստոնիայի Ազգային գրադարանում մարտի 10-ին պաշտոնապես բացվել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Էստոնիայի եկեղեցական խորհրդի նախագահ Անդերս Պիդերսը, Էստոնիայում հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանը, Էստոնիայի Ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Յաննե Անդրեսոն, ինչպես նաեւ քաղաքական, հասարակական եւ մշակութային մի շարք գործիչներ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ելույթ ունենալով ցուցահանդեսի բացմանը, մասնավորապես նշել է, որ Թուրքիան դժբախտաբար շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը. սեփական պատմությանն առերեսվելու, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փոխարեն Թուրքիան ավելի քան երկու տասնամյակ ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանի Հանրապետությունը: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Թուրքիան տապալել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը՝ հայ-թուրքական հաշտեցումն անիրավացիորեն շաղկապելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հետ: Ցուցահանդեսի բացմանը ելույթներով հանդես են եկել նաեւ Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Էստոնիայի եկեղեցական խորհրդի նախագահ Անդերս Պիդերսը, Էստոնիայի խորհրդարանի անդամ Իգոր Գրյազինը եւ էստոնացի պատմաբան Լեմբո Տաննինգը:

Նմանատիպ նյութեր