211652_close_icon
views-count10667 դիտում article-date 10:15 01-03-2016

Մանվել Գրիգորյանը չի մոռացել ոչ մարտի 1-ին Աշտարակի ձորում ձվով եւ թարխունով գարնան առաջին օրը դիմավորելու Վազգեն Սարգսյանի ձեւավորած գեղեցիկ ավանդույթը, ոչ էլ սպարապետի ծննդյան օրը. ի՞նչ խորհուրդ ունեն այս օրերը գեներալի համար եւ ավելին

Մարտի 5-ին Գրետա մայրիկին շնորհավորելը մեր սրբազան պարտականությունն է։ Գրետա մայրիկը բոլոր երկրապահների մեծ մայրն է, սրբություն է հայ ազգի համար, քանի որ նա է լույս աշխարհ բերել հայոց նորագույն հաղթանակները երաշխավորած Սպարապետին։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, գեներալ, Զորավար, ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան ընդառաջ տված հարցազրույցում: Նա անեւ խոսեց, թե ինչպես է նշելու սպարապետի ծննդյան օրը, իրենք ինչ կերպ են նշում Աշտարակի ձորում ձվով եւ թարխունով գարնան առաջին օրը նշելու Սպարպետ Վազգեն Սարգսյանի հիմք դրած ավանդույթը: Անդրադարձավ նաեւ մարտի 1-ի ողբերգական էջին եւ այլ հարցերի: Գեներալի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ. [b]-Հարգարժա՛ն գեներալ, նախ, եթե կարելի է, բնորոշեք Վազգեն Սարգսյանին՝ ո՞վ էր Վազգեն Սարգսյանը, ո՞րն է նրա մեծագույն գործը։ [/b] -Դուք էլ, երեւի, չեք պատկերացնում, թե ինչ բարդ հարց եք տալիս։ Վազգենի մասին խոսելը ե՛ւ հեշտ է, ե՛ւ չափազանց դժվար։ Դժվար է, որովհետեւ բառերն անզոր են նրա ողջ մեծությունը նկարագրելու համար։ Վազգեն Սարգսյանը հայոց ամբողջ պատմության ընթացքում ամենախոշոր, ամենանշանակալի դեմքերից է։ Սպարապետն այն մարդն է, որ հարյուրամյակների պարտություններից եւ կորուստներից հետո հայ ազգին հաղթանակներ բերեց։ Ժողովրդի պահանջով Սպարապետը կարողացավ միավորել երկրապահ ջոկատները, կարողացավ Արցախյան ինքնապաշտպանական պատերազմն այնպես հմտորեն կազմակերպել, որ ոչ միայն հաղթեցինք, ոչ միայն հրադադար պարտադրեցինք մեզ պատերազմ պարտադրած թուրքին, այլեւ հայրենի տարածքներ ազատագրեցինք։ Երեւի՝ Տիգրան Մեծից հետո առաջին անգամ։ Սպարապետը ստեղծել է Երկրապահ կամավորականների միությունն ու հայոց բանակը։ Ուշադրություն դարձրեք մեր պետության մեջ սրանք ամենակայացած կառույցներն են։ Սպարապետը հզոր ազգային, պետական, քաղաքական գործիչ էր։ Սպարապետը հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետեւորդ էր, անկախության, պետության նվիրյալ: Նա հրաշալի մարդ էր, հրաշալի ընկեր եւ բարեկամ, հայ ավանդապաշտ ընտանիքի ծնողասեր զավակ։ Սպարապետը մեծ հայ է, բոլոր ժամանակների մեծերից մեկը։ Հպարտ եմ, որ անձամբ Սպարապետի ընկերն եմ եղել, իր հետ ճանապարհ եմ անցել։ [b]-Պարո՛ն Գրիգորյան, Երկրապահն այս անգա՞մ ինչպես է նշելու Սպարապետի ծննդյան օրը։ [/b] -Ունենք ձեւավորած ավանդույթ, որ չենք խախտելու։ Վաղ առավոտյան ծաղկեպսակներ կտեղադրենք եւ կխոնարհվենք ԵԿՄ վարչության շենքում գտնվող Սպարապետի կիսանդրուն եւ ի պատիվ Սպարապետի` երկրապահի բակում կանգնեցված խաչքարին։ Այնուհետեւ երկրապահական երեք սերունդներով կմեկնենք Արարատ՝ Սպարապետի հայրենի օջախում նշելու իր ծննդյան օրը։ Մարտի 5-ին Գրետա մայրիկին շնորհավորելը մեր սրբազան պարտականությունն է։ Գրետա մայրիկը բոլոր երկրապահների մեծ մայրն է, սրբություն է հայ ազգի համար, քանի որ նա է լույս աշխարհ բերել հայոց նորագույն հաղթանակները երաշխավորած Սպարապետին։ Ի դեպ, իմ առաջարկությամբ ԵԿՄ վարչության ընդլայնված նիստով, պաշտոնական որոշմամբ Գրետա մայրիկին հռչակել ենք եռասերունդ երկրապահական ընտանիքի մեծ մայր։ Արարատից կվերադառնանք Երեւան, կայցելենք Եռաբլուր՝ շնորհավորելու Սպարապետին եւ Արցախյան պատերազմի նահատակ մեր քաջերին։ Արդեն ութերորդ անգամ հենց Սպարապետի ծննդյան օրն ենք անցկացնելու պատանի երկրապահների երդման արարողությունը։ Սակայն, նախորդ տարի, հաշվի առնելով, որ հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցն էինք նշում, որոշակի շտկում մտցրինք։ Պատանիների երդման արարողությունն այս տարի եւս, նախորդ տարվա նման, տեղի կունենա Ծիծեռնակաբերդում՝ ցեղասպանության միլիոն ու կես անմեղ զոհերի հուշարձանի հարեւանությամբ։ Սա իր խորհուրդն ունի։ Մեր պատանիները, երդվելով դառնալ պետության օրինակելի քաղաքացի, երդվում են լինել նաեւ պահանջատեր, ինչպես Վազգեն Սարգսյանն էր, երդվում են ամեն ինչ անել, որպեսզի մոտեցնեն ամբողջական հայրենիքին վերատիրանալու օրը։ Մոտ 20 000 պատանի երկրապահ՝ հայրենասեր տղաներ եւ աղջիկներ ամբողջ Հանրապետությունից, երդվելու են Ծիծեռնակաբերդում։ Զուգահեռաբար երդման արարողություններ են կազմակերպվելու բոլոր տարածքներում, մարզերում, Երեւան քաղաքում։ Եռասերունդ Երկրապահի ավելի քան 40 000 ներկայացուցիչ են մասնակցելու տոնական միջոցառումներին` հայ ժողովրդի հետ միասին: Պատանի սերնդի հայեցի դաստիարակման մեր ծրագրերն արժանանում են ՀՀ նախագահ, մեր մարտական ընկեր, երկրապահ Սերժ Սարգսյանի լիարժեք աջակցությանն, ու նրա մեծ ներդրումը կա, որ այսօր մեր այս պատանիները պետական ճանաչում ունեն։ ՀՀ նախագահի զորակցությամբ եռասերունդ Երկրապահն անցյալ տարի նաեւ ուսուցման եւ հանգստի կենտրոն նվեր ստացավ Գեղարքունիքի մարզի անտառային գեղեցիկ մի վայրում։ Պատանիների ուսուցման դասընթացներին աջակցում, մասնակցում են այն կառույցների լավագույն մասնագետները, որոնց հետ Երկրապահը գործակցության հուշագրեր է ստորագրել՝ պաշտպանության, կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, արտակարգ իրավիճակների, առողջապահության, արդարադատության, սպորտի եւ երիտասարդության հարցերի, սփյուռքի նախարարությունների, ոստիկանության, Փաստաբանների պալատի, կադաստրի, տեղական ինքնակառավարման մարմիների։ Մեր պատանիների հետ նվիրվածությամբ աշխատում են հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորները։ Ի դեպ, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կողմից մարտի 5-ը հռչակվել է պատանի երկրապահների օրհնության օր։ Էջմիածնի Մայր տաճարում եւ հայ առաքելական բոլոր եկեղեցիներում անցկացվելու է պատանի երկրապահների օրհնության կարգ։ Այնպես որ՝ Սպարապետի ծննդյան օրը ԵԿՄ տոնացույցի կարեւորագույն օրերից է, եւ մեր Սպարապետի 57-ամյակն էլ մեծ շուքով նշելու ենք։ Հիմնական միջոցառումներից զատ, մեր պատվիրակությունները լինելու են բոլոր այն վայրերում, ուր կան Սպարապետի հուշարձաններ, հայոց պատմության կարեւոր իրադարձություններին նվիրված հուշարձաններ։ Օրը տոնական է Հայաստանի, Արցախի բոլոր բնակավայրերում, Սփյուռքի բոլոր գաղթօջախներում։ [b]-Իսկ ի՞նչ սկզբունքով են պատանիներն ու աղջիկներն ընդգրկվում ԵԿՄ պատանեկան կառույցի շարքերը, ո՞վ է դիմում։ [/b] -Նախ ասեմ, որ եռասերունդ Երկրապահում գործում է կամավորության սկզբունքը։ Մենք կամավորականներ ենք՝ կամավոր ենք զենք վերցրել, կամավոր ենք զինվորագրվել հայ ազգի պաշտպանության, անկախության կայացման գործին, այսօր էլ կամավոր ենք ստանձնել պատանի, երիտասարդ սերունդների հայրենասիրական դաստիարակության առաքելությունը։ Եվ մեր շարքերն էլ կամավորականներն են համալրում, այդ թվում՝ պատանեկան կառույցի շարքերը։ Բնականաբար, դիմում ներկայացնում են երեխաների ծնողները։ Մենք հպարտանում ենք ոչ միայն մեր պատանի երկրապահներով, այլեւ նրանց հայրենասեր, երկրապահ ծնողներով, ովքեր իրենց երեխաների հայրենասիրական դաստիարակությունը վստահում են Երկրապահ կամավորականների միությանն ու հայոց պետականությանը։ Ես շնորհակալություն եմ հայտնում ե՛ւ պատանիների ծնողներին, ե՛ւ երկրապահական բոլոր սերունդներին։ Ավագ սերնդի երկրապահներն անշահախնդրորեն իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցում պատանիներին, երիտասարդներին։ Երիտասարդ երկրապահներն էլ իրենց հերթին, Երկրապահում սերունդների համերաշխությունը երաշխավորող կարեւոր օղակ են, նրանք ավագ եղբոր հոգատարությամբ են վերաբերվում պատանի երկրապահներին։ Երկրապահում ստեղծված են բոլոր պայմանները մաքուր, առողջ, ամուր սերունդ դաստիարակելու համար։ 2014-ի սեպտեմբերի 9-ից հետո, երբ գործակցության եռակողմ հուշագիր ստորագրվեց եռասերունդ Երկրապահի եւ պաշտպանության ու կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ, լայն թափ ստացավ դպրոցներում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբների հիմնումը։ Այսօր արդեն ՀՀ, Արցախի, արտերկրի երկրապահական կառույցներում գործող թվով 88 «Պատանի երկրապահ» ստորաբաժանումներից զատ «Պատանի երկրապահ» ակումբներ կան Հայաստանի բոլոր դպրոցներում։ Միայն 2015 թվականի ընթացքում պատանի երկրապահների ընդհանուր թվաքանակը գրեթե եռապատկվել է։ Վերեւում թվարկված գործընկեր կառույցների հետ մենք հրամանատարասերժանտական դասընթացներ ենք կազմակերպում պատանի եւ երիտասարդ երկրապահների համար։ Այդ կերպ մենք վաղվա հզոր Հայաստանի, բարեկեցիկ եւ պաշտպանված Արցախի սերմերն ենք ցանում։ Եվ գործընկեր կառույցների մասնագետներն էլ մեր դասընթացներում ներգրավվում են կամավորականության սկզբունքով, ասել կուզի՝ այդ մարդիկ էլ երկրապահ կամավորական են։ Մեզ պետք չեն ո՛չ ստիպողաբար դասընթացներին բերվող երեխաներ, ո՛չ ստիպողաբար դասընթացներ վարող մասնագետներ։ Հայրենասեր ծնողների եւ պատանիների ու աղջիկների, հայրենասեր մասնագետների պակաս չենք զգում։ [b]- Եթե կարելի է՝ 2 կարեւոր ամսաթվի եւս անդրադառնանք։ Նախ՝ 1988-ի Սումգայիթի ողբերգության մասին։ Փետրվարի 28-ին նշում էինք ողբերգության հերթական տարելիցը։ Այս առումով ի՞նչ խոհեր ունեք։ [/b] - Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից հավաստիացնում եմ, որ մենք հիշում եւ հարգում ենք 1988-ի Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակը։ Սումգայիթը նենգ, դավադիր թուրքի պատասխանն էր հայոց արդար պահանջատիրությանը, արցախահայության խաղաղ պայքարին։ Սումգայիթին հաջորդեցին ջարդեր՝ Բաքվում, Ադրբեջանի այլ բնակավայրերում։ Չբավարարվելով ջարդերով եւ տեղահանություններով՝ Ադրբեջանը չհայտարարված պատերազմ սկսեց հայերի դեմ՝ հարձակումներ գործելով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի եւ Արցախի նկատմամբ։ Միասնական հայությունը հաղթեց պատերազմում՝ արժանապատիվ հրադադարի հասնելով։ Առաջադեմ մարդկությունը գիտակցում է, որ 28 տարի առաջ Սումգայիթում կատարվածն իսկական ցեղասպանություն էր։ Դրա իրագործումը հնարավոր էր դարձել այն պատճառով, որ համայն մարդկության կողմից, միջազգային իրավասու ատյաների եւ դատարանների կողմից չէր ճանաչվել եւ չէր դատապարտվել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ 1915-ի Մեծ եղեռնը։ Դատապարտելով Սումգայիթն ու մնացյալ բոլոր ջարդերը, ցեղային զտման փորձերը՝ ԵԿՄ-ն կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը համախմբվել ազգային խնդիրների շուրջ, լինել միասնական եւ միասնաբար առաջ քաշել ճանաչում, դատապարտում, հատուցում պահանջները։ Աշխարհը հաշվի կառնի մեր պահանջը, աշխարհը հաշվի կնստի մեզ հետ, եթե լինենք միասնական եւ ուժեղ։ Միաժամանակ եռասերունդ երկրապահական ընտանիքի անունից հայտարարում եմ, որ խստորեն դատապարտում ենք թուրք ազերիների այսօրվա պահվածքը՝ սահմանային սադրանքների տեսքով։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության համար գրոշի արժեք չունի շարքային քաղաքացու կյանքը, եւ նրանք շարունակաբար սադրանքներ են կազմակերպում հայ-ադրբեջանական շփման գծում։ Հայերիս համար, սակայն, թանկ, անգին է ամեն մեկ հայի, ամեն մեկ հայ զինվորի կյանքը, եւ մենք չենք կարող հանդուրժել, որ այս վիճակը շատ երկարի։ Երկրապահը, Արցախյան պատերազմի բոլոր վետերանները պատրաստ են ողջ կարողությունները ներդնել պաշտոնական Բաքվին վճռական հարված հասցնելու գործում։ Հայտնում ենք մեր պատրաստակամությունը։ Ցանկացած պահի, որ նպատակահարմար կգտնի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար ՀՀ նախագահը, Երկրապահը կհայտնվի առաջնագծում։ Մեզ 4 ժամ է հարկավոր՝ հազարավոր երկրապահներով մարտական դիրքերում հայտնվելու համար։ Մենք բոլոր սահմանամերձ բնակավայրերում էլ երկրապահական կուռ կառույցներ ունենք, բոլոր տարածքներում ունենք ԵԿՄ հազարավոր անդամներ: Իսկ մինչ կգա թուրքին արդար ու դաժան պատիժ հասցնելու ժամը, ես ներողություն եմ խնդրում մարտական առաջադրանք կատարելիս զոհված հայ քաջերի հարազատներից։ Ներե՛ք մեզ, եթե կարող եք։ Վստահեցնում ենք՝ ձեր զավակները գիտակցաբար անմահության ուղին են ընտրել, նրանք հավերժ ապրելու եւ մեծարվելու են սերունդների կողմից։ [b]- Մի քանի խոսք էլ մարտի 1-ի մասին ասեք։ Որքան գիտենք, այդ օրը Երկրապահը գարնան բացումն է նշում։ [/b] - Դա եւս երկրապահական գեղեցիկ ավանդույթ է, որի ձեւավորողն էլ մեր սիրելի Սպարապետն էր։ Սպարապետը, հզոր անհատականություն, համազգային առաջնորդ լինելուց զատ, նաեւ արվեստի մարդ էր, բնությունը, գեղարվեստական արժեքները գնահատել գիտեր։ Ամեն տարի մարտի 1-ին նա Աշտարակի ձորում նշում էր գարնանամուտը։ Նշում էր շատ պարզ՝ ձվով, թարխունով, լավաշով եւ պանիրով, ամենակարեւորը՝ գարնանային տրամադրությամբ։ Եռասերունդ երկրապահական ընտանիքը պահպանել է Սպարապետի արմատավորած ավանդույթը։ Այն տարածքում, ուր Վազգենը սիրում էր գարնան առաջին օրը նշել, տեղադրել ենք խաչքար, տարածքը բարեկարգել ենք։ Հենց այդ տարածքում էլ ամեն տարի Երկրապահը վազգենավարի գարնան բացում է տոնում։ Զուգահեռաբար Հայաստանի, Արցախի, արտերկրի բոլոր երկրապահները բնության գրկում մի գողտրիկ անկյուն են գտնում եւ թարխունով ու ձվով նշում գարնանամուտը։ [b]- Պարո՛ն գեներալ, հնչում են նաեւ գնահատականներ, որ Երկրապահը շատ է քաղաքականացվել, որ անհարկի միջամտում է ներքաղաքական զարգացումներին։ [/b] - Հատկապես որ մարտի 1-ից էինք խոսում, եկեք նախ ցավակցենք 2008-ի մարտի 1-ի բոլոր զոհերի հարազատներին: Երկրապահն ամեն ինչ անելու է, որ այլեւս երբեք Հայաստանի ներսում նմանօրինակ պրոցեսներ չլինեն, երբեք հայը հայի դեմ զենք չվերցնի: Այդօրինակ դեպքերը հարկավոր է իսպառ բացառել: Երկրապահը մեր պետության, պետականության ստեղծման ակունքներում է։ Հայաստան պետությունը ստեղծվել է երկրապահի արյամբ, Արցախն ազատագրվել եւ պաշտպանվել է երկրապահի արյամբ։ Ինչպե՞ս կարող է Երկրապահն անտարբեր լինել երկրի, ազգի, պետության, հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Երկրապահի պարտքն ու պարտականությունն է ՀՀ պետությանը, պետության ղեկավարին սատարելը։ Հատկապես, երբ պետության ղեկին կանգնած է Սերժ Սարգսյանի նման ազգանպաստ կենսագրություն ունեցող մեկը, մենք առավել եւս նրա կողքին չկանգնելու, նրան չաջակցելու իրավունք չունենք։ Երկրապահը դեմ է ցնցումներին։ Եթե կա քաղաքական պայքար, կա այլակարծություն, դա բնական է, բայց ամեն ինչ պետք է լինի Սահմանադրության շրջանակներում։ Հակառակ դեպքում ջուր կլցնենք մեր թշնամիների ջրաղացին։ Չի կարելի գործել կարապի, խեցգետնի եւ գայլաձկան նման։ Համազգային հարցերում միասնական պետք է լինենք։ Խնդրում եմ՝ ոչ մի ակնթարթ մի մոռացեք, որ այսօր սահմանին լարված վիճակ է, որ ամեն օր մեր երեխաները հարկադրված են լինում դիրքերը պաշտպանելու համար ծանր մարտի մեջ մտնել ադրբեջանցի դիվերսանտների հետ։ Մենք այսօր էլ զոհեր ենք ունենում, վիրավորներ ենք ունենում։ Սրա մասին է, որ պետք է առաջին հերթին մտածենք։ Ես անձամբ ամեն առիթով ներողություն եմ խնդրում սահմանային առաջնագծում զոհվածների ծնողներից։ Այս քաջերը ոչնչով չեն տարբերվում 1989-94 թվականների պատերազմի նահատակներից։ Այդ քաջերի օրինակով ենք մենք կրթում, դաստիարակում պատանի, երիտասարդ երկրապահներին։ Եվս անգամ կրկնեմ՝ այսօր սահմանին կանգնած՝ իմ, զավակներիս, թոռներիս անվտանգությունը երաշխավորում են 1996-97-ի ծնունդ այն տղաները, ովքեր դեռ չէին էլ ծնվել, երբ ես ու ընկերներս իրենց ծնողների անվտանգությունն էինք երաշխավորում։ Դրա համար էլ մենք անընդհատ առաջնագիծ ենք մեկնում, սահմանաբնակ ժողովրդին, մեր բանակին, սահմանապահ զինվորին ենք քաջալերում։ [b]-Ի դեպ, դիրքերում լինելու պրակտիկան շարունակակա՞ն է լինելու։ [/b] -Բա, իհարկե։ Երկրապահը միշտ էլ սահմանաբնակ ժողովրդի կողքին է, սահմանապահ զինվորի կողքին։ Այցելել եւ այցելելու ենք Հայաստանի եւ Արցախի բոլոր սահմանամերձ բնակավայրեր, քաջալերելու ենք հայ զինվորին, գոտեպնդելու ենք սահմանապահ ժողովրդին։ Հենց դա է երկրապահությունը։ Երկրապահը մեկ անգամ է մեկնել առաջնագիծ՝ 1989-ին, եւ մինչ օրս առաջնագծում ենք։ Հավերժ էլ մնալու ենք առաջնագծում: Ավանդույթի համաձայն՝ մարտի 5-ով փաստացի նաեւ մեկնարկում է երկրապահական ամենամյա ուխտագնացությունը, որ անցնում է ողջ Հանրապետությունով, իսկ օգոստոսի 2-րդ կեսն անցկացնում ենք Արցախում՝ լինելով ԼՂՀ անխտիր բոլոր բնակավայրերում, բոլոր շեներում։ Եվ բոլոր մեր ձեռնարկներին ակտիվորեն մասնակցում են ինչպես Արցախյան ազատամարտի մասնակիցներն, այնպես էլ՝ մտավորականներ, տարբեր ոլորտների մասնագետներ, երիտասարդ եւ պատանի երկրապահներ, զոհված, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ, հաշմանդամ ազատամարտիկներ։ 2016-ի ուխտագնացությունը, սակայն, մենք սկսել ենք դեռ 2015-ի դեկտեմբերից։ Աննախադեպ ակցիա իրականացրինք՝ լինելով Հայաստանի, Արցախի բոլոր-բոլոր բնակավայրերում։ Ձմեռ Պապերի ուղեկցությամբ այցելեցինք բոլոր սահմանային զորամասեր, հենակետեր, հիվանդանոցներ, հոսպիտալներ, ծննդատներ, մանկատներ, ծերանոցներ, կալանավայրեր, այցելեցինք մտավորականներին, զոհվածների, անհայտ կորածների, հաշմանդամների ընտանիքներ։ Երկրապահը շնորհավորեց անխտիր բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Մեր տարածքային բաժանմունքները, մարզային կառույցները, շարունակական այցելություններ են իրականացնում սահմանային զորամասերում, իհարկե՝ ծրագիրը համաձայնեցնելով պաշտպանության նախարարության հետ։ Երկրապահն, ինչպես եղել է բանակի հիմնադիրը, այնպես էլ եռասերունդ Երկրապահը մնում է բանակի հետ։ Մենք վստահում ենք ՀՀ եւ Արցախի պաշտպանության նախարարներին, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարներին, սահմանապահ հայ զինվորին եւ սպային, նոր սերնդին։ [b]- Ճի՞շտ եք համարում մեր երկրում կոալիցիոն կառավարության ձեւավորումը: [/b] - Շատ ճիշտ: Բա Երկրապահը գիշեր-ցերեկ միասնություն է քարոզում, անընդհատ կրկնում ենք, որ պետք է ազգի բոլոր ուժերը համախմբել, միասնաբար դիմակայել սպառնալիքներին, մարտահրավերներին: Ես անձամբ շատ լավ ճանաչում եմ մեր պետության ղեկավար Սերժ Սարգսյանին: Վստահ գիտեմ, որ նա ի շահ ազգի, պետության պատրաստ է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ: Իհարկե, ազգային նկարագիր եւ մտածելակերպ ունեցող բոլոր ուժերը պետք է ընդգրկվեն կառավարող օղակներում, մասնակցեն պետության կառավարմանը: Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա դա 126-ամյա կենսագրություն ունեցող ազգային կուսակցություն է, որ շատ նպաստ կարող է բերել մեր ժողովրդին եւ պետությանը: Եթե կուզեք` հակառակը, ոչ նորմալ էր այն վիճակը, երբ Դաշնակցությունը պատասխանատվություն չէր ստանձնում պետության եւ ազգի առաջ: Այսքան փորձ ունեցող, ազգային նկարագրի, ազգային մտածողության տեր ղեկավարներ ու շարքեր ունեցող կուսակցությունն, անշուշտ, պետք է պատասխանատվություն ունենա պետության, ազգի առաջ: Բոլոր առողջ ուժերը պետք է ձգտեն ընդհանրության եզրեր գտնել եւ ստանձնել պատասխանատվության որոշակի չափաբաժին: [b]-Շնորհակալություն, պարո՛ն գեներալ, հարցազրույցի համար: Օրվա խորհրդին վերադառնալով՝ շնորհավորում եմ Ձեզ՝ Սպարապետի 57-ամյակի կապակցությամբ։ [/b] -Շնորհակալություն եւ թույլ տվեք՝ ես էլ խոսքս շնորհավորանքներով ավարտեմ։ Այս տոնական օրվա կապակցությամբ շնորհավորում եմ եռասերունդ Երկրապահին, երիտասարդ, պատանի երկրապահներին եւ իրենց ծնողներին, շնորհավորում եմ աշխարհասփյուռ երկրապահ հայ ազգին, շնորհավորում եմ Սպարապետին եւ կյանքն ազգի զոհասեղանին դրած բոլոր քաջերին, շնորհավորում եմ Սպարապետի ծնողներին, մեր մեծ մայրիկ տիկին Գրետային, բոլոր մայրերին, շնորհավորում եմ հայոց բանակին՝ շարքայինից մինչեւ նախարար եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար։ Ծնունդդ շնորհավոր, Սպարապե՛տ։ Երդումդ շնորհավոր, պատանի´ երկրապահ: Տոնդ շնորհավոր, հա՛յ ժողովուրդ։

Նմանատիպ նյութեր