ԱԷՄԳ-ի տեսուչին թույլ չեն տվել մուտք գործել Իրան
Իրանի իշխանությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներից մեկին մերժել են մուտքի վիզա տրամադրելու հարցում:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հղում անելով Վիեննայում ԱԷՄԳ-ի իր աղբյուրին, վերջինս ընդգրկված է եղել Իրանի միջուկային օբյեկտներում դիտարկում անցկացնող պատվիրակության կազմում: Նույն աղբյուրը նշել է, որ սա 3-րդ դեպքն է, երբ Իրանի իշխանություններն արգելում են ԱԷՄԳ-ի ներկայացուցչին երկիր մուտք գործել:
Միևնույն ժամանակ դիվանագիտական աղբյուրը հայտնում է, որ տեսուչը Միացյալ Նահանգների քաղաքացի է: Առայժմ ԱԷՄԳ-ն պաշտոնական որևէ արձագանք չի տվել կատարվածին: