211652_close_icon
views-count1128 դիտում article-date 21:38 08-09-2014

Հայկական ապրանքատեսակների տոնավաճառ Մոսկվայում

Սեպտեմբերի 5-ին Մոսկվայի Գյուղատնտեսության նվաճումների ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ հայկական ապրանքատեսակների տոնավաճառի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, Մոսկվայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներն ու բազմաթիվ մոսկվաբնակներ: Տոնավաճառը, որը բացված է լինելու մինչև նոյեմբերի 15-ը, կազմակերպվել է ՀՀ Էկոնոմիկայի, Գյուղատնտեսության նախարարությունների և Մոսկվայի կառավարության աջակցությամբ: Որպես հայկական ապրանքատեսակների տոնավաճառի համակարգող է հանդես եկել Մոսկվայի երիտասարդ ձեռներեցների «Բերդ» ասոցիացիան: Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում դեսպան Եսայանն ընդգծել է հայկական տարաբնույթ ապրանքատեսակների ռուսաստանյան շուկայում առավել լայն ներկայացման կարևորությունը՝ ավելացնելով, որ ինչպես հայկական վերամշակող ընկերությունների արտադրությունն, այնպես էլ Հայաստանից ներկրված գյուղմթերքը շարունակում են վայելել մոսկվաբնակների հավանությունը և ապրանքատեսակի որակի հանդեպ վստահությունը: Քաղաք Մոսկվայի Առևտրի և ծառայությունների վարչության ղեկավար Ա.Նեմերյուկն իր հերթին նշել է հայկական ապրանքատեսակների բարձր մրցունակությունն ու մոսկովյան ապրանքատեսակների շուկայում դրանց մեծ պահանջարկի առկայությունը: Հայկական ապրանքատեսակների տոնավաճառի բացումն ուղեկցվել է հայ ազգային երգ-երաժշտության համերգային կատարումներով: Տոնավաճառի շրջանակներում կազմակերպվել են նաև ազգային ավանդական արհեստների նմուշների ցուցադրություն-վաճառք, ինչպես նաև հայկական ավանդական արհեստների վարպետության դասընթացներ: Հայկական տոնավաճառին ներկայացված է հայկական ապրանքատեսակների 36 տաղավար, որոնցում տեղ են գտել հայաստանյան ավելի քան երկու տասնյակ ընկերությունների արտադրանքները: Ներկայացված ընկերությունների ցանկում են` «Արտ ֆուդ», «Արցախ ֆուդ», «Կիլիկիա», «Թամարա ֆրուտ», «Նոյան», «Սավա», «Ֆրուտ լենդ”, «Կերակուր», “Շամբ», Արկոլադ», «Գրանդ քենդի», Արմենիում» ընկերությունները և Իջևանի պահածոների գործարանը: Հայաստանյան «Սպայկա» ընկերությունն ապահովել է թարմ մրգերի և բանջարեղենի տեսականու մատակարարումը դեպի Մոսկվա: Նախատեսվում է նաև տոնավաճառի շրջանակներում ներկայացնել հայկական ձկնեղենն ու ձկնային արտադրանքը:

Նմանատիպ նյութեր