Ոստիկանության Թումանյանի ՊԲ վաշտի 36-ամյա ավագը իր պետի Samand-ով Սանահին թաղամասում գլորվել է ձորը
Երեկ՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում, Օձուն գյուղի բնակիչ 36-ամյա Արաիկ Ղարիբյանը վարելով իրեն ամրակցված Samand մակնիշի 133 ՈՍ 13 համարանիշի ավտոմեքենան, Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի թաղամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվել ձորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ղարիբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդիի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ա. Ղարիբյանն աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պահպանության բաժնում՝ որպես վաշտի ավագ: Իսկ նշված ավտոմեքենան հաշվառված է ոստիկանության հաշվեկշռում:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Հարությունյանի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:


