211652_close_icon
views-count7659 դիտում article-date 13:26 28-07-2014

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մեծ շուքով նշվեց Վարդավառը. ֆոտոշարք

Հուլիսի 27-ի առավոտյան Մայր եկեղեցում մեկնարկեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի խորհուրդը կրող Սուրբ և Անմահ Պատարագը: Եկեղեցու ծխական անդամների և բազում վայրերից ժամանած ուխտավորների ներկայությամբ Սուրբ Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների տեսուչ Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Երեկոյան` 20:30-ին Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ետնաբակում տեղի ունեցավ Պայծառակերպության` Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների շարքի ամփոփիչ տոնական համերգը: Միջոցառումն սկսվեց «Հայր մեր» միասնական աղոթքով, որից հետո ներկաներին իր օրհնության խոսքը բերեց Մայր եկեղեցու «Հավատամք» կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Երեկոյի ընթացքում իրենց բազմաթիվ կատարումներով հանդես եկան Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի համանուն երգչախումբն ու պարախումբը, սիրված երգիչներ Արսեն Գրիգորյանը (Մրոն), Աիդա Սարգսյանն իր «Վարդավառ» երգով և այլ անհատ կատարողներ, իսկ միջոցառումը վարեցին «Հավատամք»-ի հաղորդավար Հռիփսիմե Ումրշատյանը և հանրահայտ, սիրված արտիստ, հումորիստ Արտյոմ Մարկոսյանը: Միջոցառման կեսից հանդիսատեսին սկսեց ուղեկցել նաև Վարդավառի տոնի խորհուրդներից մեկը` «ջրոցիի» մեղմ անձրևը, որը սակայն թեժացավ հենց, Աիդա Սարգսյանի «Վարդավառ» երգի ներքո, երբ հանդիսատեսին էր բաժանվում տոնի խորհուրդը կրող խորոված խնձորը, որպես կյանքի և ջերմության խորհրդանիշ, իսկ երիտասարդների համար` որպես նշանադրության և ամուսնության բարեմաղթանք: Հավաքված հանդիսատեսը մինչև վերջ չհեռացավ բեմի մատույցներից և անդադար պարում և զվարճանում էին բնական ջրախաղի ներքո: Միջոցառումն ավարտվեց Մայր Աթոռի ՀԲԸՄ Վաղարշապատի Հայորդյաց տան սաների դհոլահարների խմբի կատարմամբ և հրավառությամբ: Հայկ Կիսեբլյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր