Գյումրիի ողբերգությունը փորձում են քաղաքականացնել. Ս. Լավրով
Անթույլատրելի են հայկական Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը քաղաքականացնելու փորձերը, այսօր մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք իրավիճակը քաղաքականացնելու փորձեր ենք տեսնում, սակայն ոչ Հայաստանի և ոչ էլ Ռուսաստանի իշխանությունների կողմից: Քիչ չեն նրանք, ովքեր ցանկանում են ողբերգությունն օգտագործել աշխարհաքաղաքական որոշակի առավելություններ ստանալու նպատակով: Դա զզվելի է, անթույլատրելի, անընդունելի՝ հպարտ հայ ժողովրդի համար»,-ասել է նա:
Լավրովը հավելել է, որ ռուսական իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի հանցագործությունն անպատիժ չմնա և ոճրագործը ստանա ամենախիստ պատիժը:
«Անելու ենք ամեն ինչ, որպեսզի հետագայում նման բան չկրկնվի»,-ասել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը և հավելել, որ այս ամենից հայ-ռուսական հարաբերությունները չեն տուժի: