1695 դիտում
14:11 25-04-2014
ՀՀ մշակույթի նախարարությունը արձագանքել է ՀՀ ՄԻՊ-ի զեկույցին
Ստորև ներկայացվում են ՀՀ մշակույթի նախարարության պարզաբանումները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրների վերաբերյալ.
◆ Նախարարությունը բարեխղճորեն չի ապահովել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունը, ինչի հետևանքով, օրինակ, Երևանի Փակ շուկան կորցրեց իր կերպարային ամբողջականությունը:
ՀՀ մշակույթի նախարարության իրավասությունների սահմաններում Երևանի Փակ շուկայի հետ կապված խնդրին տրվել է համապատասխան ընթացք, մասնավորապես` հուշարձան-շենքում ապօրինի վերգետնյա աշխատանքները կանխելու և հետագա պահպանության ու վերականգնմանն առնչվող խնդիրներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում տալու համար «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի տնօրինությանը բազմիցս գրավոր տեղեկացվել է իր կողմից կատարվող շինարարության ապօրինության մասին և պահանջվել է դադարեցնել այն: Միևնույն ժամանակ, նախարարությունը դիմել է պատկան մարմիններին՝ ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ անօրինական շինարարությունը դադարեցնելու և տարածքում հսկողություն սահմանելու պահանջով, ինչպես նաև 2012-2013 թվականներին համապատասխան տեղեկույթ է տրամադրվել Երևան քաղաքի դատախազությանը:
Կենտրոնական Ծածկած շուկայում իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Մշակույթի նախարարությունը համաձանեցրել է միայն 0,0 նիշից ցածր նախագծային փաստաթղթերը:
◆ Տարիներ շարունակ չեն վերանորոգվել և տեխնիկապես չեն վերազինվել մի շարք պետական թատրոններ, ինչպես օրինակ Գ. Սունդուկյանի, Հ. Պարոնյանի անվան թատրոնները: Որոշ թատրոններ չունեն նույնիսկ առանձին տարածքներ, օրինակ՝ Մնջախաղի պետական թատրոնը:
Վերջին տարիներին պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են.
● Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` տանիքի մասնակի վերանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքները.
● Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքները.
● Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիա կան թատրոնի տաք և սառը ջրամատակարարման, սանհանգույցի վերանորոգման, դռների և պատուհանների տեղադրման, հակահարդեհային ջրավազանի վերանորոգման, «Գոյ» թատրոնի հիմնանորոգման աշխատանքները.
● Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի կաթսայատան ծխատարի վերանորոգման աշխատանքները,
● Պետական երաժշտական կամերային թատրոնի շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքները,
● Համազգային պետական թատրոնի օդափոխության համակարգի տեղադրում,
● Երգի պետական թատրոնի հիմնանորոգման աշխատանքները,
● Արտաշատի Ա. Խարազյաին անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի մասնակի վերանորոգման աշխատանքները,
● Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքները,
● Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքները,
● Գավառի պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքները:
● Պետական բյուջեի միջոցների հաշվին 2013 թ. իրականացվել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեխնիկական վերազինման աշխատանքները և նույն տարվա ապրիլի 27-ին գալա համերգով կայացել է թատրոնի վերաբացվումը:
● Պահպանիչ և հակահրդեհային ահազանգման համակագի, հրդեհաշիջման առաջնային և անվտանգության այլ միջոցներ (տեսահսկման) են ձեռք բերվել նախարարության համակարգի 8 թատրոններում, մասնավորապես` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական, Գյումրու Վ. Աճեմյանի անվան, Վանաձորի Հ. Աբելյանի անվան, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան, Արտաշատի Ա. Խարազյանի անվան դրամատիկական, Երևանի կամերային պետական, Համազգային թատրոններում:
● Ջեռուցման համակարգ է ներդրվել Խորեոգրաֆիայի պետական թատրոնում:
● Ի թիվս մի շարք պետական այլ թատերահամերգային կազմակերպությունների Մնջախաղի պետական թատրոնը ևս ունի սեփական տարածքի խնդիր: ՀՀ մշակույթի նախարարությունը այդ կազմակերպությունների համար գտել է այլընտրանքային լուծում` համապատասխան կառույցներում ապահովում է նրանց գործունեությունը: Այսօր Մնջախաղի պետական թատրոնը իր գործունեությունը իրականացնում է Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում: Մնջախաղի պետական թատրոնի տարածքի հարցը կլուծվի ըստ ՀՀ կառավարության սահմանած առաջնահերթությունների և հնարավորությունների:
◆ Մի շարք մշակութային շենքեր շարունակում են մնալ անմատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց տեղաշարժման խնդիրը մշտապես ՀՀ մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում է, ինչի առնչությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից վերջին տարիներին իրականացվող մշակութային հաստատությունների հիմնանորոգման նախագծերում, որպես պարտադիր պայման, նախատեսվում են թեքահարթակներ: Նախկինում կառուցված և այժմ գործող մշակութային կառույցներից 17-ը մասամբ կամ ամբողջովին հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի մուտքն ու ելքը ապահովելու համար, մասնավորապես`
● 6-ը ունի թեքահարթակներ (Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ, Վանաձորի Հ. Աբելյանի անվան, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական, Պետական կամերային երաժշտական թատրոններ, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Զվարթնոց» մասնաճյուղ):
● 6-ը տեղում ստեղծում են հնարավորությունները (Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններ, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական, Երևանի խամաճիկների պետական թատրոններ, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական, Կոտայքի մարզային գրադարաններ).
● 5-ը գտնվում է առաջին հարկում և թեքահարթակների անհրաժեշտություն չկա (Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, Կամերային երաժշտության ազգային կենտրոն, Արմավիրի, Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարաններ, Փայտարվեստի թանգարան).
2013 թ. պատրաստվել է Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնանորոգման նախագիծը, որով նախատեսվում են բոլոր հարմարությունները սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց տեղաշարժման համար: Ներկայումս թանգարանում ընթանում են վերանորոգման աշխատանքներ:
Հայաստանի ազգային գրադարանում ևս նախատեսվում է սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց մուտքի ու ելքի մատչելիությունն ապահովող հարմարանքների տեղադրում:
◆ Անտեսելով մի շարք հրատապ մշակութային խնդիրներ՝ Նախարարությունը, առանց բավարար հիմնավորումների, առանձին միջոցառումների համար տրամադրել է չափազանց մեծ ֆինանսկական միջոցներ:
ՀՀ մշակույթի նախարարությունը յուրաքանչյուր տարվա ֆինանսական միջոցների բաշխումն իրականացնում է ՀՀ կառավարության մշակույթի ոլորտի պետական քաղաքականության գերակայություններին համապատասխան` մշակույթի տարբեր բնագավառների ժանրային առանձնահատկություններից ելնելով: Համաչափության սկզբունքով ֆինանսական միջոցների բաշխումը անհնար է և ոչ նպատակահարմար, քանի որ գոյություն ունեն ստեղծագործական գործունեության ոլորտային և ժանրային առանձնահատկություններ:
◆ Մշակութային դահլիճները ապահովված չեն անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ինչը խոչընդոտում է արվեստագետների կենդանի համերգային կատարումներին:
ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թատերահամերգային կազմակերպությունները ապահովված են համապատասխան ձայնային տեխնիկական սարքավորումներով և երգիչների գործունեության պատշաճ իրականացման համար խոչընդոտներ չկան:
◆ Նախարարության կողմից սոցիալապես անապահով մարդկանց համար չեն նախատեսվել զեղչեր և այլ արտոնություններ, ինչի արդյունքում այդ մարդիկ զրկվել են մշակութային կյանքին մասնակցելու հնարավորությունից (օրինակ՝ համերգներ, թանգարաններ, թատրոններ և այլ մշակութային միջոցառումներ):
Սոցիալապես անապահով անձանց համար նախարարության կողմից`
● թանգարանների և գրադարանների ոլորտում նախատեսված են զեղչեր և այլ արտոնություններ, մասնավորապես.
- ՀՀ մշակույթի նախարարի 2009 թ. օգոստոսի 3-ի «Թանգարանի մշտական ցուցադրության այցելության և բացատրության (էքսկուրսիայի) տոմսերի գների և արտոնությունների մասին» N 458-Ա հրամանի 2-րդ կետով թանգարանի մշտական այցելության տոմսի արժեքը դպրոցական տարիքի երեխաների, ուսանողների և թոշակառուների համար սահմանել ոչ ավելի, քան 300 դրամ: 3-րդ կետի բ) ենթակետով յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը սահմանված է բոլոր այցելուների համար անվճար այցելության արտոնություն.
- ՀՀ մշակույթի նախարարի 2009 թ. դեկտեմբերի 26-ի «Գրադարանների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը և սակագրները սահմանելու մասին» N 862-Ա հրամանի 1-ին կետի 1.1-ին ենթակետով հասարակության անապահով և խոցելի խմբերի համար սակագին է սահմանվել ոչ ավելի, քան 200 դրամ: Հրամանում խոցելի խմբեր են սահմանված կենսաթոշակառուները, երեխաները (մինչև 18 տարեկան), ուսանողները (մինչև 23 տարեկան).
- իրականացվում է «Կրթություն երեխաների հատուկ խմբերի համար» ծրագիրը («Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ), որը նախատեսված է 614 հաշմանդամություն ունեցող, առանց ծնողական խնամքի մնացած, սոցիալապես անապահով երեխաների արվեստների և արհեստների ուսուցման դասընթացների կազմակերպում հանրակրթական համակարգում.
● Սոցիալապես անապահով և սահմանափակ կարողություններով անձանց համար.
- առաջին անգամ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իրականացվեց Մանկապատանեկան արվեստի I ինտեգրատիվ հանրապետական փառատոնը, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու ժամանակակից աշխարհում նրանց լիարժեք ներգրավումը: Մանկապատանեկան արվեստի առաջին ինտեգրատիվ հանրապետական փառատոնի շրջանակներում կայացել է գիտապրակտիկ կոնֆերանս, որին մասնակցել է ոլորտի շուրջ 70 մասնագետ:
- Աջակցություն է ցուցաբերվել`
● Գյումրիում երիտասարդների համար «Եկ մտածենք» ինտելեկտուալ խաղի կազմակերպմանը.
● «Էխո» հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաներին աջակցող հասարակական կազմակերպության կողմից բարեգործական համերգի կազմակերպմանը.
● ԼՂՀ-ում Հայաստանի խուլերի միավորման 20-ամյակի կապակցությամբ համերգային ծրագրի իրականացմանը.
● ԼՂՀ-ի խուլերի միավորման 20-ամյակի առթիվ Լուռու մարզի «Խուլերի կրթամշակութային կենտրոն» ՀԿ-ի անդամների այցելությանը Ստեփանակերտ, Շուշի.
● Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության կողմից «Մշակութային Գյումրի» փառատոնի կազմակերպմանը.
● «Հայաստանի կույրերի միավորման ժողովրդական գործիքների խմբի և երգչախմբի «Մեր հոգու լույսը քեզ, հայրենի՛ք» համերգային ծրագրին.
● «Փարոս» կամերային երգչախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված հոբելյանական համերգի կազմակերպմանը.
● Մեծ Բրիտանիայի «Կանդուկո» ժամանակակից պարի թատրոնում վերապատրաստման դասընթացներին պարուսույց Հ. Հոբոսյանի մասնակցությանը:
- Շարունակվել է`
● համալրվել 2010 թվականին ստեղծված ՀՀ-ի և ԼՂՀ-ի հաշմանդամություն ունեցող շնորհալի երեխաների վերաբերյալ տեղեկատվական բանկը, որում ընդգրկված երեխաները մասնակցում են հանրապետությունում և արտերկրում կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումներին.
● սակավ շարժունակ անձանց գրադարանային սպասարկումն ապահովող «Ընտանեկան գրադարանավար» ծրագիրը (Լոռու և Շիրակի մարզային գրադարաններ). տրամադրվել է 15163 միավոր տեղեկույթ.
● տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար մարզային գրադարաններում տեղակայված «Արև» տեղեկատվական հաղորդակցման ծրագրի աշխատանքները. սպասարկվել է 798 ընթերցող:
Վերադառնալ
Նմանատիպ նյութեր
3615 դիտում
17:09 22-04-2017
ՀՀ ոստիկանությունն արձագանքել է ՄԻՊ զեկույցին
Այս բաժնից
949 դիտում
19:26 27-11-2024
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար
604 դիտում
19:14 27-11-2024
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը
2131 դիտում
18:52 27-11-2024
Ուժային կառույցներում մի շարք նշանակումներ են արվել