211652_close_icon
views-count1470 դիտում article-date 18:49 02-07-2014

Երևանի մանկապարտեզներում իրականացվում են գույքի համալրման և նորոգման մեծածավալ ծրագրեր

«Երևանի մանկապարտեզներում արդեն երկրորդ տարին է իրականացվում են գույքով համալրելու և շենքերի նորոգման մեծածավալ ծրագրեր»,- նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ։ «Անցյալ տարի շուրջ 500 մլն դրամի շրջանակում մանկապարտեզներն ապահովվել են անհրաժեշտ գույքով՝ խոհանոցային տեխնիկայով, սառնարաններով, սառցախցիկներով, սալօջախներով, մսաղացներով և այլն: Նորացվում են նաև սեղանները, աթոռակները, պահարանները, մահճակալները։ Այս տարի ևս գույքային նման ծրագիր է իրականացվում»,- նշել է հանրակրթության վարչության պետը։ Ամփոփելով դպրոցական ուսումնական տարին՝ Գայանե Սողոմոնյանը ներկայացրել է, որ Երևանի քաղաքապետարանի հիմնական դպրոցներն ավարտել է 6828, իսկ քաղաքապետարանի ենթակայության 12-ամյա կրթաշրջանով դպրոցներն ու կրթակամալիրները՝ 431 շրջանավարտ։ Հիմնական դպրոցների շրջանավարտներից 200-ը ստացել են գերազանցության վկայականներ։ Երևանի 84 դպրոցներում այս տարի սովորել է 462 սիրիահայ աշակերտ։ Գայանե Սողոմոնյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ սիրիահայ երեխաները Երևանում կրթվում են երևանցի երեխաներին հավասար իրավունքներով։ «Այս տարի արդեն 112 սիրիահայ երեխա է հաճախում մեր մանկապարտեզներ՝ երևանցի փոքրիկների նման՝ անվճար հիմունքներով»,- նշել է հանրակրթության վարչության պետը ։ Քաղաքապետարանի ենթակայության 44 դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1180 երեխա է սովորում։ Նրանց ուսուցումն ու խնամքը հոգում են 205 սոցիալական մանկավարժներ, հոգեբաններ, լոգոպեդներ։ «Ներառական կրթություն իրականացնող դպրոցների շենքային պայմանները հարմարեցված են, որքան որ թույլ է տալիս դպրոցի ճարտարապետական կառուցվածքը։ 44-ից 8 դպրոցներում առկա են մասնակի թերություններ, որոնք շտկելու համար առաջարկությունը ներկայացված է համապատասխան վարչությանը»,- նշել է Գայանե Սողոմանյանը և հավելել, որ քաղաքապետ Տարոն Մարագարյանի հանձնարարությամբ ավելի շատ կրթօջախներ և, ընդհանրապես, հանրային նշանակության կառույցներ են հարմարեցվելու հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիներին։ Ի դեպ, մայրաքաղաքում ներառական կրթությամբ նախադպրոցական 6 կենտրոններ են գործում, ևս մեկը՝ մասնագիտացված կենտրոնը, բացվելու է շենքի վերանորոգման ավարտից հետո։ Երևանի քաղաքապետարանի ենթակայության 11 մանկապարտեզներում և մեկ միջնակարգ դպրոցում նախադպրոցական կրթության մեկական կենտրոն է բացվել՝ 5-6 տարեկան երեխաների համար։ Այդ կենտրոնները մանկապարտեզի ավագ խմբային տարիքի ևս 300 երեխաների նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն են ընձեռել։ «Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Համաշխարհային բանկի համատեղ ջանքերով։ Նորաբաց այդ կենտրոններում նախադպրոցական կրթությունն իրականացվելու է Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված «Կրթական համալիր ծրագրով»։ Ծրագրում Երևանի քաղաքապետարանը ֆինանսավորում է այդ կենտրոնների 24 մանկավարժների հաստիքները, երեխաների ամենօրյա սնունդը»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետը։ Գայանե Սողոմոնյանը որպես հանրակրթության ոլորտի բարելավմանը, մասնավորապես աշակերտների ուսումնական առաջիմությանը մեծապես նպաստող ծրագիր հատկանշել է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի շախմատի ակադեմիայի համատեղ՝ շախմատի դպրոցների հիմնման ծրագիրը։ «Յուրաքանչյուր վարչական շրջանում մեկական դպրոց է հիմնվելու, ընդ որում՝ երկու վարչական շրջաններում արդեն իսկ բացվել են»,- նշել է Գայանե Սողոմոնյանը։ Ասուլիսն ամփոփելով՝ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը ևս մեկ անգամ հորդորել է աշակերտների և մանկապարտեզների սաների ծնողներին ակտիվ լինել և թերություններ նկատելու դեպքում այդ մասին հայտնել «Թեժ գծերի» հեռախոսահամարներով։ «Թեժ գծերով ստացվող ահազանգերի ուսումնասիրությունն ու հետևանքները քաղաքապետի խիստ հսկողության ներքո են։ Շատ օպերատիվ ենք արձագանքում. քաղաքապետը մեկօրյա ժամկետ է սահմանել։ Ուսումնական այս տարում 90 զանգ ենք ստացել, խիստ և հետևողական ենք եղել, ինչի արդյունքում մի քանի դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ ու աշխատակիցներ ենթարկվել են տույժերի, առանձին դեպքերում՝ հեռացվել աշխատանքից»,- նշել է հանրակրթության վարչության պետը։

Նմանատիպ նյութեր