Վերջին մեկ տարում սիրիացի փախստականների թիվն աճել է մեկ միլիոնով
Սիրիացի փախստականների թիվն աճել է մինչև 3 միլիոնի: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը: Հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը:
Հաշվետվության մեջ նշված է, որ սիրիացիների գրեթե կեսը հարկադրաբար լքել է իր տները և փախել՝ փրկվելու համար: Յուրաքանչյուր ութերորդ սիրիացին հատել է սահմանը: Վերջին մեկ տարում գրեթե մեկ միլիոն քաղաքացի դարձել է փախստական:
Մնացյալ 6.5 միլիոն սիրիացիները մնացել են Սիրիայի տարածքում, սակայն ստիպված են եղել լքելու իրենց հարազատ տները: Նրանց կեսից ավելին երեխաներ են: Սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե 2013 թվականին 2.5 միլիոն սիրիացի հարկադրաբար լքել է հայրենիքը, իսկ 6.5 միլիոն մարդ մնացել է երկրում, սակայն դրա հետ մեկտեղ լքել է սեփական տները:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 3.5 տարի ընթացող (2011 թվականի մարտից) Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 191.000 մարդ: