211652_close_icon
views-count2204 դիտում article-date 14:34 02-04-2017

Մայր Աթոռում հոգեհանգստյան կարգ կատարվեց ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հոգու խաղաղության համար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգեհանգստյան կարգ մատուցվեց մեկ տարի առաջ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորների հոգու խաղաղության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արարողությունը կատարվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ։ Պատարագին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, հավատավորներին փոխանցելով կաթողիկոսի խոսքը, նշեց, որ իրենց աղոթքներն են առ Աստված բարձրացնում քաջարի զինվորների հոգիների խաղաղության և հանգստության համար, ովքեր հերոսաբար զոհվեցին ապրիլյան պատերազմի ընթացքում։ «Ողջունում եմ ՀՀ մեծարգո վարչապետի ներկայությունը Սուրբ Էջմիածնի նվիրական տաճարում, ով եկել է իր աղոթակցությամբ մասնակից լինելու հոգեհանգստյան այս արարողությանը։ Մեկ տարի առաջ մեր խիզախ զինվորները կասեցրեցին Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքին բռնացող ռազմական գործողությունները, արյան գնով հետ մղեցին հակառակորդին՝ վկայելով հայրենի երկրի մեր ժողովրդի նախանձախնդրությունը, ուժն ու կորովը և անպարտելի ոգին»,- ասաց հոգևորականը։ Նրա խոսքով՝ Մեծ պահքի այս օրը՝ Գալստյան կիրակին, հիշեցնում է Տիրոջ գալուստն ու իր հավատարիմ հետևորդներին հավիտենական կյանքի շնորհին արժանացնելը։ «Մեր զոհված հերոսները փոխադրվեցին հանդերձյալ կյանքի հանգրվան՝ մուտք գործելու հավիտենություն և անանց երանություն ժառանգելու, քանզի անձնազոհության մեծագույն առաքելությունը դրսևորեցին»,-ավելացրեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ապրիլի 2-ին` Գալստյան կիրակի 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված քաջարի հայորդիների համար հոգեհանգստյան արարողություն կատարվել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում։

Նմանատիպ նյութեր