211652_close_icon
views-count16255 դիտում article-date 11:55 05-05-2014

Մանվել Գրիգորյանը՝ մայիսի 8-ի, կադրային փոփոխությունների, Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի մասին և ավելին

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ԵԿՄ օրվան ընդառաջ անդրադարձավ նաեւ կադրային նոր նշանակումներին, Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելու հանգամանքին, Գալուստ Սահակյանի նշանակմանը եւ ավելին: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ. [b] - Պարոն Գրիգորյան, մայիսի 8-ը ԵԿՄ օրացույցում կարմիրով է նշված: Ի՞նչ օր է դա ձեզ համար: [/b] -Այդ օրը Երկրապահ կամավորականի օրն է: Նախ, թույլ տվեք շնորհավորել ողջ հայ ազգին մայիսյան հրաշալի տոների կապակցությամբ: Մայիսի 8-9-ին հայ ազգը միանգամից 4 փառապանծ տոն է նշում. նշում ենք ֆաշիզմի նկատմամբ մարդկության տարած հաղթանակը, տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, տոնում ենք Արցախի բանակի հիմնադրման օրը: Իսկ քառատոնը սկսվում է Երկրապահ կամավորականի օրով: Երկրապահի օրը հայ ազգի տոնն է: Ես շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը` Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին: Շնորհավորում եմ Վազգեն Սպարապետին եւ մեր բոլոր նահատակ ընկերներին: Շնորհավորում եմ հերոսներ ծնած հերոսական հայ մայրերին: Առանձնահատուկ շնորհավորանքներս հայ ազգին Սպարապետ պարգեւած Գրետա մայրիկին: Առողջությու՛ն քեզ, Հայոց Մե՛ծ մայր: Երկրապահի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ նաեւ մեր բանակին` սահմանին կանգնած շարքայինից մինչեւ պաշտպանության նախարարը եւ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար: Տոնդ շնորհավո՛ր, երկրապա՛հ, տոնդ շնորհավո՛ր, երկրապահ հայ ժողովուրդ: Ահա, սա է Երկրապահի օրվա խորհուրդը` հայ ազգի տոն, հայության տոն: [b]-Ես էլ Ձեր գլխավորությամբ շնորհավորում եմ բոլոր ԵԿՄ-ականներին: Իսկ ինչպե՞ս եք նշելու տոնը: [/b] - Երկրապահի օրը նշելու ենք կազմակերպված, շատ ուժեղ եւ ազգովի: Լինելու ենք Եռաբլուրում: Մեր պատվիրակությունները լինելու են ողջ Հայաստանում, Արցախում սփռված եղբայրական գերեզմաններում: Զեկուցելու ենք Վազգեն Սպարապետին եւ մեր բոլոր նահատակ ընկերներին, որ Երկրապահ կամավորականի օրն արդեն թե՛ պետականորեն նշվող և ազգային տոնացույցում ընդգրկված օր է, թե՛ ունի Մայր եկեղեցու օրհնությունը: Այսպես, ուրեմն, 2000 թվականից տոնը պաշտոնապես ընդգրկվել է ազգային տոնացույցում: Իսկ այս տարվանից սկսած արդեն Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Մայր տաճարում եւ հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մայիսի 8-ին տոնականորեն ղողանջելու են զանգերն ու սուրբ պատարագ է մատուցվելու Երկրապահ կամավորականի օրվա կապակցությամբ: Մեր նահատակ ընկերներին զեկուցելու ենք նաեւ, որ երկրապահ կամավորականությունը եւս պետականորեն պաշտոնական ճանաչում է ձեռք բերել: Ազգային Ժողովում նախորդ տարի ընդունվեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը: Հատուկ նշեմ, որ օրենքի ընդունմանը մեծ աջակցություն ցուցաբերեց ՀՀ նախագահ, մեր մարտական ընկեր, երկրապահ Սերժ Սարգսյանը: [b]- Երկրապահի օրվա նշումն ու կարգավիճակի հաստատումը, ինչ խոսք, ձեռքբերումներ են: Բայց նշեք, խնդրեմ, թե կոնկրետ ի՞նչ աշխատանքներ է կատարում ԵԿՄ-ն: [/b] - Մեր հիմնական խնդիրներից է զոհված, անհայտ կորած, հաշմանդամ եւ ԵԿՄ անդամ ազատամարտիկների ընտանիքներին իրավական, սոցիալական, բարոյական աջակցության ցուցաբերումը, այդ խավին բուժօգնության, կրթության, աշխատանքի տեղավորման հարցերում սատարելը: Բնական է, որ այս հարցերում մենք գործակցում ենք ՀՀ նախագահի, Ազգային ժողովի եւ կառավարության, պաշտպանության, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, այլ գերատեսչությունների հետ, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Կան նաեւ Երկրապահին աջակցող գործարարներ: Մեր կարեւորագույն խնդիրներից է նաեւ պատանի, երիտասարդ սերունդների հայեցի դաստիարակումը: Այդ նպատակով մեզ մոտ գործում են երիտասարդ եւ պատանի երկրապահների կառույցները: Այս կառույցներով անցածները բանակի համար պատրաստի կադրեր են դառնում՝ ռազմահայրենասիրական դաստիարակություն ստացած, կոփված ֆիզիկապես եւ գաղափարներով: Մեր պատանիներին սովորեցնում ենք մարտարվեստ, զենքին տիրապետել, հայրենաճանաչողություն, հայոց պատմություն, շարային պատրաստություն եւ այլն: Մեր այս կառույցներով անցած պատանիներն ու երիտասարդները պետությանը պիտանի մարդիկ են դառնում, դառնում են լիարժեք քաղաքացի: Այս հարցերում նույնպես պետական մարմինների հետ համագործակցության լայն դաշտ կա: ՀՀ նախագահի աջակցությամբ պայմանավորվածություններ ունենք կառավարության, կրթության եւ պաշտպանության նախարարությունների հետ: Առաջիկայում պատանի եւ երիտասարդ երկրապահական կառույցների հետ տարվող աշխատանքը նոր որակ է ստանալու: Աշխատանքներում արդեն ներգրավում ենք նոր կադրերի, այդ թվում` հայոց բանակի գործող բարձրաստիճան սպաների, անգամ՝ գեներալների: [b]- Իսկ դեպի Արցախ ուխտագնացությունն այս տարի լինելո՞ւ է: [/b] - Անշուշտ: Ուխտագնացությունն ամենամյա է: Ուխտագնացությունը մեկնարկում է մարտի 5-ին՝ Սպարապետի ծննդյան օրը: Այն անցնում է ողջ հանրապետության տարածքով: Մայիսի 28-ին կլինենք Սարդարապատում, որից հետո արդեն կանցնենք բոլոր բնակավայրերով: Իհարկե, առանձնահատուկ նշանակություն ունի դեպի սահմանամերձ բնակավայրեր ուխտագնացությունը` Տավուշ, Սյունիք, Վայոց ձոր, Արցախ: Սահմանի բնակչի համար անչափ կարեւոր է երկրապահ ուխտագնացների հետ շփումը, հավաստիացումը, որ վտանգի պահին իրենք մենակ չեն լինելու: Արցախում մենք լինում ենք օգոստոսի վերջին` Գիտելիքի օրվա եւ ԼՂՀ Անկախության օրվա նախօրեին: Խորհրդանշական է, որ Արցախի բոլոր առաջին դասարանցիներին նվիրում ենք գրենական պիտույքներով լի դպրոցական պայուսակներ: Ուրախ ենք արձանագրել, որ վերջին տարիներին արցախցի առաջին դասարանցիների թիվը գնալով աճում է: Մեր ուխտագնացությանը մասնակցում են ազատամարտիկներ, մտավորականներ, երիտասարդներ, պատանիներ, զոհվածների, անհայտ կորածների ընտանիքների անդամներ: Լինում ենք նահատակ քաջերի զոհված վայրերում կանգնեցված հուշարձանների, խաչքարերի մոտ, հանդիպում, գեղեցիկ համերգային ծրագրեր ենք ներկայացնում սահմանի բնակչին: Այս տարի ունենալու ենք նաեւ ցեղասպանությանը վերաբերող նյութերի շարժական ցուցադրություն, այդ թեմայով ֆիլմեր: Ուխտագնացությունը հրաշալի առիթ է, որ հանդիպեն մարտական ընկերները, հիշեն պատերազմական օրերը: Ուխտագնացությունը հայրենասիրության, հայրենաճանաչության կենդանի դաս է երիտասարդների եւ պատանիների համար: Դա խոսքով պատմելու բան չէ: Մեր դռները միշտ բաց են: Խնդրեմ, մասնակցեք մեր ուխտագնացությանը եւ ինքներդ կհամոզվեք, թե ինչ նշանակություն եւ կարեւորություն ունի դա: [b]- Պարոն Գրիգորյան, կցանկանայի այս տոնական օրով, այնուամենայնիվ, որ 2 քաղաքական հարցի էլ պատասխանեք: Ի՞նչ եք կարծում` Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելով երկրում իրավիճակը կփոխվի՞, թե՞ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվի: [/b] - Ես նշեմ, որ Երկրապահ կամավորականների միությունը բացարձակ արժեք է համարում միասնականությունը: Մենք վստահում ենք ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, մեր մարտական ընկեր, երկրապահ Սերժ Սարգսյանին: Նախագահը միշտ, ցանկացած պահի կարողանում է ճիշտ կողմնորոշվել, թե տվյալ պահին ինչ կադրերով է հնարավոր արդյունավետ կերպով լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները: Ինչ վերաբերում է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ապա նա միշտ էլ, ինչ պատասխանատու աշխատանքի էլ եղել է, արդարացրել է իրեն, կարողացել է լուծումներ գտնել ամենաբարդ իրավիճակներում: Համոզված եմ, որ Աբրահամյանը կլինի լավ վարչապետ: Ես վարչապետին եւ արդեն լիարժեքորեն ձեւավորված կառավարությանը հաջողություն եմ մաղթում, ազգանպաստ գործունեություն: Ի դեպ, դուք էլ կփաստեք, որ օբյեկտիվ գնահատականներ տվող ամեն ոք էլ կփաստի, որ փոփոխություններ պահանջում էր ժողովուրդը, երկրի ազգաբնակչությունը: Հանրապետության նախագահն էլ ժողովրդի ընտրյալն է, չի կարող դեմ գնալ ժողովրդի կամքին: Այնպես որ, ամեն ինչ ժողովրդի համար է արվում, ամենքս էլ մեր կարողանալու չափով պետք է օգնենք, որ կառավարության ծրագրերը հաջողվեն, իրագործվեն: [b]- Եվ վերջին հարցս: Հովիկ Աբրահամյանը կարողանում էր անգամ օլիգարխ պատգամավորների ներկայությունը ապահովել ԱԺ-ում: Ի՞նչ եք կարծում՝ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ ԱԺ-ում պատգամավորների ներկայությունը կապահովվի՞, թե՞ բացակայությունների շրջան կսկսվի: [/b] - Ես հարցի իմաստն այնքան էլ չեմ ընկալում: Ձեր կարծիքով, մեկը պե՞տք է, որ մարդկանց գործի բերի: Նման բան չկա: Եթե մարդիկ եկել են Ազգային ժողով, ուրեմն եկել են աշխատելու: Կոնկրետ Գալուստ Սահակյանի մասին կասեմ, որ այդ մարդը 10 տարուց ավելի է՝ լուրջ և պատասխանատու պաշտոնների է, գիտի լուրջ, համակարգված աշխատել: Գալուստ Սահակյանը հին հանրապետականներից է՝ դեռ Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի ժամանակներից: Այնպես որ, նա օբյեկտիվորեն վաստակել է Ազգային ժողովի նախագահ լինելու իրավունքը և պատասխանատվության զգացումով է մոտենում պարտականությանը: Խորհրդարանը հաստատապես շարունակելու է բնականոն, ազգաշահ աշխատանքը: Եկեք, սակայն, մեր զրույցի վերջում, հաջողություններ մաղթելով պետության խորհրդանիշ մարմիններին՝ Ազգային ժողովին, կառավարությանը, նախագահին, համենայն դեպս չմոռանանք օրվա խորհրդի մասին: Ու զրույցի վերջում մեկ ամգամ եւս շնորհավորենք մեր երկրապահ ժողովրդին Երկրապահ կամավորականի օրվա եւ մայիսյան քառատոնի կապակցությամբ: Զրուցեց [b]ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր