Վիեննայում մեկնարկել է Իրանի միջուկային հարցով հերթական հանդիպումը
Վիեննայում այսօր սկսվել է Իրանի, Եվրամիության և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև Թեհրանի միջուկային հարցով խորհրդակցությունը, հաղորդում է Ria Novosti-ն:
Այն նպատակ ունի ակտիվացնել Թեհրանի և «վեցյակի» միջև մինչև այս տարվա նոյեմբերի 24-ը ներկայացվելիք համապարփակ համաձայնագրի վերջնական տարբերակի նախապատրաստումը:
Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցում են ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բյորնսը, տեղակալ Ուենդի Շերմանը և ավագ խորհրդական Ջեյք Սալլիվանը: ԵՄ-ի պատվիրակությունը ներկայացնում է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիդտը:
Հենց այդ հանդիպմանը, ինչպես և սպասվում է, կողմերը պետք է հասնեն առաջընթացի առանցքային հարցերում: Բանակցությունների 8-րդ փուլի անցկացման օրը կարող է հայտարարվել այսօր երեկոյան: