211652_close_icon
views-count1352 դիտում article-date 10:51 28-02-2015

Հայաստանի ագրարային համալսարանի և ՕԵԿ-ի միջև ծավալված դատական գործընթացը դեռ շարունակվում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հայաստանի ագրարային համալսարանի և ՕԵԿ-ի միջև տևական ժամանակ ծավալված դատական գործընթացը դեռ շարունակվում է: Այս մասին թերթը տեղեկացել է ԲՈՒՀ-ի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանից: Նա ասել է, որ շինարարական աշխատանքներն իրենք արդեն ավարտել են: Ամեն դեպքում՝ ներս չեն կարող մուտք գործել, որպեսզի տեսնեն, թե ինչ է այնտեղ կատարվում: Տեղեկություններ կան, որ ցանկանում են այդ տարածքը դարձնել նիստերի դահլիճ կամ իրենց նոր հեռուստալիքի՝ Հ3-ի համար ստուդիա: Հիշեցնենք, որ ագրարային համալսարանի ղեկավարությունը դատարանում վիճարկում է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշումը, որով Աբոկյան 43-1 և Տերյան 74 հասցեների հատման մասում գտնվող տարածքը երկու սեփականատիրոջ է բաժին հասել: Համալսարանի տնօրինության պնդմամբ՝ վիճահարույց տարածքը, որն իրենց նախկին ավտոսպասարկման կետն էր, նշված է որպես ԲՈՒՀ-ի սեփականություն: Ստացվում է, որ նույն տարածքի նկատմամբ սեփականության իրավունք տրվել է և Հայաստանի պետական ագրարային համալսարանին, և ՕԵԿ–ին, բայց մի թույլտվությունը՝ Կառավարության կողմից, մյուսը՝ քաղաքապետարանի՝ ի դեմս նախկին քաղաքապետ, ներկայիս էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի: Այս գործով առաջիկա դատական նիստը նշանակված է մարտի 13-ին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր