3351 դիտում
11:15 28-01-2015
Սեյրան Օհանյանի անդրադարձը՝ բարձրաստիճան պաշտոնյաների որդիների՝ բանակ զորակոչվելու խնդրին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ասուլիսի ժամանակ ամփոփել է 2014-ի կատարած աշխատանքները: Խոսելով 2014թ. նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի գործով սկսված ծառայողական քննության մասին՝ նախարարն ասել է, որ խոցված ուղղաթիռի հետ կապված անցկացվել է ծառայողական քննություն, համապատասխան մարդիկ տույժեր են ստացել, պաշտոններից են ազատվել: Այստեղ չափից ավելի մեղքը ոչ թե ուղղաթիռի անձնակազմինն է, որոնք ուսումնավարժական պլանային թռիչք են կատարել փոքր շեղումով, այլ հակառակորդինը, որը խոցել է այն: Նախարարի հավաստիացմամբ՝ հայկական զինուժում այդ առումով եղել են պաշտոնանկություններ:
Այն հարցին, թե արդյո՞ք չի հասունացել ժամանակը պաշտոնապես դիմելու ՀԱՊԿ-ին` ադրբեջանական ագրեսիայից պաշտպանվելու համար, Սեյրան Օհանյանը պատասխանել է, որ ձևավորվել է համապատասխան աշխատանքային ալգորիթմ, և դրա շրջանակներում նախ` ՀԱՊԿ-ին դիմելու հարցը պետք է քննարկվի Կառավարությունում, այնուհետև` անվտանգության խորհրդում, որը պետք է խորհուրդ տա պաշտպանության նախարարությանը` դիմե՞լ թե՞ չդիմել ՀԱՊԿ-ին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասուլիսի վերջում թերթի հետ առանձին զրույցում անդրադարձել է նաև բարձրաստիճան պաշտոնյաների որդիների բանակ զորակոչվելու խնդրին:
Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.
-Պարո՛ն նախարար, հաճախ են խոսում բանակի բարոյահոգեբանական վիճակի փոփոխության անհրաժեշտության մասին: Այս իրավիճակում անհրաժեշտ չե՞ք համարում սկսել մի գործընթաց, որպեսզի մոտ 50 հազար բարձրաստիճան պաշտոնյաների զավակները մի կողմ դնեն այս կամ այն պատճառով ձևակերպված տարկետումները և զորակոչվեն բանակ:
-Նախկինում տրված տարկետումները փոխելու համար պետք է իրավական գնահատականներ տրվեն: Այսօր գտնում եմ, որ նորից անդրադառնալ 20-25 տարիների գործունեությանը՝ իմ գործը չէ: Ես այսօր եմ ապահովում բանակի բարոյահոգեբանական ոգին, մարտական ոգին և գտնում եմ, որ քիչ արդյունքների չենք հասել:
-Պարո՛ն նախարար, կարո՞ղ եք տալ մի բարձրաստիճան պաշտոնյայի անուն, որի որդին այսօր սահման է պահում: Ձեր որդու մասին չէ խոսքը. նա և մի շարք բարձրաստիճան զինվորականների զավակներ ծառայում են բանակում: Կարող եք ասել մի պատգամավորի, նախարարի, փոխնախարարի, մարզպետի որդու անուն, որն այսօր ՀՀ սահմանին է և պաշտպանում է մեր հայրենիքը:
-Հիմա կոնկրետ անուններ չեմ ուզում տալ, բայց վերջին տարիներին մեր որդեգրած քաղաքականության շնորհիվ, ըստ զորամասերի, հավասարաչափ բաշխում է գնում վիճակահանության շնորհիվ:
-Անուններ չեք տալիս, բայց չեք կարծում, որ պետք է սկսել մի գործընթաց, որպեսզի պատգամավորների, նախարարների, փոխնախարարների որդիները նույնպես գնան անապահով ընտանիքի ներկայացուցիչների հետ սահման պահեն:
-Գիտեք՝ ես բանակից կարող եմ ասել, որ գլխավոր շտաբի պետի որդիները ծառայում են առաջին գծում, փոխնախարար Միրզաբեկյանի որդին ծառայում է, իմ որդիները ծառայում են:
-Դա բոլորին է հայտնի, խոսքը պատգամավորների, նախարարների որդիների՝ սահմանը պահելու մասին է:
-Ներկա պահին չեմ հիշում, չգիտեմ:
-Պարո՛ն Օհանյան, 2015թ. հունվարի 1-ից սկսած սահմանին իրավիճակը լարված է: Դուք հայտարարեցիք, որ 7 զոհ ենք ունեցել: Այս օրերին հայ գործարարներց ինչ աջակցություն է ստացել ՊՆ-ն՝ դրամի, տեխնիկայի կամ այլ առաջարկի տեսքով:
-Այսօր բանակն ինքն ի վիճակի է պետական ռեսուրսների հաշվին իրականացնել իր առջև դրված խնդիրները: Բայց շատ գործարարներ են եղել, որոնք աջակցել են զոհված ազատամարտիկների, զոհված զինվորների ընտանիքի անդամներին, ինչպես նաև՝ զինծառայողներին իրենց գործունեության համար:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1610 դիտում
16:45 16-10-2021
Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին չմասնակցելը ձեռնտու է Ադրբեջանին. Օհանյանի փաստաբան
Այս բաժնից
1045 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1267 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»