158313 դիտում
12:00 31-01-2015
ԱԺ պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը Գագիկ Ծառուկյանին իր 22 տարվա ունեցվածքը գնելու սենսացիոն առաջարկ է անում
Այն բանից հետո, երբ ԲՀԿ նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանն իր հարկի տակ ընդունեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառի առևտրականներին, վերջինս շախմատի լեզվով ասած՝ մատ քայլ է կատարել և էժանացրել է տաղավարների գները: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
[b]-Պարոն Աղաբաբյան, մինչև Ձեր և առևտրականների միջև առաջացած խնդրին անդրադառնալը՝ կցանկանայի խոսել «Շրջանառության հարկի մասին» օրենքից: Առևտրականները այն կասեցնելու պահանջով վերջին օրերին չեն դադարեցնում իրենց բողոքի ակցիաները: Որպես գործարար՝ ի՞նչ եք կարծում, արդարացվա՞ծ է առևտրականների պահանջը, թե՞ ոչ:[/b]
-Շրջանառության հարկը՝ որպես հարկատեսակ, արդարացված է, եթե մանր և միջին բիզնես ծավալողներին տան ապրանքի ծագման փաստաթղթեր: Այսինքն՝ երբ մեր սահմանը հատելով ապրանք են ներմուծում, մաքսակետում պետք է լինեն մեխանիզմներ, որ այդ ապրանքները արտոնագրվեն: Այլ կերպ ասած՝ ծագման փաստաղուղթ է պետք: Այսինքն՝ եթե առևտրականն ունի ՀԴՄ և համարանիշ, սահմանում ընդգծվում է, որ այսինչ համարի ՀԴՄ-ն այսքան ապրանք է ներմուծել, 10 հազար դոլարի, որի շրջանառության հարկը՝ 1 տոկոսը, 100 դոլար է: Այսինքն՝ այս ձևով, եթե մարդուն տալիս ենք փաստաթուղթ և շրջանառության հարկը վերցնում ենք այն փաստաթղթից, ինչը ներկայացնում է իր բերած ապրանքներն ամբողջությամբ, սա նորմալ հարկատեսակ է: Իսկ եթե մարդուն չենք տալիս ապրանքի ծագման փաստաթուղթ, պետք է տվյալ տեղում անպայման գույքագրում կատարենք և դրա հիման վրա շրջանառության հարկ պահենք, ինչը, իմ կարծիքով, հնարավոր չէ: Նախ՝ այդքան հարկային ծառայողներ չունենք, որ գան, ամբողջ տոնավաճառը միանգամից գույքագրեն: Հետո էլ, ասենք, առևտրականը ներմուծել է մի 1000 տեսակի գրենական պիտույք. ո՞նց են այդ ամենը գույքագրելու: Դրա արդյունքում հարկային տեսուչը դառնում է սուր: Այսինքն՝ ինչ ուզենան, ոնց ուզենան, ինչքան ակտ ուզենան, կարող են գրել: Դրա համար ես համարում եմ, որ շրջանառության հարկը հարկավոր է վերանայել:
[b]-Իսկ դրան այլընտրանք կա՞:[/b]
-Այո, այդպիսի մի հետաքրքիր օրենքի տեսակ կա, որը կոչվում է հաստատագրված: Դրա հիման վրա կարող ենք առևտրականներին լիցենզավորել՝ առևտուր անելու համար, և ասենք՝ այդ լիցենզիան 1 ամսվա համար արժե 100 դոլար: Իսկ տարվա համար, բնականաբար, 1200 դոլար: Իսկ եթե մենք ունենք 120 հազար մանր և միջին ձեռնարակատեր, բյուջեի գումարը դրա հաշվին կկազմի մինչև 70 միլիարդ դրամ: Այնինչ հիմա այդ բոլորը միասին մի 20 միլիարդի շրջանառության հարկ են տալիս: Իմ կարծիքով, այս տարբերակն ավելի լավ է:
[b]-Իսկ այդ ամենը բարձրաձայնելու հետևանքով Ձեր նկատամբ ճնշումներ գործադրվո՞ւմ են, թե՞ ոչ:[/b]
-Դեռ երկու տարի առաջ հարկային տեսչությունը մեզ մոտ ստուգումներ անցկացրեց և որևէ խախտում չհայտնաբերեց: Բայց հայտնաբերեցին մեկ այլ բան, որի հետ մենք համաձայն չէինք: Անգամ տեսչության քննչական մարմինները առևտրականներին հրավիրեցին իրենց մոտ՝ քննության: Մեզ վրա անհիմն բավականին լուրջ ակտեր գրեցին: Ակտերից մեկը, որը կազմում էր 15 միլիոն դրամ, լիցենզիա չունենալու համար էին գրել, բայց մենք ունեինք: Նմանատիպ շատ ակտեր էին կազմվել, որի հետ մենք համաձայն չենք և բողոքարկելու ենք: Մեր տուգանքը հասել է մոտ 75 միլիոնի: Պահուստային սենյակում մարդիկ իրենց ապրանքն են տեղադրում, որտեղ ՀԴՄ կա դրված, որը ֆիքսում և համապատասխան կտրոն է տալիս, բայց իրենց քննության արդյունքնում այնպես էր ստացվել, թե ամեն ամիս յուրաքանչյուր առևտրական 10 հազար դրամ էր վճարել, ինչը հնարավոր չէր: Ստադիոնում չկա մի կետ, որտեղ գումար վճարեն և դրա համար կտրոն չստանան: Պահակային ծառայության և մեքենաների չխցանման հետ կապված ևս չհիմնավորված ակտ էին գրել: Այս ամենի արդյունքում մեզ մոտ ֆինանսկան խնդիրներ առաջացան: Երեք միլիոն դոլար էլ վարկ ունենք, որ վերցրել էինք ստադիոնի վերականգման համար և չէինք կարող այդ վարկը փակել նման ֆինանսական հնարավորություններով: Դրա համար մենք որոշեցինք գները բարձրացնել, ինչը համընկավ շրջանառության հարկի մասին բողոքի ցույցերի հետ, և մենք հայտնվեցինք վատ վիճակում: Այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ինքը կարող է անվճար տեղ հատկացնել: Մեր հաճախորդների մոտ քառասուն տոկոսն էլ գնաց նրանց մոտ: Մենք սխալ թույլ տվեցինք, բայց կարևորը սխալն ուղղելն է: Սխալ բոլորն էլ թույլ են տալիս, բայց երբ սխալը կարողանում ես ուղղել, դա ավելի մարդկային է և ճիշտ: Իսկ վիճակը շտկեցինք՝ բարձրացված գներն իջեցնելով և նախկին գները վերականգնելով: Եթե քառասուն դոլարից բարձրացրել էինք հիսունի, վարձավճարը նորից դարձրինք քառասուն դոլար, և դեռ ավելին՝ տարբեր տարածքներում չափագրումներ ենք արել, որի արդյունքում ևս գումարը նվազել է: Այնպես որ, կարծում եմ՝ առևտրականների հոսքը մեր տոնավաճառ կվերականգնվի, որովհետև մեր տոնավաճառը մյուսներից տարբերվում է նրանով, որ մեծածախ առևտուր կատարելիս կարելի է նաև մանրածախ վաճառք իրականացնել, ինչը լուրջ եկամտի աղբյուր է: Իմ կարծիքով, Աբովյանում մանրածախ առևտուր չի լինի, և բացի դրանից՝ այնտեղ շատ մարդ չի գնա: Կարծում եմ՝ մեր առևտրականերն էլ են դա հասկանում, և այժմ, երբ մենք մեր սխալն ուղղեցինք, նրանք կվերադառնան: Նայեք. այդ առևտրի կենտրոնը նոր է կառուցվում, և մինչև չունենան առևտրի կենտրոնի համապատասխան լիցենզիա, այն չի կարող գործել: Բայց համապատասխան լիցենզիա չունենալով՝ այն շարունակվում է կառուցվել, ինչը նշանակում է, որ ֆինանսների նախարարությունը նրանց լիցենզիայի երաշխիք է տվել: Ավելին՝ եթե լիցեզիան ունեցավ՝ պետք է հարկ տա: Բայց Ծառուկյանը առևտրականից տարածքի գումար չի վերցնում: Ի՞նչ է, նրանց տեղը ի՞նքն է հարկ տալու: Թո՛ղ տա: Բայց ընդհանուր առամբ, մեկ այլ կարևոր խնդիր կա. առևտրով զբաղվող այդ մարդիկ տուն են պահում, և ոչ միայն իրենց, այլև կողքից ևս մի քանիսը: Մենք սխալվեցինք և մեր սխալը ուղղեցինք, հիմա էլ թող պետությունն իր սխալը ուղղի: Եթե ես մեր առևտրակնների շահերը չպահպանեմ, մենք կքանդվենք: Իսկ տոնավաճառից եկող գումարները հազիվ ստադիոնի ծախսերին ու վարկերին են բավականացնում: Որոշ մարդկանց թվում է, թե ես կապ չունեմ այս հասարակության հետ, այս հասարկությունից չեմ: Պարզապես անհարմար է, որ մարդիկ, ճշմարտությունը խեղաթյուրելով, փորձում են շահ ման գալ: Ամոթ է՝ թե՛ իրենց, թե՛ հրահանգողների համար:
[b]-Շախմատի լեզվով ասած՝ տոնավաճառի գներն իջեցնելով՝ փորձել եք Գագիկ Ծառուկյանին մատ անել:[/b]
-Ես ոչ ոքի չեմ ցանկանում մատ անել: Պարզապես ուզում եմ մերը վերականգնել, որովհետև մենք և՛ լավ հարկատու ենք, և՛ մեծ վարկեր ունենք: Եթե բոլոր առևտրականները գնան Ծառուկյանի մոտ, ես մնամ այստեղ՝ ի՞նչ անեմ: Է, թող Ծառուկյանը գա, ստադիոնը տոնավաճառով առնի, ես էլ պրծնեմ, թողնեմ, գնամ:
[b]-Ճի՞շտ հասկացա, որ Գագիկ Ծառուկյանին «Հրազդան» ստադիոնը և տոնավաճառը գնելու առաջարկ եք անում:
[/b]
-Այո՛, յուրաքանչյուրին եմ առաջարկում: Ով լավ փող ունի, թող գա, գնի, ես էլ պրծնեմ և լուրջ գործունեությամբ` տեխնոլոգիաներով կզբաղվեմ:
[b]
-Եթե այս ամենը, ինչ Ձեզ հետ է կատարվում, իրականացվեր ընդդիմադիր մի գործչի հետ, կասեին, որ քաղաքական հետապնդում է, բայց Դուք իշխանության ներկայացուցիչ եք:Մնում է ենթադրել, որ Ձեր տարածքի վրա աչք ունեցողներ կան, այդպե՞ս է:[/b]
-Մինչև այս պահն անձամբ ես տարածքը վաճառելու ոչ մի առաջարկ չեմ ստացել: Բայց եթե ցանկանան գնել, անպայման կվաճառեմ, որ ազատվեմ այս իրավիճակից: Այս ստադիոնը ով էլ գնի, ինքն է կրակն ընկնելու: Այսօր ես կրակից դուրս կգամ, գնորդը կմնա կրակի մեջ, որովհետև եթե այս տոնավաճառը չլինի, այս մեծ կառույցը չի կարող սպասարկվել: Երեք հարյուրից ավելի մարդ է աշխատում այստեղ, ընդհանուր առմամբ: Իսկ եթե վարձակալ առևտրականներն այսպես հեռանան, առևտուր չլինի, ծախսերը կրճատելու և վարկ չտալու արդյունքում ես ենթարկվելու եմ բանկրոտի: Հարկերս կարողանում եմ տալ, բայց վարկերը՝ ոչ: Բանկում վարկանիշս կընկնի: Այնինչ, ես իմ վարկային կենսագրության մեջ երբեք պարտք չեմ մնացել: Մի խոսքով, կործանման ճանապարհն է, որովհետև ես չգիտեմ՝ հետագայում նման վարկային կենսագրությամբ կկարողանա՞մ բանկերի հետ աշխատել, թե՞ ոչ: Եթե Ծառուկյանը կամ իր թևի տակ ձմերուկ դնողները շատ են ուզում, որ ես ենթարկվեմ բանկրոտի, է, կենթարկվեմ, ի՞նչ է եղել: Բայց երբեք չեմ բողոքի: Իմ ասածները բողոք չեն, ճշմարտություն են, որը հարկավոր է պահել կյանքի գնով: Եթե Հայաստանում ճշմարտությունը վերացավ, ամեն ինչ կվերանա:
[b]
-Աստված չանի, եթե ենթարկվեք բանկրոտի, ո՞ւմ խղճին է այդ ամենը ծանրանալու:[/b]
-Բնականաբար, իմ սխալն էլ կա, որ գները փորձեցի բարձրացնել, բայց ես ուղղեցի սխալս: Ինձանից բացի՝ ոչ ոք իր խղճին սխալը չի ընդունի, որովհետև բիզնեսը անողոք է: Մարդկայինով առաջնորդվողները շատ հարուստ չեն լինում: Դրա համար մարդկային արժեքներդ պետք է մի կողմ դնես: Ով կարողանում է, նա էլ հարստանում է: Իմ պետությունն ինձ իմ քայլերի համար յոթ անգամ պարգևատրել է: Խնդրեմ` պատերազամի մասնակից, վարչապետի մեդալ, Վազգեն Սարգսյան, Նժդեհ, Անդրանիկ, երկու հատ քսանամյակ, ռուսական զորք, սահմանապահներ: Էլ չեմ խոսում հասարակական կազմակերպությունների մասին: Դա անտեղի չի լինում: Պետք է քրտինք թափած լինես՝ այդ ամենի համար: Քո ունեցածը պետության վրա պետք է ծախսած լինես: Բայց այդ ամենով հանդերձ, այսօր որոշ լրատվամիջոցների նորելուկ լրագրողների փողով պատվիրում են իմ դեմ հոդվածներ գրել: Ես պատմություն ունեմ: Այս պատմության մեջ օգտագործվողն է տուժելու: Ասում ենք՝ լռենք, որ պատերազմով ենք անցել, բայց գլուխները գովում են այն մարդիկ, ովքեր պատերազմին ընդհանրապես չեն մասնակցել: Մարդ կա՝ չոփը գերան է սարքում, մարդ էլ կա՝ գերանի վրա նստած, լռում է:
[b]-22 տարի է, ինչ ղեկավարում եք «Հրազդան» ստադիոնը: Ինչպե՞ս, ի՞նչ դժվարություններով ոտքի կանգնեցրիք: Հիշում եմ՝ մի անգամ պատմեցիք, որ երբ եկել եք այստեղ, սպառողները գումար են վճարել տոնավաճառ մտնելու համար, սակայն բազմաթիվ օղակների և գողերի դեմ կռիվ տալով՝ այդ չգրված օրենքը հանել եք:[/b]
-Ես որ եկա, այստեղ երեսուն աշխատող կար: Կադրերի աշխատակցին կանչեցի և մոտ հարյուր իննսուն կրճատված աշխատողների, ովքեր ստադիոնի ուղնուծուծը գիտեին, հետ բերեցի: Տոնավաճառն այն ժամանակ մի քանի հոգու ձեռքում էր: Գողությունը, ջեբկիրությունը կանգնեցի, և տոնավաճառը սկսեց մեծանալ: Ձեր ասած մուտքի գումարն էլ վերացրի: Ինչքան տոնավաճառը սկսեց մեծանալ, այնքան աշխատատեղեր բացվեցին: Այսինքն՝ մի մեծ օրգանիզմ ստեղծեցինք, որի անդամները լավից-վատից կարողանում են ապրել: Ավելին, կան մարդիկ, ովքեր մտածում են, թե ես այստեղ միլիոններ եմ աշխատում և տանում տուն. նման բան չկա, ես վարկ եմ փակում և փորձում եմ ժողովրդին լավ նայել:
[b]-Հիմա ի՞նչն է խանգարում, որ կարողանաք այդ ամենը վերականգնել:[/b]
-Կարճ ասեմ. Հայաստանում գտեք առևտրի հետ առնչվող մեկին, ով չասի՝ մեզ խանգարում է հարկայինը:
[b]-Իշխանության ներկայացուցիչ եք: Հարցը չե՞ք բարձրացրել իշխանական օղակներում:[/b]
-Ինչո՞ւ, իրենք չգիտե՞ն, ես ի՞նչ բարձրացնեմ: Մեծ ներկրողների տեղը ո՞վ չգիտի:
[b]-Ստադիոնն ու տոնավաճառը վաճառելուց բացի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու էլ ի՞նչ տարբերակ եք տեսնում:[/b]
-Աստված տա, բոլորի գործերը թող կարգավորվեն, լավանան: Մերն էլ՝ ոնց կստացվի. որը ճիշտն է, թող այնպես լինի:
ԶՐՈՒՑԵՑ [b]ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ
[/b]
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
769 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
871 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
625 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին