211652_close_icon
views-count1219 դիտում article-date 19:36 26-02-2015

Գրքի շնորհանդես՝ խորհրդարանում

Փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի է ունեցել բանաստեղծ Կորյուն Առաքելյանի «Մի աշխարհ՝ սրտիս չափով» խորագրով հերթական ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ: Շնորհանդեսին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահը, ով իր խոսքում մասնավորապես ասել է. «Հարգելի բարեկամներ, Ազգային ժողովի մշակութային կյանքն այսօր ներկայանում է բանաստեղծական մի ժողովածուի շնորհանդեսով, որի հեղինակը Հայաստանի գրողների ու ժուռնալիստների միության անդամ Կորյուն Առաքելյանն է: Կորյուն Առաքելյանը ոչ երիտասարդ քաղաքական գործիչ է, ոչ էլ երիտասարդ բանաստեղծ, ընդ որում՝ խոսքը երկու դեպքում էլ վերաբերում է ոչ թե տարիքին, այլ փորձառությանն ու անցած ճանապարհին: Ընդհակառակը, երկու դեպքում էլ հասունությունն ակնհայտ է: Հետաքրքիր է, որ Կորյուն Առաքելյանի պարագայում այս երկուսն ընթացել են զուգահեռաբար: Բարեբախտաբար, այդ համընթաց շարժումից չեն տուժել ոչ նրա քաղաքական գործունեությունը, ոչ էլ նրա ստեղծած պոեզիան: Ահավասիկ, դրա վկայությունն է Կորյուն Առաքելյանի հերթական ժողովածուն «Մի աշխարհ՝ սրտիս չափով» խորագրով: Կարծում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն այնտեղ կգտնի իրեն հոգեհարազատ նվազագույնը մեկ տող՝ դրանով իսկ մասնակիցը դառնալով այն ամենին, ինչ տեղի է ունենում բանաստեղծի աշխարհում, այդ աշխարհն զգալով եւ՛ նրա սրտի չափով, եւ՛ նրա խոհերի ու զգացմունքների միջոցով: Թույլ տվեք շնորհավորել Կորյուն Առաքելյանին հերթական բանաստեղծական ժողովածուի հրատարակման առիթով եւ մաղթել ստեղծագործական անսպառ եռանդ ու շարունակելի շնորհանդեսներ»: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաեւ արվեստագետներ, ովքեր, շնորհավորելով Կորյուն Առաքելյանին «Մի աշխարհ՝ սրտիս չափով» գրքի լույսընծայման կապակցությամբ, մաղթել են նրան ստեղծագործական անվերջանալի ճանապարհ: Ներկաները նշել են, որ թվով վեցերորդ ժողովածուի մեջ հեղինակը ներկայացրել է իր հույզերը, նվիրական կարոտը, հարազատ զգացումները, հոգեվիճակն ու ապրումները: Նրանք վստահեցրել են, որ Կորյուն Առաքելյանը կայացած բանաստեղծ է, ով գրական անդաստանում ունի իր ուրույն տեղը:

Նմանատիպ նյութեր