29549 դիտում
20:31 18-05-2014
Երևանում հնչած կրակոցների գործով պատգամավորի փեսան մեղայականով ներկայացել է ոստիկանություն և ներկայացրել ատրճանակը
Քիչ առաջ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի ավագ քննիչ Աշոտ Մինասյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ 29-ամյա Գոռ Առաքելյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության բացատրական աշխատանքի արդյունքում Գ. Առաքելյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և ներկայացրել նաև «Մակարով» տեսակի ատրճանակը, որով երեկ՝ մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ գործող «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքի դիմաց նա կրակոցներ էր արձակել:
Քիչ առաջ Գ.Առաքելյանը տեղափոխվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, իսկ նրա կողմից ներկայացված «Մակարով» տեսակի ատրճանակը, որը ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների ապօրինի է, ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային և այլ փորձաքննություններ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Գ.Առաքելյանը ով ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանի փեսան է, ոստիկանությունում պատմել է, որ կրակոցներն արձակելուց առաջ մի քանի անգամ խնդրել է իր հետ վիճաբանողին որպեսզի նրանք իր կնոջ և երեխայի ներկայությամբ անհարգալից վերաբերմունք չցուցաբերեն և դադարեցնեն լկտի պահվածքը, ասելով նաև թե՝ «կնոջս ու երեխային բարձրացնեմ տուն, իջնեմ շարունակենք մեր զրույցը», սակայն նրանք ավելի են ոգևորվել ու սկսել են ավելի լկտի պահվածք դրսևորել, այս անգամ հայհոյանքներ և սպառնալիքներ տալով, ինչից հետո էլ պատգամավորի փեսան գործի է դրել իր մոտ եղած ապօրինի ատրճանակը ու հիմա քննչական մարմինը պետք է պարզի նրա ասածը համապատասխանում է իրականությանը, թե անմեղ տեղը 5 մարդու հրազենային վնասվածք պատճառելուց հետո նա փորձում է կառչել փրփուրներից, ինչպես որ երեկ դեպքից հետո նրա պատգամավոր աներն էր կուրծքը ծեծելով լրագրողներին հայտարարում , թե [b]SHAMSHYAN.com[/b]-ը սխալ տեղեկատվություն է տարածում, որ հայտանբերված Toyota Land Cruiser-ն իր փեսայինը չի և փեսան կապ չունի կրակոցների հետ:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/14551/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում ավագ քննիչ Աշոտ Մինասյանի կողմից հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք կրելը, պահելը, օգտագործելը), 258 հոդվածի 4 մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով:
Նշված քրեական գործը հարուցվել էր երեկ՝ մայիսի 17-ին, Երևանում տեղի ունեցած կրակոցների փաստով, ինչի հետևանքով 5 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի