Մագիստրոսները երդվում են պահպանել փրկարարի պատիվը
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում տոնական տրամադրություն էր: Նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մագիստրատուրայի շրջանավարտները ստացան ավարտական դիպլոմներ:
Այդ առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ու շրջանավարտներին շնորհավորեց ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը.
- Մենք, իհարկե, երկար ենք հիշելու այս օրը, սակայն դժվարությունները դեռ առջևում են: Գիտեք, որ իմ հրամանով` ակադեմիայի լավագույն շրջանավարտներն աշխատանքի են անցնում նախարարության համակարգում: Իսկ հիմա մենք պատասխանատու ենք ոչ միայն արտակարգ իրավիճակների, այլև` տարածքային կառավարման համար: Այնպես, որ մենք պիտի միասին շատ աշխատենք ու քայլենք առաջ: Շնորհավորում եմ ձեզ ոչ միայն ակադեմիան ավարտելու, այլև` գալիք Ամանորի կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն ու երջանիկ կյանք:
Այս տարի ՃԿՊԱ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի մագիստրական ծրագիրն ունի 21 շրջանավարտ, որոնցից 5-ը ԲՈՒՀ-ն ավարտել են գերազանցությամբ: Կարմիր դիպլոմները շրջանավարտներին հանձնեց ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը, մյուսներին` նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը: Վերջինս միանալով նախարարի շնորհավորանքներին` հավելեց, որ այս դիպլոմը կյանքում հետագա քայլերն անելու երաշխիքներից է:
Նորաթուխ մագիստրոսները, ստանալով ճգնաժամային կառավարման մասնագետի բարձր կոչումը, բոլորի ներկայությամբ երդվեցին`
- բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել մասնագիտական պարտականությունները.
- անշահախնդրորեն կազմակերպել տուժածների փրկման աշխատանքները` անկախ ազգությունից, քաղաքական հայացքներից ու կրոնական դավանանքից.
- հնարավոր ամեն ինչ անել աղետների կանխման ու կանխարգելման համար.
- ամբողջ ուժով օժանդակել ՀՀ ՏԿԱԻՆ համակարգի զարգացմանը.
- պահպանել փրկարարի մասնագիտական ավանդույթները, բարոյական նկարագիրը և բարձր պատիվը:
ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գնդապետ Համլետ Մաթևոսյանն իր սիրելի շրջանավարտներին մաղթեց կապույտ երկինք, կանաչ ճանապարհ և երջանկություն:
Նախարարությունում կազմակերպված համերգի ընթացքում իրենց երաժշտական կատարումներով ՃԿՊԱ ուսանողներին ողջունեցին հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիներ` Ռուզան Ավետիքյանը, Լեյլա Սարիբեկյանը, Գոհար Ջավուկցյանը, Գևորգ Պողոսյանը և Նարինե Մկրտումյանը: Ելույթ ունեցան նաև «Միլեն» շոու-բալետը և «Ամբասադոր» նվագախումբը: