211652_close_icon
views-count7193 դիտում article-date 18:05 29-01-2015

5 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Պետրոսյանը ապրիլին տանը կլինի

Շուտով ենթադրվում է, որ համաներման ակտ կլինի եւ նախորդ համաներման ակտից ելնելով՝ այն կտարածվի նաեւ Վարդան Պետրոսյանի պատժաչափի վրա: Այս մասին այսօր` հունվարի 29-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: «Նախորդ տարվա համաներման ակտից ելնելով՝ հինգ տարվա ազտազրկման դատապարտելու դեպքում` անզգույշ հանցագործությունների պայմաններում համաներման ակտը կտարածվի նաեւ Վարդան Պետրոսյանի գործի վրա: Եվ, եթե տուժող կողմը որոշի բողոքարկել այս վճիռը, վերաքննիչ դատարանին ոչինչ չի մնա, քան դատարանի դահլիճից Վարդան Պետրոսյանին ազատ արձակել: Այսինքն՝ ապրիլին Վարդան Պետրոսյանը բոլոր դեպքերում ազատության մեջ կհայտնվի»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: Մինչեւ այդ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարվեց դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատավճիռը։ Դատարանը նրան դատապարտեց 5 տարվա ազատազրկման: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2013 թվականի հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Նմանատիպ նյութեր