211652_close_icon
views-count1514 դիտում article-date 13:20 01-08-2014

Բիզնես դասընթացներ՝ Շիրակի մարզի սահմանամերձ 10 գյուղերում

«Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպությունը ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացնում է «Երիտասարդներին նոր հեռանկարներ սահմանամերձ համայնքներում» ծրագիրը։ Այս մասին է հայտնում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: «Մեղվիկ» ՀԿ նախագահ Վեհանուշ Հովհաննիսյանը նշում է, որ գործունեության 26 տարիների ընթացքում կազմակերպությունը ծրագրեր է իրականացրել հանրապետության տարբեր մարզերում, սահմանամերձ համայնքներում։ Եվ շփումները ցույց են տվել, որ երիտասարդները ցանկանում են մնալ իրենց ծննդավայրում, շենացնել հայրենի գյուղը, սակայն չունեն համապատասխան գիտելիքներ, հմտություններ՝ ծրագրեր իրականացնելու համար։ Այս խնդիրը լուծելու նպատակով էլ «Մեղվիկ» ՀԿ-ն Շիրակի մարզի 10 սահմանամերձ գյուղերում (Սարագյուղ, Զորակերտ, Զարիշատ, Գտաշեն, Մեղրաշատ, Ջրափի, Երազգաորս, Շիրակավան, Իսահակյան, Լուսաղբյուր), որոնք ռազմավարական նշանակության տարածքներ են, ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շրջանակներում իրականացնում է բիզնես դասընթացներ։ Վեհանուշ Հովհաննիսյանն ընդգծում է, որ իրենց կազմակերպության նպատակը պատանիներին ու երիտասարդներին հայրենի բնակավայրերի հետ կապելն է, իսկ դա կարելի է անել նրանց համար աշխատանքի հնարավորություններ ստեղծելով, նրանց մասնագիտական ունակությունները զարգացնելով։ Հնգօրյա դասընթացների ժամանակ մատուցվում է մանրամասն տեղեկատվություն գործարարության կարևոր քայլերի, շուկայագիտության, բիզնեսի կառավարման, բիզնես պլան կազմելու, հաշվապահություն վարելու վերաբերյալ։ Ներկայացվում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ օրենսդրական դաշտը: ՀԿ ղեկավարն ընդգծում է, որ անցկացված սեմինարների արդյունքներն ակնառու են։ «Երբ մտնում ենք գյուղեր, տեսնում ենք մեզանից ինչ-որ բան ստանալու, մեր խորհուրդները լսելու երիտասարդների ցանկությունը։ Սարագյուղում, օրինակ, որը հարուստ է բուժիչ տարբեր խոտաբույսերով, մեր ծրագրի արդյունքում որոշվեց ստեղծել փոքր բիզնես՝ կոոպերացիայի զարգացման սկզբունքով. հիմնել խոտաբույսերից թեյի արտադրություն։ Մեկ այլ գյուղում որոշվեց զարգացնել ոչխարաբուծությունը։ Մեկ ուրիշ համայնքում էլ գյուղացիները բուրդը չէին կարողացել վաճառել, խորհուրդ տվեցի թաղիքագործությունը զարգացնել՝ բուրդն իրացնելու համար։ Զորակերտը, Զարիշատն «Արփի լիճ» ազգային պարկի գոտում են, և զբոսաշրջության զարգացման դեպքում թաղիքե աշխատանքները կարող են նաև վաճառել,- ասում է Վեհանուշ Հովհաննիսյանը՝ ավելացնելով,- կարևոր է, որպեսզի սպառողի հոգեբանությունը դուրս գա մեր միջից, փոխվի երիտասարդի մտածելակերպը, որպեսզի չգնա խամ ու խոպան, այլ հասկանա, որ իր տարածքում կարելի է շատ բան նախաձեռնել»։

Նմանատիպ նյութեր