211652_close_icon
views-count13007 դիտում article-date 21:44 22-08-2014

ՕԵԿ-Ի ՄԵՋՔՆ Է ԿՈՏՐՎԵ՞Լ, ԹԵ ԱՆԶՈՒՍՊ ԱԽՈՐԺԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՓՈՐՆ Է ՑԱՎՈՒՄ

Մեր իմաստուն ժողովուրդն ասում է. «Աստված օրվա եւ հարեւանի շառից կարոտ պահի»: Ասել է, թե էն գլխից հայտնի, անհերքելի ու անվիճելի է` «շառը» արհավիրքի պես մի բան է: Արհավիրք է, ուրիշ էլ ինչ. եթե հարեւանդ անհագուրդ ախորժակ ունի ու ընդգծված թուլություն` նյութականի հանդեպ: Ունի հեշտությամբ ստելու, իր սուտը աղմուկով հանրությանը ներկայացնելու անուրանալի հատկություն: Եւ, սուտը «թխելիս», անպատճառ նաեւ «մարմնական վնասվածքների» մասին է աղաղակում: Սա կարծրատիպ է... Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բախտը այս հարցում չի բերել, հարեւանը...թքած ունի բարոյականության ու մնացած բոլոր օրենքների վրա: Հատուկ թուլություն ունի կեսգիշերից հետո աշխատելու նկատմամբ պրոֆեսիոնալ հիվանդություն է, նույնիսկ այն ինչ հակահասարակական չէ ու կարելի է լույս աչքով անել, միեւնույնն է նրանք իրենց հատուկ բնազդով իրականացնում են գիշերով, ծածուկ, գողունի: Հատկանշական է, որ հատկապես տենդագին են աշխատում տաղավար տոներին ու մեռելոցներին... Ու պա՛րզ էր, սպասելի՛ էր, տրամաբանորեն պետք է հասնեին նաեւ մարմնական վնասվածքի «շառին»: Հասա՛ն: Ակներեւ էր, եւ տեսագրություններն էլ դա են վկայում, շոուն անշնորհք ու անարվեստ էին սարքել: Դաստիարակության պակասն էլ եկավ լրացնելու անտաղանդության բացթողումները: Ի դեպ, անտեղյակ ընթերցողի համար. «իրադարձությունը» տեղի է ունեցել ոչ թե վիճահարույց տարածքում, որտեղ զօր ու գիշեր ընթանում են ՕԵԿ-ի ապօրինի շինարարական աշխատանքները, այլ անվիճելիորեն բուհին պատկանող տարածքում, երբ համալսարանականները փորձում էին նոր ուսումնական տարին սկսելու կապակցությամբ` բարեկարգման աշխատանքներ կատարել: Հարց. Ինչո՞ւ էին ՕԵԿ-ականները հայտնվել մի վայրում, որտեղ ոչ մի անելիք չունեին եւ ոչ էլ կրթության-գիտության մշակներին օգնելու ցանկություն... ՀԱԱՀ ուսանողների ու աշխատակիցների հետ բանակռվի ժամանակ ամենաբարձրն ու անվայելուչը տիկին մեղաեմ` Տե՛ր Բիշարյանի ձայնն էր, նրա որդին անպարկեշտ ու անամոթաբար հայհոյում էր /գոնե մորից ամաչեր, Հովհաննես Մարգարյանը անդադար դիմում էր ոստիկաններին. «Տեսա՞ք ինձ սպառնաց, ֆիքսեցի՞ք, նկարեցի՞ք, ձայնագրեցի՞ք»: Նա իրեն չխնայելով «աշխատում» էր բոլոր «կամեռաների ուղղությամբ» փորձում էր ինչ-որ տեքստ կարդալ, բայց գրագիտությունը չէր բավարարում ու վանկերով հեգելով, կմկմալով, կակազելով զավեշտական մի դրվագի վերածվեց: Մարդիկ չգիտեին` լա՞ն, թե խնդա՞ն: Ավելի ճիշտ` լալու բան է, կխնդանք: Եւ այն, որ ՕԵԿ-ը հիմա պնդում է, թե Հովհանես Մարգարյանը մարմնական վնասվածք է ստացել ու հիվանդանոցում է, արդեն, ոչ թե Ագրարային համալսարանի, այլ ոստիկանության գլխին սարքած «շառ» է: Ինքներդ դատեցեք, այդ օրը ՆԳ նախարարության մի քանի ստորաբաժանում գտնվում էր բուհի ներքին բակում: Ոստիկանների աչալուրջ, ամրակուռ շղթան պատնեշում եւ պաշտպանում էր այդ մի քանի ՕԵԿ-ականներին... ու այդքանից հետո` մարմնական վնասվա՞ծք: ՕԵԿ-ը կամ ձեռք է առնում կամ պրոֆեսոնալ առումով ծաղրում է ոստիկաններին... [b]Հ.Գ. Իսկ ավելի լուրջ.[/b] 1.Հովհանես Մարգարյանը գիշերը շինաշխատանքներին մասնակցելիս հավանաբար խաթարել է, վնաս է հասցրել իր թանկագին առողջությանը: 2.Նման սադրանք-շոուները հալածական-ընդդիմադիրի լուսավոր պորտրետ կերտելու հուսահատ ճիգեր են: Սակայն, երբ ապաշնորհ ես` առանց քանքարի, անորակ կտավով, քնձռոտ վրձնով, առանց ստեղծագործ, արարող մտքի գլուխգործոց չես ստեղծի, այն էլ` դիմանկար: Առավել եւս, որ ե՛ւ մեր ժողովուրդը, ե՛ւ Արեւմուտքը իմաստուն են ու թացը չորից, անկեղծը շինծուից, գրոշանոց ներկայացումը իրականությունից զանազանելու հմտություն ունե՛ն... 3. Այդ «միջադեպի» ժամանակ ակնհայտ դարձավ եւս մի տխուր իրողություն. Հ. Մարգարյանը, մյուսները կրկնում էին, թե տասը տարի շարունակ ՕԵԿ-ը բարեխղճորեն խնամել է տարածքը /որի նկատմամբ հավակնություններ ունեն: Սակայն, 2004-ին ոչ ոք, անգամ մղձավանջային երազում չէր պատկերացնի, թե տարիներ անց` 2008-ին, այստեղ կբուսնի կուսակցական բիզնես կենտրոն: Չենք կարծում, թե թվաբանական գիտելիքների պակասն է պատճառը: Ավելի հավանական է, որ փաստերը դիտավորյալ խեղաթյուրելու հերթական` աղաղակող, պարսավելի դեպքի ականատեսն ենք եղել... 4. Իհարկե, բոլորին ել պարզ է դառնում, որ այս բոլոր շոուները արվում են հիմնական վիճահարույց տարածքից հանրության ուշադրությունը շեղելու խղճուկ նպատակով....

Նմանատիպ նյութեր