211652_close_icon
views-count1121 դիտում article-date 16:26 17-11-2014

Քննարկվել է Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին նվիրված՝ Երևանում անցկացվելիք միջոցառումների ցանկը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախագահությամբ կայացել է Երևան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովի կազմում ներգրավված են Երևանի քաղաքապետի տեղակալները, խորհրդականները, Երևանի վարչական շրջանների ղեկավարները, ավագանու անդամներ, վարչությունների պետեր, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանների տնօրեններ։ Նիստի օրակարգում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Երևան քաղաքում նախատեսվող միջոցառումների ցանկի քննարկումը, հանձնաժողովին կից աշխատանքային խումբ ստեղծելն ու կազմակերպչական այլ հարցեր։ «Ներկայացված ծրագիրը ենթակա է համալրման, և այն ամբողջացնելու, վերջնական տեսքի բերելու համար պարբերաբար հրավիրելու ենք նիստեր՝ լսելու հանձնաժողովի անդամների առաջարկությունները։ Ակնկալում եմ ճանաչողական բնույթի միջոցառումներով հագեցած ընդգրկուն ծրագիր։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Երևանի քույր և գործընկեր մի շարք քաղաքներում հուշաքարեր, խաչքարեր արդեն տեղադրվել են, նաև դեռ պետք է տեղադրվեն ու պետք է կազմակերպվեն ցուցադրություններ։ Բացի այդ, Երևանը բազմաթիվ հյուրեր է ընդունելու տարբեր պետություններից և պետք է հավուր պատշաճի պատրաստ լինենք»,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և, որպես ՀՀ նախագահի գլխավորությամբ գործող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ, կոչ արել ակտիվ մասնակցություն ունենալ նաև պետական հանձնաժողովի ծրագրերին և նախաձեռնություններին: Նիստում հաստատվել է նաև հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կազմը, քննարկվել են կազմակերպչական այլ հարցեր։ Տարոն Մարգարյանն առաջարկել է ծրագրում փոփոխություններն ու լրացուցիչ առաջարկները մեկամսյա ժամկետում ներկայացնել աշխատանքային խմբին:

Նմանատիպ նյութեր