211652_close_icon
views-count1569 դիտում article-date 13:20 04-12-2014

Արթուր Աբրահամը՝ Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ: Գերմանական "BoxSport" ամսագրի ժյուրիի եւ ընթերցողների միջեւ անցկացված քվեարկության արդյունքում Արթուրը հավաքել է 1053 ձայն՝ առաջ անցնելով Վլադիմիր Կլիչկոյից (775 ձայն) եւ Յոհան Պաբլո Էրնանդեսից (763 ձայն): Մեր հայրենակիցն այս անվանակարգում հաղթում է արդեն 6-րդ անգամ: Արթուր Աբրահամի մարզիչը՝ Ուլլի Վեգները, եւս հաղթող է ճանաչվել "Տարվա լավագույն մարզիչ" անվանակարգում. նա այս անվանակարգում հաղթում է արդեն 12-րդ անգամ: Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում` Ներքին Չարբախում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2003 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Դեռ վաղ մանկությունից աչքի է ընկել սպորտի հանդեպ մեծ սիրով: Մանկության տարիներին ՀՀ-ում զբաղվել է հեծանվասպորտով` դառնալով այս մարզաձևի Հայաստանի պատանիների բազմակի չեմպիոն: 2003 թվականից հանդես է գալիս գերմանական "Զաուերլանդ իվենթ" փրոմոութերական կազմակերպության ներքո, մարզիչն է անվանի Ուլլի Վեգները, մենեջերը` Վիլֆրիդը Զաուերլանդը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 45 մենամարտ, որոնցից 41-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 5 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012) "BoxSport" ամսագրի ժյուրիի եւ ընթերցողների միջեւ անցկացված քվեարկության արդյունքում Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի "Անդրանիկ Օզանյան" շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար): 2013 թվականի հունվարի 9-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արթուր Աբրահամին պարգեւատրել Սփյուռքի նախարարության "Պողոս Նուբար" մեդալով: 2014 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Արթուր Աբրահամին հանձնել է շնորհակալագիր` միջազգային հարթակներում Հայաստանի և հայկական սպորտի պատիվը բարձր պահելու, փայլուն հաղթանակների ու Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը մեծապես աջակցելու համար:

Նմանատիպ նյութեր