Մակաոյի ափերին լաստանավ է խորտակվել. կա 15 անհայտ կորած
Չինաստանի հարավում գտնվող Մակաոյի ափերին լաստանավի շրջվելուց հետո 3 մարդ է փրկվել, ևս մեկին հնարավոր է եղել դուրս բերել ջրից: 15 մարդ համարվում է անհայտ կորած:
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ նավավարից բացի եղել են նաև անձնակազմի երկու անդամներ և 16 ուղևոր: Ենթադրվում է, որ նրանք անօրինական միգրանտներ են եղել:
Շուռ եկած լաստանավը հաջողվել է դուրս բերել ափ, սակայն ուժեղ քամին շարունակում է խանգարել փրկարարական աշխատանքներին:
Մակաոն համարվում է Չինաստանին պատկանող ինքնավար տարածք, որն ունի հատուկ վարչական շրջանի կարգավիճակ: Այնտեղ հասնելու համար Չինաստանի քաղաքացիներին անհրաժեշտ է ստանալ հատուկ թույլտվություն: Սակայն հազվադեպ չեն այն դեպքերը, երբ մարդիկ փորձում են ինքնակամ անցնել նեղուցը, որը բաժանում է Մակաոն Չինաստանի ցամաքային հատվածից: