10233 դիտում
10:43 15-04-2014
Կոտայքի ոստիկանները բացահայտել են երեկ «Արզնի» թռչնաֆաբրիկայում տեղի ունեցած սպանությունը
Երեկ՝ ապրիլի 14-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ Բյուրեղավանի շտապօգնության խումբը որովայնի շրջանի «ծակած-կտրած վերք, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, նույն մարզի քննչական բաժնի պետ Ամրամ Մատինյանը, Կոտայքի բաժնի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը: Վերջիններս պարզել են, որ մահացածը Նոր Գեղի գյուղի բնակիչ, 28-ամյա Վաղինակ Սիմոնյանն էր, ով մահացած վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել Արզնիի թռչնաֆաբրիկայից:
Ոստիկանության օպերատիվ քննչական խմբերը, մեկնելով թռչնաֆաբրիկա, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, ֆաբրիկայի անասնագոմում վիճաբանություն է տեղի ունեցել մահացածի և Նոր Հաճըն քաղաքի բնակիչ, 62-ամյա Միշա Սարգսյանի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած սուր կտրող ծակող առարկայով հարվածներ է հասցրել Վ. Սիմոնյանի որովայնին:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն) հատկանիշներով: Սպանության կասկածանքով ձերբակալվել է Մ. Սարգսյանը: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մահացածն աշխատում էր «Արզնի» թռչնաֆաբրիկայում՝ որպես պահակ, իսկ սպանության կասկածյալը՝ նույն ֆաբրիկայում՝ որպես անասնապահ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորությունը՝ սպանության վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունին: