211652_close_icon
views-count1158 դիտում article-date 16:02 13-10-2014

Մայր Աթոռում կատարվեց Խաղաղության աղոթք՝ Մերձավոր Արևելքի համար

Հոկտեմբերի 12-ին Մայր Աթոռի Միածնաէջ Սուրբ Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը: Ս. Պատարագի ընթացքում հանդիսապետությամբ Քույր Եկեղեցիների գահակալների կատարվեց աղոթք Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար: Մինչ խաղաղության աղոթքը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը Մայր Տաճարում աղոթակից ժողովրդին ներկայացրեց Վեհափառ Հայրապետի հրավերով եղբայրական այցով Հայաստան ժամանած Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդին, այնուհետև բարձրանալով Ս. Խորան` Հայաստանյայց Առաքելական և Ասորի Ուղղափառ Եկեղեցիների հովվապետերը ողջունեցին միմյանց և իրենց հայրական պատգամն ու օրհնությունը փոխանցեցին հավատացյալներին: Իր ողջույնի խոսքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը մասնավորապես ասաց. «Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, հոգևոր անհուն ուրախություն է Մեզ համար Ձերդ Սրբության, հավատացյալ մեր ժողովրդի և Հայաստանում հավատարմագրված դիվանագետների ու սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ այս սրբազան արարողության ընթացքում աղոթք վերառաքել առ Բարձրյալն Աստված` հանուն աշխարհում և մասնավորաբար Մերձավոր Արևելքում խաղաղության, ժողովուրդների բարօր համակեցության ու համերաշխության: Այս օրերին մեր Սուրբ Եկեղեցին և մեր ժողովուրդը վայելում են Ձեր օրհնաբեր ներկայությունը, աղոթքն ու զորակցությունը՝ փոխադարձաբար մատուցելով մեր և մեր ժողովրդի սերն ու ջերմ զգացումները Ձեզ և Ձեր անձի միջոցով` Ասորի մեր Քույր Եկեղեցու և ասորի ժողովրդի հանդեպ: Ջերմության, եղբայրական սիրո այս դրսևորումներն, արդարև, ունեն պատմական արմատներ, արտահայտությունն են մեր երկու Եկեղեցիների դարավոր հարաբերությունների, որոնք էլ ավելի են ամրապնդում մեր վկայությունն ու բարեկամությունը: Մենք արժևորում ենք սերտ կապերը Ասորի Ուղղափառ Քույր Եկեղեցու հետ, որի պատմության դարավոր էջերը լեցուն են հանուն Քրիստոսի նահատակության պսակն ընդունած սրբերի հիշատակություններով: Մեր երկու ժողովուրդների համար պաշտելի են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը և Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետը, որոնց բարեխոսությունն անդադար հայցում են հավատացյալ մեր զավակները: Բազում են այսպիսի վկայությունները, որոնք առնչվում են ոչ միայն մեր Եկեղեցիների պատմությանը, այլ նաև աստվածաբանությանը, հայրախոսական և սրբախոսական գրականությանը: Հավատակից մեր Եկեղեցիների ու ժողովուրդների հարաբերությունները սկիզբ են առել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Նրանք ոչ թե փոքրամասնություն են այս տարածաշրջանում, այլ Մերձավոր Արևելքի հասարակությունների անբաժան և անքակտելի մասն են կազմում: Ցավով ենք անդրադառնում ներկայիս Սիրիայում, Իրաքում և առհասարակ Մերձավոր Արևելքում տիրող տագնապալից իրավիճակին: Դժբախտաբար ականատես ենք պատերազմական վայրագությունների, որոնց զոհ են դառնում անմեղ մարդիկ` տարեց ու մանուկ, կանայք և ծերեր: Ոչնչացվում են սրբատեղիներ և իրենց հարազատ օջախներից տեղահանվում ու բռնի դավանափոխ են արվում քրիստոնյաները: Շեն ու բարգավաճ քաղաքները վերածվել են ավերակների: Պատմության մեջ առաջին անգամ լռել է քրիստոնեական աղոթքը Իրաքի Մուսուլ քաղաքում: Օրեր առաջ ավերվեց նաև Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը հավերժացնող Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին: Ոչնչացվում է եզդի ազգաբնակչությունը, և գերեվարվում են հոգևորականներ, որոնց շարքում մեր քույր Եկեղեցիների սպասավորներ Յոհաննա Գրիգորիոս Իբրահիմ և Բուլոս Յազիչ մետրոպոլիտները: Խստորեն դատապարտում ենք յուրաքանչյուր գործողություն, որն իրականացվում է կրոնի շահարկմամբ՝ մահ ու ավեր սփռելով: Ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության» (Ա Կորնթ. 14:33): Խաղաղություն, որի համար հանապազ աղոթում է և կարելի ջանքեր բերում Քրիստոսի Սուրբ Եկեղեցին: Քիչ հետո մենք միասնաբար աղոթք պետք է առաքենք առ Բարձրյալն Աստված Մերձավոր Արևելքում պատերազմական գործողությունների դադարեցման համար, որպեսզի խաղաղությունը վերահաստատվի տարածաշրջանում և կյանքի ապահով ընթացքները բարօրություն և խնդություն բերեն այնտեղ ապրող ժողովուրդներին: Հաջորդ տարի մենք հիշատակելու ենք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Աղոթքով հիշելու ենք նաև ասորի մեր քույրերին ու եղբայրներին, ովքեր նույնպես զոհվեցին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական յաթաղանից: Բազում փորձություններ հաղթահարած խաղաղասեր մեր ժողովուրդների աղոթքն է, որպեսզի հաղթանակող մնան ազգերի ու մարդկանց մեջ սերն ու եղբայրությունը, իրավունքն ու արդարությունը` ընդդեմ ատելության ու թշնամության, ահաբեկչության ու պատերազմի չարիքների: Աղոթում ենք, որ Տերը օրհնի մեր երկրներն ու ժողովուրդներին, աշխարհը համայն, որպեսզի մարդկությունը Տիրոջ օրհնությամբ ընթանա «ի տեղի դալարւոջ եւ առ ջուրս հանգստեան» (հմմտ. Սղմ. 22.3)»: Նորին Սրբությունը, հայցելով Բարձրյալ Աստծուց Իր առատ շնորհները հեղել Ասորի Ուղղափառ Եկեղեցու կյանքի վրա, Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքին մաղթեց արդյունաշատ գահակալություն: Այնուհետև Ասորի Ուղղափառ Եկեղեցու հոգևոր դասի և հավատացյալների ողջույններն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը` շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին հրավերի և ջերմ ընդունելության, ինչպես նաև Սիրիայի համար դժվարին այս ժամանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ Առաքելական Եկեղեցու կողմից Սիրիայի ժողովրդին ցուցաբերվող զորակցության համար: «…Մեր երկու Քույր Եկեղեցիները կիսում են մեկ առաքելական հավատքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ, «այն հավատքը, որ մեկ անգամ ընդմիշտ ավանդվեց Աստծու սուրբ ժողովրդին» (Հուդ. Ա 1): Ավելին, մենք կիսում ենք մեր մեծ նախահայրերի ուսուցումները, որոնք ներշնչվել են Սուրբ Հոգուց: Մենք կրողն ենք սրբերի կողմից պահպանված ավանդությունների, որոնք ընդհանուր են մեր երկու Քույր Եկեղեցիների համար: Մենք միասին ենք ձևավորել այս տարածաշրջանի պատմությունը՝ վկայություն տալով Ավետարանին և քրիստոնեության տարածմանը: …Ընդհանուր պատմությունը միակ բանը չէ, որ մենք կիսում ենք: Մեր երկու ժողովուրդներն իրենց անմեղ արյունն են հեղել նահատակության ընդհանուր խորանի վրա մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավատի համար: Մարտիրոսությունը խորհրդանիշ է եղել մեր երկու հալածված Եկեղեցիների համար: Տարբեր ժամանակներում մեր ժողովուրդները նահատակներ են տվել, որոնց կյանքը զոհաբերություն և նվիրատվություն էր հանուն մեր Եկեղեցիների շարունակականության և աճի: Այսօրվա ավետարանում կարդացինք, որ մի այրի կին տվեց իր ունեցածը, քանզի հավատ ուներ առ Աստված` վստահ լինելով, որ նա իր բոլոր կարիքները կհոգա (հմմտ. Մարկ. ԺԲ 41-44): Բայց նրա տվածից առավել է, երբ մեկն ինքն իրեն է տալիս: Տալու ո՞ր ձևն է առավել մեծ, քան ինքնազոհաբերությունը: Առավել ի՞նչ կարող է ինչ-որ մեկն առաջարկել, քան իր սեփական կյանքը հանուն նրա, ում սիրում է: Սա է յուրաքանչյուր նահատակի օրինակն ամեն դարում. նրանք զոհաբերում էին իրենք իրենց հանուն այն մարդկանց, ում սիրում էին: …Իսկապես, բոլոր նահատակները մահն ընդունել են և դրան մոտեցել հոգևոր ուրախությամբ ի շնորհիվ Քրիստոսի հանդեպ իրենց սիրո: Նրանք մահացան հանուն Նրա և հարգանքի արժանացան եկեղեցում: Նրանց մասունքները հրաշքի աղբյուր դարձան մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվամբ: Եվ ասորի, և հայ հավատացյալները նույնպես կիսել են նահատակության տառապանքը: Սա ցույց է տալիս, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր ունեցած սերը նույնն է, և մենք պատրաստ ենք առաջարկել մեր կյանքերը և ապավինել Նրան: Սա հնչող պատասխանն է Ս. Պողոսի խոսքերի, որ ասում է. «Թեկուզև ձեր հավատին իբրև պատարագ և զոհ ընծայվեմ, ուրախ եմ և հրճվում եմ ձեր բոլորի հետ» (Փիլ. Բ 17) և պնդում է, որ իր համար «կյանքը Քրիստոս է, իսկ մեռնելը` շահ» (Փիլ. Ա 23), որը բաղձալի ցանկություն է նահատակության համար հանուն Քրիստոսի սիրո: Այս ոգով են մեր հայրերը հանդուրժել հալածանքը և մեծ թվով նահատակներ են զոհվել հանուն Քրիստոսի: Այս հալածանքներին են շարունակաբար ենթարկվել մեր Եկեղեցիներում այնպես, որ ամեն մի սերունդ Եկեղեցին ապահովել է նահատակներով, որը հարստացրել է սրբերի պատմությունը հավատքի առավել հերոսներով: Ահա թե ինչպես են մեր Եկեղեցիները պահել ուղղափառ հավատքը և պայքարել ընդդեմ դաժան հալածանքների: Մենք միասին ենք քայլում Գողգոթայի ճանապարհով, որն առաջնորդում է մեզ դեպի Քրիստոսի խաչը: Մենք սա անում ենք կյանքի և փրկության հույսով, որ տրվեց մեր Տիրոջ հարությամբ: Կողք կողքի մեր Հայ և Ասորի Եկեղեցիները հաստատուն կանգնեցին չարի ուժի դեմ, որը ցանկանում էր հավատացյալներին տանել դատապարտման և հավերժական կործանման: Միասին մենք մեր հավատքի առաքելությունը վկայեցինք, որ Քրիստոսն է Տերը և որ մենք ճշմարտապես Նրա խաղաղ և խաղաղասեր աշակերտներն ենք», - ասաց Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքն իր խոսքում: Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին աղոթքի այս արարողության համար` հավելելով, որ պետք է աղոթի այն սուրբ նահատակների համար, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հավատի, պետք է հայցի Տիրոջը, որ Իր խաղաղությունը շնորհի Սիրիային, Իրաքին, Լիբանանին և թեթևացնի մեր ժողովուրդների տառապանքը Մերձավոր Արևելքում: Այնուհետև երկու հովվապետերի նախագահությամբ կատարվեց մասնավոր աղոթք Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար: Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի բարերարներ, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը, Հայաստանում ապաստան գտած սիրիահայեր, Հայ կանանց միջազգային ընկերակցության 7-րդ միջազգային համաժողովի մասնակիցները:

Նմանատիպ նյութեր