211652_close_icon
views-count1556 դիտում article-date 22:07 29-05-2014

Առողջապահության նախարարը պատրաստակամ է մասնակցելու ասոցիացիայի նիստերին

ՀՀ անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիայի, ինչպես նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շեշտեց, որ առողջապահության ոլորտի ամենահրատապ խնդիրներից մեկը բուժօգնության որակի և առաջին հերթին` անվտանգության ապահովումն է։ Այս ենթատեքստում առաջնային կարևորություն տրվեց մարզերում մասնագետների պակասը լրացնելու, վերակենդանացման ծառայությունները բարելավելու խնդրին։ ՀՀ անեսթեզիոլոգների և ռեաբիտոլոգների ասոցիացիայի նախագահ, ԱՆ գլխավոր մասնագետ Անատոլի Գնունին նշեց, որ անեսթեզիոլոգների պակաս կա նաև Երևանում։ Նա առաջարկեց մինչ խնդրի համակարգային լուծումն ուժեղացնել մայրաքաղաքի բուժհաստատությունների կապը մարզային հիվանդանոցների հետ` հնարավորինս կիրառելով նաև առկա հեռուստակապը։ Նախարարին ներկայացնելով ոլորտում առկա խնդիրները` մասնագետները հանդես եկան տարբեր առաջարկություններով։ «Անեսթեզիոլոգների պակասը հատկապես մարզերում օրախնդիր է, ես կասեի` վտանգներով հղի։ Հասկանալի է, որ միանգամից հնարավոր չէ լուծել այն։ Մենք պարտավոր ենք ապահովել հիվանդի անվտանգությունը և համատեղ ջանքերով մի կողմից այժմ ապահովել անվտանգությունը, մյուս կողմից` ծրագրային աշխատանքներ տանել հետագայում կարևոր այս խնդրին համակարգված լուծում տալու նպատակով։ Ես ակնկալում եմ ձեր աջակցությունը»,-ասաց Արմեն Մուրադյանը։ Նա առաջարկեց խնդիրը հանգամանալից քննարկել ՀՀ անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիայում և հանդես գալ կառուցողական առաջարկներով։ Կարևորելով ծառայության բարելավումն ու մասնագետներով ապահովվածությունը` նախարարը պատրաստակամություն հայտնեց մասնացել ՀՀ անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիայի նիստերին խնդիրը միասին համակողմանի քննարկելու և կառուցողական լուծումներ գտնելու նպատակով։

Նմանատիպ նյութեր