Վայոց ձորի մարզպետն այցելել է համայնքներ. լուսանկարներ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն օրերս աշխատանքային այցելություն է կատարել Թառաթումբ և Շատին համայնքներ, որտեղ հանդիպումներ են կայացել համայնքի բնակիչների, ավագանու անդամների, դպրոցի ուսուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում է Վայոց ձորի մարզպետարանի լրատվական ծառայությունը, Հարություն Սարգսյանը ծանոթացել է համայքներում տիրող իրավիճակին և առկա խնդիրներին, կրթական հաստատություններում խոսել է աշակերտների ուսումնառության արդյունավետ կազմակերպման և կրթության որակի բարձրացման հարցերի շուրջ:
Մարզպետը Թառաթումբ համայնքում հանդիպել է համայնքային բուժկետի, իսկ Շատինում՝ Առողջության կենտրոնի աշխատակիցների հետ: Թառաթումբի բուժկետում հետաքրքրվել է համայնքի բնակիչներին առաջին բուժօգնություն իրականացնելու հանրավորությունների առկայությամբ և բուժկետում առկա սանիտարական վիճակով, իսկ Շատինի Առողջության կենտրոնում՝ տեղեկացել նաև տարածաշրջանի գյուղերի սպասարկման գործընթացի կազմակերպման աշխատանքներին և այցելությունների գրաֆիկին: