211652_close_icon
views-count1816 դիտում article-date 10:42 02-12-2014

Կապանի քաղաքապետին հիմնականում դիմում են աշխատանքի տեղավորման հարցով

Դեկտեմբերի 1-ին քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի մոտ կազմակերպված քաղաքացիների ընդունելությանը մասնակցեց նախապես հերթագրված 55 քաղաքացիներից 41-ը: Սա ընթացիկ տարվա չորրորդ՝ վերջին ընդունելությունն էր, սակայն քաղաքապետը իր աշխատանքային յուրաքանչյուր օր ընդունում է այն քաղաքացիներին, ովքեր ունենում են անհետաձգելի լուծում պահանջող խնդիրներ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, ինչպես նախորդ ընդունելությունների ժամանակ, քաղաքապետին դիմեց աշխատանքի տեղավորման եւ դրամական օգնության խնդրանքով: Քաղաքապետը աշխատանք փնտրողներին, ովքեր մեծամասամբ երիտասարդ կանայք էին, առաջարկեց աշխատանք՝ Կապանի զբաղվածության կենտրոնի կողմից ներկայացված մոտ 120 թափուր հաստիքներից: Դրամական օգնության համար մարդիկ հիմնականում դիմում էին բուժման նպատակով: Ընդունելությանը մասնակցածներից ոմանք էլ քաղաքապետին դիմել են ապամոնտաժված տաղավարների, շենքի տանիքի նորոգման, գույքահարկի եւ այլ անձնական խնդիրներով: Մեկ քաղաքացի էլ ներկայացել էր ոչ թե անձնական հարցով, այլ իր գոհունակությունը հայտնելով քաղաքապետարանի աշխատանքներից, առաջարկում էր քաղաքի զբոսայգիներում տեղադրել նշանավոր հայերի կիսանդրիները՝ մտահոգված լինելով մատաղ սրնդի դաստիարակությամբ: Ընդունելությանը բարձրացված խնդիրները քաղաքապետի կողմից տեղում հնարավորինս լուծում ստացան: Որոշ հարցերի առնչությամբ էլ, քաղաքապետը քաղաքապետարանի համապատասխան բաժիններին հանձնարարեց՝ մանրամասն ուսումնասիրել խնդիրը՝ դրանց հետագայում լուծում տալու համար:

Նմանատիպ նյութեր