211652_close_icon
views-count1607 դիտում article-date 17:30 04-05-2014

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այցելել է Կապան

Մայիսի 3-ին Կապան ժամանած ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդիպեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ: Քաղաքապետարանում բարձրաստիճան հյուրը եղավ վերջերս նորոգված ու համակարգչային տեխնիկայով եւ գույքով համալրված ընդհանուր բաժնում, որտեղ արդեն մի քանի ամիս է գործում է քաղաքացիների սպասարկման <<Մեկ պատուհանի>> սկզբունքը: Այն քաղաքապետարանում, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հետ միասին, իրականություն է դարձել Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության ծրագրով` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ համայնքային բյուջեի համատեղ ֆինանսավորմամբ: Ծանոթանալով իրականացված ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներին, դեսպանը հայտնեց իր գոհունակությունը: <<Ծառայությունների որակի բարձրացման առումով Դուք շատ գործ եք կատարել կապանցիների համար>>, - քաղաքապետին ասաց դեսպանը: Հանդիպմանը նշվեց, որ մեկ տարվա ընթացքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ Կապանում իրականացվել է 4 ծրագիր: <<Մեկ խոշոր ծրագիր եւս` <<էլեկտրոնային գրադարանի հիմնում>>, ընթացքի մեջ է: Այն կլինի առաջինը տարածաշրջանում եւ կհամագործակցի Հայաստանում Ամերիկյան համալսարանի հետ>>, - տեղեկացրեց քաղաքապետը: Դեպանը հետաքրքրվեց Կապանի սոցիալ-տնտեսական վիճակով, կանգ առավ հանքարդյունաբերության մի շարք հարցերի վրա: Ջոն Հեֆերնը հետաքրքրվեց նաեւ, թե որքանով է թափանցիկ աշխատում քաղաքապետարանը եւ կարողանում են արդյոք բնակիչներն իրենց բողոքները ներկայացնել քաղաքապետին: Պատասխանելով դեսպանի հարցին, քաղաքապետն ասաց, որ քաղաքացիները հնարավորություն ունեն մասնակցելու ավագանու բոլոր նիստերին, ներկայացնելու իրենց պահանջները, բողոքները: <<Քաղաքացիները դիմում են քաղաքապետարան` ներկայացնելով նաեւ գրավոր դիմումներ, դիմուներ ենք ստանում էլեկտրոնային տարբերակով, անգամ սոցիալական ցանցերով>>, - ասաց Աշոտ Հայրապետյանը: Երեկոյան ԱՄՆ դեսպանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի եւ քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ մասնակցեց Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգում ԱՄՆ դեսպանատան մշակութային բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված Imagine Band խմբի բացօթյա ելույթին:Մինչ այդ, դարձյալ ԱՄՆ դեսպանատան մշակութային բաժնի նախաձեռնությամբ, Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում կապանցիների համար անցկացվել էին քանթրի պարի անվճար վարպետության դասեր:

Նմանատիպ նյութեր