Սեպտեմբերին Իրաքում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 1100 մարդ. ՄԱԿ
Սեպտեմբերին առնվազն 1119 մարդ է զոհվել և ևս 1946-ը վիրավորվել է Իրաքում իրականացված ահաբեկչությունների ու բռնությունների հետևանքով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Իրաքում ՄԱԿ-ի առաքելությանը (UNAMI):
Վերջինիս հաղորդմամբ՝ զոհվածներից 854-ը քաղաքացիական անձինք են՝ ներառյալ 79 ոստիկան, իսկ վիրավորներից 1604-ն են քաղաքացիական անձինք՝ ներառյալ 84 ոստիկան: Զոհվել է նաև Իրաքի անվտանգության ուժերի 265 զինծառայող, ևս 342-ը վիրավորվել է:
ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ դեռ տվյալներ չկան, թե արդյոք զոհերի ու վիրավորների թվում կա՞ն «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ ռազմական գործողությունների զոհեր, թե՞ ոչ:
Սեպտեմբերին Իրաքում գրանցված բռնություններից ու ահաբեկչություններից ամենաշատը տուժել են Բաղդադն ու նրա շրջակայքը, ուր զոհվել է 352 և վիրավորվել է 983 խաղաղ բնակիչ: Ինչ վերաբերում է իսլամականների կողմից վերահսկվող Անբար նահանգին, ապա UNAMI-ն դեռ չի կարող տվայալներ հավաքել այնտեղ տուժածների մասին:
Օգստոսին Իրաքում բռնություններից ու ահաբեկչություններից զոհվել էր 1420 և վիրավորվել էր 1370 մարդ: