Օջախը լոկալիզացված է. Արմեն Մուրադյանը՝ Եղվարդի մանկապարտեզում արձանագրված թունավորման դեպքի մասին
                        ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Եղվարդի մանակապարտեզում նոյեմբերի 28-ին արձանագրված [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/28/35073/]թունավորման դեպքին[/url]:
«2014 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Եղվարդի մանկապարտեզի 9 սան աղիքային գանգատներով հոսպիտալացվել են Եղվարդի բժշկական կենտրոն: Դեպքերի հետագա տարածումը կանխելու նպատակով, վարչապետի հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարը և համապատասխան մասնագետներն անմիջապես  մեկնել են Եղվարդի բժշկական կենտրոն և  ձեռնարկվել են մի շարք բուժական, կանխարգելիչ, բուժական,  հակահամաճարակային միջոցառումներ»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Մասնավորապես`  հիվանդների բուժման գործընթացը լիարժեք և արդյունավետ իրականացնելու համար դրանում ընդգրկվել են Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագետները: Եղվարդի բժշկական կենտրոնին տրամադրվել է դեղեր, անհրաժեշտ պարագաներ, ցուցաբերվել է նեղ մասնագիտական բժշկական օգնություն, ապահովվել է արագ արձագանքումը:  Հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով նոյեմբերի 28-ի երեկոյան կազմվել է չորս մասնագիտական խումբ, մինչև ուշ գիշեր իրականացվել են բակային համայցեր մանկապարտեզի բոլոր սաների շրջանում: Երեխաների առողջական վիճակի և հակահամաճարակային աշխատանքների մասին պարբերաբար զեկուցվել է վարչապետին։
«Առողջապահական բոլոր օղակների օպերատիվ աշխատանքի արդյունքում հաջողվել է ապահովել երեխաների ապաքինման դրական շարժընթացը»,- ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը:
Ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 86 հիվանդ, որից 64-ը՝ Եղվարդի բժշկական կենտրոն, 21-ը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդնոց, 1-ը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեկտեմբերի 4-ի  դրությամբ առկա է 8 հիվանդ, որից  5-ը հոսպիտալացված են Եղվարդի բժշկական կենտրոն, 3-ը` Նորք ինֆեկցիոն հիվանդանոց: 36 հիվանդ այսօր ստանում է ամբուլատոր բուժում: Միաժամանակ պետք է նշել, որ Եղվարդի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Եղվարդի մանկապարտեզի փոխտնօրենը, 2 դայակ, 1 դաստիարակ և հիվանդ երեխաներից մեկի մայրը (դեռևս հոսպիտալացված է): Հոսպիտալացված հիվանդներն ունեն առողջացման դրական շարժընթաց: Երկու երեխա և չորս երեխա մեկ մեծահասակ:  Հաջողվել է լոկալիզացնել օջախը:
Նախարարը հայտնեց, որ կազմակերպվել է բոլոր հիվանդների կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտությունները: Արդյունքում հաստատվել է շիգելլոզ՝ դիզենտերիա հիվանդությունը, որը հաճախ կարող է պատահող կենցաղային պայմաններում: Պատասխանելով լրագրողների հարցին` նախարարը պարզաբանեց, որ դիզենտերիան բժշկության մեջ հայտնի է նաև որպես  «կեղտոտ ձեռքերի» հիվանդություն, որը հիմնականում հանդիպում է կենցաղային պայմաններում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Վարակի աղբյուրի բացահայտման նպատակով` համատեղ աշխատանքներ են իրականացվում պատկան մարմինների հետ, որոնք զուգորդվում են լաբորատոր հետազոտություններով: Արմեն Մուրադյանը հավաստիացրեց, որ   իրավիճակը վերահսկելի է, աշխատանքները շարունակվում են: Երեխաները գտնվում են մասնագետների հսկողության ներքո:  Մամուլի ասուլիսի ընթացքում նախարարը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին բժշկական ապահովագրությանը, դեղերի ոլորտին, մարզային հիվանդանոցաշինությանը և այլ թեմաների:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

