211652_close_icon
views-count688 դիտում article-date 20:35 06-06-2014

Դեսպան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի մշակույթի նախարարի հետ

Հունիսի 5-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանի հետ, որը միաժամանակ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի պատգամավոր է քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից և ստանձնել է մշակույթի նախարարի պաշտոնը 2014թ. հունվարի 29-ին: Ողջունելով ՀՀ դեսպանին` նախարարը համառոտ ներկայացրեց Չեխիայում մշակույթի բնագավառում գոյություն ունեցող վիճակը, խնդիրները և առաջիկայի ծրագրերը: Դեսպանն իր հերթին ներկայացրեց հայ-չեխական մշակութային կապերի զարգացման ներկա վիճակը` նշելով, որ վերջին երկու տարում հայկական մշակույթը բավականաչափ ներկայացվել է Չեխիայում, և ցանկալի կլիներ, որպեսզի չեխական մշակույթը ևս ավելի ակտիվորեն ներկայացվի Հայաստանում: Կողմերը մեծ գոհունակություն հայտնեցին երկու երկրների Ազգային գրադարանների արդյունավետ համագործակցության համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մշակույթի ոլորտում հայ-չեխական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում մշակույթի օրերի, ցուցահանդեսների, համերգների և փառատոնների կազմակերպան ոլորտներում, երկրի հայ համայնքի խնդիրները: Դեսպանը խոսեց հետագայի ծրագրերի մասին` մասնավորապես անդրադառնալով հայ արվեստագետների մասնակցությանը 2015թ. Պրահայի «Կվադրիենալե»-ին (թատերական արվեստի և թատերական ճարտարապետության ցուցահանդես), հանրահայտ չեխ նկարիչ Յիրժի Նոսեկի Հայաստանին նվիրված կտավների ցուցահանդեսին` Հայաստանի Ազգային պատկերասրահում, համերգներին և այլ միջոցառումների կազմակերպմանը: Նախարար Հերմանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց համագործակցելու դեսպանության հետ բոլոր մշակութային ձեռնարկների կազմակերպման հարցում, նաև առաջարկեց մշակույթի նախարարության պատմական շենքի ցուցասրահը տրամադրել ցուցադրումների համար: Նախարարը նշեց, որ շատ բարձր է գնահատում հայ մշակութային ժառանգությունն, ինչպես նաև հայ-չեխական մշակութային կապերը, իսկ մայրաքաղաքներում դեսպանությունների բացման փաստը պետք է էլ ավելի զարգացնի արդեն իսկ գոյություն ունեցող կապերը և համագործակցությունը: Երկու կողմերն էլ անդրադարձան Լիդիցեի հուշահամալիրի և Երևանի` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործակցության հեռանկարներին: Լիդիցեի հուշահամալիր-թանգարանն անց է կացնում ամենամյա միջազգային մանկական ցուցահանդեսներ, որին ավանդաբար, նաև 2014թ. մասնակցել և մրցանակներ են շահել Հայաստանը ներկայացնող երեխաները: Հանդիպման ավարտին Չեխիայի մշակույթի նախարարը տեղեկացրեց, որ մոտ ապագայում պատրաստվում է պատասխան այցով Չեխիա հրավիրելու իր հայաստանցի գործընկերոջը (Չեխիայի մշակույթի նախկին նախարար Ալենա Հանակովան Հայաստան է այցելել 2013թ. ապրիլին):

Նմանատիպ նյութեր