211652_close_icon
views-count1161 դիտում article-date 16:59 29-11-2014

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ, որում ասված է. << Ոստիկանության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Այս տարի առաջին անգամ Ոստիկանության ծառայողի օրն Արցախում նշվում է նոյեմբերի 30-ին: Սա հիշարժան օր է, քանի որ համակարգի գործունեության արդյունքում է ապահովվում մեր քաղաքացիների իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի, հասարակության ու պետության շահերի պաշտպանությունը, պահպանվում հասարակական կարգը, իրականացվում պայքարը հանցավորության եւ իրավախախտումների դեմ: Ոստիկանության յուրաքանչյուր աշխատակից պետք է խոր գիտակցությամբ եւ ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի իր մասնագիտական պարտականությունների կատարմանը: Ձեր աշխատանքն անմիջական ազդեցություն է ունենում մեր ժողովրդի բարեկեցության եւ ժողովրդավարության ուղին բռնած մեր անկախ պետության վարկանիշի վրա, ինչն էլ պահանջում է բարձր արհեստավարժություն, մարդկային ու բարոյական որակներ, հայրենասիրություն ու անձնվիրություն: Վստահ եմ, որ Արցախի ոստիկանությունն ունի անհրաժեշտ ներուժ իր առջեւ դրված խնդիրները հաջողությամբ լուծելու համար եւ այսուհետ էլ կանի հնարավորը աշխատանքների արդյունավետության հետեւողական բարձրացման ուղղությամբ: Իշխանություններն իրենց հերթին կշարունակեն ըստ ամենայնի աջակցել գերատեսչության ծառայողների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավմանը: Թանկագին բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք ձեզ եւ ձեր ընտանիքներին>>:

Նմանատիպ նյութեր