17836 դիտում
11:10 14-04-2014
Ողբերգական վրաերթ Ավշար գյուղում. 8-ամյա երեխան ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Արարատի բժշկական կենտրոնից, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ քննչական խումբը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 08:35-ի սահմաններում, Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ, 28-ամյա Աբրահամ Մամրյանը, վարելով BMW մակնիշի 34 LA 602 համարանիշի ավտոմեքենան, Ավշար գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 8-ամյա Կարեն Տերտերյանին:
Ինչպես դեպքի վայրում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին հավաքվածները, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Արարատի հիվանդանոց, սակայն ճանապարհին երեխան մահացել է:
Այս պահին դեպքի վայրում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Հայկ Հովհաննիսյանը քննչական փորձարարություն է կատարում: Վարորդը պատմում է դեպքի մանրամասները, որ երեխան դպրոց գնալիս դուրս է եկել ավտոբուսի հետնամասից և, ինքը, տեսադաշտ չունենալով, վրաերթի է ենթարկել նրան: Քննիչի հանձնարարականով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց՝ փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է սթափ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+