211652_close_icon
views-count1606 դիտում article-date 15:12 01-06-2014

Գալուստ Սահակյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, որում ասվում է. «Սիրելի երեխաներ եւ ծնողներ, շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երկրի եւ ժողովրդի ապագայի կենսունակությունը պայմանավորված է նաեւ երեխաների, նրանց իրավունքների հանդեպ հասարակության եւ պետության այսօրվա վերաբերմունքով, դրանց պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերով: Ընտանիքներում ծնողների կողմից զավակների հանդեպ հաճախ զոհաբերության աստիճանի հասնող նվիրվածությունն ու հոգատարությունը, պատասխանատվությունը նրանց ճակատագրի համար պետության մեջ ընտանեկան մթնոլորտ, սոցիալական եւ հասարակական արժանապատիվ միջավայր ձեւավորելու հզոր խթան են՝ ապացուցելով այն իրողությունը, որ պետությունն ինքնին մեկ ընտանիք է, իսկ երեխաների շահերը պետության, այսինք՝ մեր բոլորիս ազգային շահերն են: Երեխաների նկատմամբ առանձնահատուկ սերն ու ջերմությունը մեր ժողովրդի հոգեւոր նկարագրի եւ ներաշխարհի անբաժանելի մասն են, որոնք դրսեւորվում են ամեն օր եւ ամեն ժամ: Իսկ Երեխաների պաշտպանության միջազգային օրն այդ ամենը վերածվում է արտաքուստ պաշտոնական, իրականում համամարդկային եւ նաեւ վերազգային երեւույթի՝ հաշվի առնելով, որ այն նշվում է ողջ աշխարհում: Սա եւս մեկ վկայություն է, որ աշխարհի բոլոր երեխաները ոչ միայն սիրո եւ ջերմության աղբյուր են, այլեւ այդ սիրո եւ ջերմության կարիքն ունեն, խաղաղ, ապահով ու բարեկեցիկ մանկություն ունենալու իրավունք, իսկ մեծերը ` դրանք ապահովելու պատասխանատվություն եւ պարտավորություն: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ջերմ շնորհավորանքներս եմ հղում Հայաստանի Հանրապետությունում ապրող բոլոր երեխաներին, Արցախի եւ Սփյուռքի բոլոր հայ մանուկներին: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել երեխաների խնամքով զբաղվող հաստատություններում ծնողական գուրգուրանքի ու սիրո կարիքն ավելի շատ զգացող երեխաներին: Բոլորին սրտանց մաղթում եմ խաղաղ, անհոգ եւ երջանիկ մանկություն, բարօրություն եւ արժանապատիվ ապագա»:

Նմանատիպ նյութեր