Պան Գի Մունը կոչ է արել փրկել Իրաքի հուշարձանները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել միջազգային հանրությանը թույլ չտալ «Իսլամական պետության» կողմից Իրաքի պատմական և մշակութային հուշարձանների հետագա ոչնչացումը:
Գլխավոր քարտուղարի մամլո-ծառայությունից հայտնել են, որ նա կոչ է անում անհապաղ դադարեցնել նման ահաբեկչական գործողությունները և դիմակայել մշակութային հուշարձանների ոչնչացմանը: Պան Գի Մունի հայտարարության մեջ ասվում է նաև, որ մշակութային հուշարձանների դիտավորյալ ոչնչացումը համարվում է ռազմական հանցագործություն և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Հիշեցնենք, որ կիրակի օրը ջիհադիստները հողին են հավասարեցրել Իրաքի՝ մ.թ.ա. 717թ-ին Սարգոն II թագավորի կողմից հիմնված հնագույն Դուր-Շարուկին քաղաքի պահպանված հուշարձանները: Ավելի վաղ էլ հայտնի էր, որ ԻՊ-ի զինյալները ոչնչացրել էին ասորական Նեմրութ քաղաքի պահպանված ավերակներն ու հուշարձանները: