211652_close_icon
views-count1695 դիտում article-date 21:48 25-09-2014

Մեղադրանք է առաջադրվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի նախկին պետին

Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր մեղադրանք է առաջադրվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի նախկին պետ Գ.Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ 2009թ. օգոստոսին հաստատված բաժնի կանոնադրության համաձայն՝ Գ.Սարգսյանը պատասխանատու է եղել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի փողոցների, հրապարակների, բնակավայրերի կանաչապատման, աղբահանության աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև՝ այդ կապակցությամբ բաժնի աշխատակիցների գործունեության նկատմամբ ղեկավարում և հսկողություն իրականացնելու համար։ Սակայն, քրեական գործով ձեռք բերված ապացույցների համաձայն, Գ.Սարգսյանը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որոնց հետեւանքով «Կենտրոն Մաքրություն» ՓԲԸ աշխատակիցները, օգտվելով իրենց գործունեության նկատմամբ պատշաճ հսկողության բացակայության հանգամանքից, 2008-2013թթ. ընթացքում ձևականորեն գրանցել են աշխատանքի չհաճախող շուրջ 115 հավաքարարների և այլ աշխատակիցների, չեն կատարել պայմանագրով նախատեսված` Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ շուրջ 132 փողոցների ամենօրյա սանիտարական մաքրման աշխատանքները: Չնայած դրան՝ Գ.Սարգսյանն իր ստորագրությամբ, ըստ քրեական գործի նյութերի, 2008-2013թթ. ընթացքում հաստատել է «Կենտրոն Մաքրություն» ՓԲԸ-ի կողմից փաստացի ողջ ծավալով չկատարված, պայմանագրով նախատեսված աշխատանքների վերաբերյալ կազմված կեղծ կատարողական ակտերը, որի հիման վրա հիշյալ ընկերությունը նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի բյուջեից ստացել է շուրջ 298 մլն ՀՀ դրամ: Արդյունքում՝ առերեւույթ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձի կողմից իր լիազորությունները դիտավորությամբ չկատարելու հետևանքով «Կենտրոն Մաքրություն» ՓԲ ընկերության ղեկավարության կողմից հիշյալ առանձնապես խոշոր չափերի գումարը հափշտակվել է՝ պետության օրինական շահերին պատճառելով ծանր վնաս: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր