211652_close_icon
views-count1156 դիտում article-date 10:37 28-10-2014

Երևանի պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիի օրվան նվիրված միջոցառումներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հրավերով հոկտեմբերի 24-ից 27-ն այցելել է Վրաստանի մայրաքաղաք և մասնակցել քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին՝ «Թբիլիսոբային»: Պատվիրակության կազմում են եղել աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, արտաքին կապերի վարչության արտաքին հարաբերությունների բաժնի պետ Հարություն Հակոբյանը: Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հետ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով քաղաքի օրվա կապակցությամբ և փոխանցելով քաղաքին ու բնակիչներին ուղղված բարեմաղթանքները՝ Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար: Կարևորելով երկկողմ բարեկամական կապերը գործակցային դաշտում ընդլայնելու և զարգացնելու անհրաժեշտությունը՝ քաղաքապետի տեղակալը մեկ անգամ ևս վերահաստատել է Երևանի քաղաքապետի դիրքորոշումն ու պատրասատակամությունն այս հարցում: Դավիթ Նարմանիան իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և իր շնորհակալությունն է փոխանցել Տարոն Մարգարյանին բարեմաղթանքների համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև «Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցության մասին» համաձայնագրի վերակնքման հարցը, ինչպես նաև անդրադարձել Երևանի պուրակում հայ-վրացական բարեկամության խաչքարի տեղադրման հարցին: Թբիլիսիի օրվան նվիրված միջոցառումների մասնակցելու նպատակով Վրաստանի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում երևանյան պատվիրակությունը Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցել է Սուրբ պատարագի, այնուհետ այցելել եկեղեցուն կից գործող կրթամշակութային կենտրոն, ծանոթացել ստեղծված պայմաններին և հետաքրքրվել երեխաների առօրյայի կազմակերպմամբ: Պատվիրակությունն այցելել է նաև Խոջիվանքի պանթեոն, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել այնտեղ հանգչող հայ մեծերի հիշատակին:

Նմանատիպ նյութեր