13806 դիտում
10:55 04-05-2015
Երբ խոսում ենք պատերազմի նահատակների մասին, խոսում ենք իմ ընկերների մասին. Մանվել Գրիգորյանը՝ անցած ճանապարհի, ընդդիմության պասիվ վիճակի մասին եւ ավելին
Երբ խոսում ենք պատերազմի նահատակների մասին, խոսում ենք իմ ընկերների մասին, ինձ համար շատ թանկ, շատ հարազատ մարդկանց մասին։ Անձամբ ճանաչել եմ նահատակներից շատ-շատերին։ Գիտեմ, թե մեր երկրին, պետությանը որքան օգուտ կարող էին տալ Թաթուլը, Արան, Մեխակը, Հայրոն, Մոնթեն, Լեոնիդը... Սրանք ազգի լավագույն զավակներն էին։ Այս մասին ԵԿՄ-ի տարելիցին ընդառաջ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Նա անդրադարձավ նաեւ ներքաղաքական զարգացումներին: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.
[b]- Պարո՛ն գեներալ, քանի որ նախապես ցանկացաք խոսել երկրին վերաբերող հարցերից, ապա հետաքրքիր է, թե Ձեր կարծիքով, ինչպե՞ս անցան Ցեղասպանության 100-ամյա տարելիցի համահայկական կազմկոմիտեի նախաձեռնած միջոցառումները։
[/b]
- Ապրիլի 22-24-ի միջոցառումներն աչքի ընկան լուրջ կազմակերպվածությամբ, առհասարակ՝ լրջությամբ։ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատաոճը լիարժեք դրական արդյունքների բերեց հայ ազգի, հայոց պետականության համար։ Ընդհանուր առմամբ, փայլուն աշխատեցին ինչպես նախագահի թիմը, պետական այրերը, այնպես էլ՝ հոգեւոր դասը՝ Ամենայն հայոց վեհափառի գլխավորությամբ: Ցեղասպանության անմեղ նահատակների սրբադասման արարողությանը մասնակցում էին աշխարհի շատ ու շատ կրոնական համայնքների հոգեւոր առաջնորդներ, պատվիրակություններ, այդ թվում՝ պետական պատվիրակություններ։ Ողջ աշխարհի հայ եւ քույր եկեղեցիների միասնական զանգերի ղողանջն ազդարարեց, որ Ցեղասպանության փաստի միջազգային դատապարտման գործընթացն անկասելի է։ Ցեղասպանության միլիոնուկես անմեղ զոհերն արդեն սրբացած են: Իսկ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երրորդ պետությունը՝ ԱՄՆ-ն, նույնպես պաշտոնական պատվիրակությամբ ներկա էր։ Կատարված աշխատանքի արդյունքը եղավ այն, որ ապրիլի 24-ի նախօրեին դարձյալ միջազգային հեղինակավոր կառույցներ, պետություններ ճանաչեցին եւ դատապարտեցին Հայոց ցեղասպանության փաստը։ Մի՞ թե կարելի է թերագնահատել Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապի մատուցած սուրբ պատարագի նշանակությունը։ Մի՞ թե քիչ նշանակություն ունի Եվրախորհրդարանի հերթական բանաձեւը։ Կամ, եթե խոսենք ԵԽԽՎ հայտարարության մասին, ապա այս մի փաստաթուղթը բացառիկ է նրանով նաեւ, որ ընդունվել է մի կառույցի կողմից, որի անդամ է Թուրքիան։ Սա կարեւոր նախադեպ է։ Իսկ ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ դեռ մինչեւ տարեվերջ շարունակվելու են 100-ամյակի միջոցառումներն ողջ աշխարհում։
[b]- Իսկ 100-ամյակի երկրապահական միջոցառումների ամփոփում արե՞լ եք։
[/b]
- Մենք եւս մինչ տարեվերջ շարունակելու ենք միջոցառումները բոլոր մարզերում, տարածքներում, Արցախում, արտերկրում։ Արցախի տարբեր բնակավայրերում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարեր ենք կանգնեցնելու, նույնը՝ Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Ինչ վերաբերում է արդեն արվածին, ապա հիշեք, որ առաջին խոշորամասշտաբ ակցիան հենց Երկրապահն իրականացրեց, երբ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Ծիծեռնակաբերդում տասնյակ հազարավոր պատանի երկրապահներ երդվեցին լինել պահանջատեր, հասնել պատմական արդարության վերականգնմանը։ Մեր բոլոր կառույցներում էլ գրական, գեղարվեստական միջոցառումներ ենք անցկացրել, շատ վայրերում խաչքարեր ենք տեղադրել, ծառատունկ ենք իրականացրել։ Նույնիսկ Երուսաղեմի սրբազան տարածքում Երկրապահն արդեն ունի իր կանգնեցրած խաչքարը, որի շուրջը նաեւ ձիթենյաց փոքրիկ պուրակ ենք հիմնել։
[b]- Պարո՛ն Գրիգորյան, ներքաղաքական դաշտում, կարծես, պասիվություն է նկատվում: Ինչո՞վ եք դա բացատրում:
[/b]
- Ես չէի ասի՝ պասիվություն: Ուղղակի այս պահին չկա սուր, կոշտ քննադատություն իշխանության հասցեին: Եվ դա բնական է: Ընդդիմություն կոչվածն էլ հայ մարդիկ են, մտածում են Հայաստան պետության մասին: Ինչպե՞ս կարելի է քննադատել այն իշխանությանը, որ պատվով հսկայածավալ հայրենասիրական գործ ձեռնարկեց եւ իրականացրեց: Ես, եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, հպարտության խոր զգացում ապրեցինք ՀՀ նախագահի եւ կաթողիկոսի աշխատանքից: Նախագահը շատ հմուտ առաջնորդ է: Նա հստակ հասկացրեց, որ տեր է հայ ազգին, հայոց անկախ պետականությանը, հայկական Արցախ պետությանը:
[b]- Ի դեպ, Արցախում հերթական խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին։ Ինչպե՞ս եք գնահատում արդյունքները։
[/b]
- Ողջ աշխարհի աչքի առջեւ Արցախն օրինակելի ընտրություն կազմակերպեց եւ անցկացրեց։ Արցախի իշխանությունն ու ժողովուրդը հերթական անգամ ապացուցեցին, որ կայացած պետություն են, որ Արցախն առավել առաջադեմ, առավել ժողովրդավարական պետութուն է, քան Ադրբեջանը։ Կարծում եմ՝ արդեն ողջ աշխարհն էլ պետք է խոստովանի, որ ազատ, ինքնիշխան, ժողովրդավարական Արցախը չի կարող ընդգրկված լինել բռնատիրական Ադրբեջանի կազմում։ Արցախյան հերթական ընտրության կայացումը ամբողջ հայ ազգի հաղթանակն է։
[b]- Ինչպե՞ս եք պատրաստվում Երկրապահի օրվա միջոցառումներին։
[/b]
- Ամենայն լրջությամբ։ Մայիսի 8-9-ին հայոց մեծ քառատոնն է՝ Երկրապահի օր, Շուշիի ազատագրման օր, ֆաշիզմի նկատմամբ մարդկության տարած հաղթանակի օր եւ Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օր։ Միջոցառումների ամբողջական շարք ենք նախատեսել, որոնց ներկա գտնվելու ենք հրավիրում եւ ձեզ։ Մայիսի 8-ի վաղ առավոտյան Երկրապահի վերանորոգված շենքի եւ շենքի բակում կառուցված խաչքարերի պուրակի բացումն ենք անելու: Այստեղ կան բոլոր խոշոր պատմական իրադարձություններին նվիրված խաչքարեր, որոնց միջոցով ներկայացվում է մեր ազգի ե՛ւ անցյալը, ե՛ւ ներկան, ե՛ւ ապագան: Կլինենք Եռաբլուրում, կլինեն պարգեւատրություններ։ Մեր պատվիրակությունները կլինեն մերօրյա հաղթանակը խորհրդանշող, նաեւ՝ Մեծ հայրենականի հաղթանակին նվիրված բոլոր հուշարձանների մոտ՝ Հայաստանի եւ Արցախի բոլոր տարածքներում։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կարգադրությամբ Երկրապահի օրվան նվիրված սուրբ պատարագի արարողություններ են անցկացվելու Էջմիածնի Մայր տաճարում եւ հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում։ Եռասերունդ երկրապահական ընտանիքի ներկայացուցիչները մասնակցելու են նաեւ բոլոր այդ պատարագներին։ Մեր երեք սերունդների ներկայացուցիչները մասնակցություն կունենան նաեւ բոլոր պետական միջոցառումներին։ Չմոռանանք, որ Երկրապահի արյամբ, քրտինքով է ձեռք բերվել Հայաստան պետությունը։ Երկրապահը միշտ եղել եւ մնում է պետության կողքին, եղել եւ մնում է պետկանամետ, հայրենասիրական ուժ։ Ի դեպ, վերադառնալով մեր միլիոնուկես անմեղ զոհերի սրբադասման արարողությանը, ասեմ՝ շատ լավ է, որ 400-ամյա դադարից հետո կարգը վերականգնվեց: Ես վստահ եմ՝ մի օր էլ Արցախյան պատերազմի հերոս նահատակները կսրբադասվեն, այն տղաները, ովքեր կանգնած են հայոց պետականության կայացման ակունքներում, ովքեր Արցախի անկախության հիմնաքարն են դրել:
[b]- Կարելի՞ է արդարացված համարել այն զոհերը, որ ունեցանք Արցախյան պատերազմի ժամանակ։
[/b]
- Ինձ համար շատ ծանր է այս խոսքերն արտաբերելը՝ այո՛, արդարացված են։ Ես չհայտարարված պատերազմի առաջին օրից մինչեւ հաղթական հրադադարի ձեռք բերումը եւ դրանից էլ շատ հետո, եղել եմ պատերազմական առաջնագծում։ Այսինքն, երբ խոսում ենք պատերազմի նահատակների մասին, խոսում ենք իմ ընկերների մասին, ինձ համար շատ թանկ, շատ հարազատ մարդկանց մասին։ Անձամբ ճանաչել եմ նահատակներից շատ-շատերին։ Գիտեմ, թե մեր երկրին, պետությանը որքան օգուտ կարող էին տալ Թաթուլը, Արան, Մեխակը, Հայրոն, Մոնթեն, Լեոնիդը... Սրանք ազգի լավագույն զավակներն էին։ Բայց նրանք ընտրեցին գիտակցված մահն ու անմահացան։ Նրանք հավերժ ապրելու են սերունդների հիշողություններում։ Այսօր եւս սահմանային առաջնագծում թուրքի դավադիր քայլերի զոհ են դառնում քաջարի հայ տղաներ, ովքեր նույնպես հերոսներ են, ովքեր գիտակցաբար, իրենց մահով պաշտպանում են իրենց ընտանիքներն ու ողջ հայությանը, հայոց պետականությունը։ Մենք սրբազան պարտք ունենք անմահ նահատակների առջեւ։ Պարտավոր ենք ուժեղ, հզոր պետություն ունենալ, ունեցածը պահպանել, զարգացնել, բոլոր բնագավառներում հաջողություններ ունենալ, հայի անունը, Հայաստան սուրբ բառն ամբողջ աշխարհում իբրեւ դրոշ բարձրացված պահել։
[b]- Ո՞ւմ է պետք շնորհավորել ԵԿՄ-ի օրվա առթիվ, Դուք ինքներդ ո՞ւմ եք շնորհավորելու Երկրապահի օրվա կապակցությամբ։
[/b]
- Մայիսը, բազմիցս է նշվել, հայոց հաղթանակների ամիսն է։ Դեռ առիթներ ենք ունենալու նշելու Հանրապետության օրը, Սարդարապատի հերոսամարտի օրը, իսկ առայժմ այս հրաշալի քառատոնի կապակցությամբ շնորհավորում եմ աշխարհասփյուռ ողջ հայությանը։ Շնորհավորում եմ պատանի երկրապահներին եւ նրանց ծնողներին, երիտասարդ երկրապահներին, պատերազմի մասնակից երկրապահներին։ Մեր Սպարապետին եւ պատերազմում, սահմանային առաջնագծում նահատակված մեր բոլոր ընկերներին եմ շնորհավորում։ Շնորհավորում եմ հերոսներ ծնող մեր հերոս մայրերին։ Հատուկ շնորհավորանք մեր ժողովրդին սպարապետ պարգեւած Գրետա մայրիկին։ Քաջ առողջություն եմ մաղթում մեծ մայրիկին։ Շնորհավորում եմ Հայոց բանակին՝ շարքայինից մինչեւ պաշտպանության նախարար եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար։ Հայկական զույգ պետությունների ղեկավարներին եմ շնորհավորում։ Եթե կարճ եւ ամփոփ նշեմ՝ շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի եւ արտերկրի երկրապահ հայ ժողովրդին։ Շնորհավորելով՝ ամենքիս միասնություն, համախմբում եմ մաղթում: Հենց թեկուզ ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներն ու դրա շուրջն ընթացող զարգացումներն էլ ցույց տվեցին, որ երբ մենք միասնական ու վճռական ենք, նույնիսկ Թուրքիա պետությունն անզոր է մեր դեմ:
[b]-Մենք էլ հանձինս Ձեզ շնորհավորում ենք բոլոր ԵԿՄ-ականներին, պարո՛ն գենրալ եւ համոզված ենք, որ Ձեր նման նվիրյալների շնորհիվ մեր երկիրը եւ հայրենակիցները ապահով ձեռքերում են: Դուք պատերազմի դաշտում ձեր ներուժը արդեն ապացուցել եք:
[/b]
-Ես էլ եմ շնորհակալ, որ գնահատում եք մեր անցած ճանապարհը եւ շարունակվող աշխատանքները:
Զրուցեց [b]ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ
[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1348 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
946 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար