211652_close_icon
views-count21571 դիտում article-date 11:37 04-04-2014

Արթուր Գևորգյանը՝ իր կատարած գողության, ոստիկանապետի աղջկա ձեռքը խնդրելու, ռինգում վաստակած միլիոնների, սպաներին հայտնի աղջիկների թաղամաս ուղարկելու մասին և ավելին

ԱԺ պատգամավոր, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Արցախի հերոս Սամվել Գեւորգյանի որդին` Արթուր Գեւորգյանը, իր բացառիկ անկեղծ հարցազրույցում պատմում է, թե ինչպես է արտահայտվել ծնողների խստությունը, մանկության տարիներին որտեղից են գողություն կատարել, բակում ինչպես է հայտնի դարձել, դպրոցական տարիներին ինչի շնորհիվ է հայտնվել աղջիկների ուշադրության կենտրոնում, ուսանողական տարիներին ինչու «ռազբիրատների» չի մասնակցել, ինչպես է ծանոթացել Արթուր Աբրահամի, Վիկ Դարչինյանի, Կլիչկո եղբայրների եւ համաշխարհային ճանաչում ունեցող այլ սպորտսմենների հետ, ինչպես են ծառայության տարիներին սպաներին ուղարկել հայտնի մարմնավաճառների թաղամաս, ինչից է իրեն զրկել, ինչու է հեռացել տնից, ժամանակին նախանձել իրենց բակի անկյուններում կանգնող տղաներին, ովքեր մինչեւ հիմա էլ այնտեղ կանգնած են, որտեղ է ծանոթացել ոստիկանապետի դստեր հետ, ինչ խենթության է դիմել՝ նրան հանդիպելու համար եւ ինչպես է ոստիկանապետից խնդրել դստեր ձեռքը, իր համար նախագծված ինչ ավտոմեքենաներ է վարում, որոնք քաղաքում եւ աշխարհում միայն իրեն են պատկանում, ինչ «բրենդներից» է օգտվում եւ ավելին: [b]-Պարոն Գեւորգյան, վերջին անգամ ե՞րբ եք եղել ձեր մանկության բակում, ինչպիսի՞ ընտանիքում եք մեծացել, ի՞նչ պայմաններում, Ձեր ծնողներից գեներով ի՞նչ որակներ եք ժառանգել, ծնողները խի՞ստ են եղել ձեր հանդեպ, թե՞ ոչ: [/b] -Մեծացել եմ մանկավարժի ընտանիքում, ովքեր բավականին խիստ են եղել մեր նկատմամբ: Խիստ լինելով հանդերձ՝ կյանքի բոլոր բարիքներից օգտվելու հնարավորություն են ստեղծել: Շատ խիստ հայր ունենալու պարագայում խստությունը հիմնականում կարգապահության մեջ էր: Ես փոքրուց ռեժիմով եմ ապրել, սովորել, մեծացել: Հորս խոսքերը միշտ հնչում են ականջումս, որ տղամարդը երկար քնելու իրավունք չունի: Ամբողջ կյանքս առավոտյան 7-ից «պադիոմ» է եղել: Հայրս, երբ քնից արթնանում էր, մենք էլ՝ որպես տղա երեխաներ, պետք է արթնանայինք: Հետագա տարիներին, երբ հայրս սկսեց բիզնեսով զբաղվել, մեզ էլ էր իր հետ տանում շրջելու, որ սովորենք, թե ինչպես մարդկանց հետ զրուցել, շփվել, օգնել: Մի ամբողջ թաղամասի բնակչություն տարբեր հարցերով դիմում էր հորս եւ ստանում իր աջակցությունը: Նա մեզ ոչ թե խոսքերով, այլ գործողություններով է դաստիարակել: Դե, մենք 3 եղբայր ենք, քույր չունենք: Ավելին` եղբայրներով բավականին աշխույժ էինք: Մորս շատ էինք ջղայնացնում: Մի օր այնքան էինք ջղայնացրել, որ արտասվեց, զանգեց հորս, բողոքեց: Երեկոյան հայրս եկավ տուն, շատ խիստ ջղայնացավ մեզ վրա եւ ասաց. «Մի՛ մոռացեք, որ ես ամենաառաջինը բոլորից շատ սիրում եմ իմ կնոջը»: Դրանից հետո մեզ համար պարզ դարձավ, որ դա վերջն էր: Ծնողներիցս ժառանգել եմ աշխատասիրություն, հայրենասիրություն: Հայրս ազգային հերոս է, մարտական առաջին խաչի շքանշանակիր: Ինչ վերաբերում է մանկության բակին, ապա մինչեւ հիմա էլ ապրում եմ իմ մանկության բակում ու հենց իմ մանկության բակից էլ ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, իսկ մինչեւ այդ՝ վարչական շրջանի ղեկավար: Իմ շփումը երբեք չի դադարել մեր բակի ժողովրդի հետ: Ճիշտ է, այս տարիների ընթացքում իմ մանկության բակն էլ է փոխվել՝ արդիականացվել, բայց հին բակից էլ հետաքրքիր հիշողություններն են պահպանվել: Երեւի թե ամենապահպանված բակերն ունի Դավիթաշեն վարչական շրջանը: Ինձ հաջողվեց խաղահրապարակներ, այգիներ ստեղծել, որ ավելի երկար ծառայեն հասարակությանը: Եթե մի քիչ ավելի հեռու գնանք՝ մինչեւ Դավիթաշեն թաղամասի բարձրահարկ շենքերի կառուցումը՝ այդ տարածքում խաղողի եւ ծիրանի այգիներ էին, թթաստան: Շենքերը կառուցվեցին հենց այդ այգիների տեղում: Այդ այգիներում կար նաեւ մի հարթ կանաչ տեղ, որտեղ գնդակ էինք տշում, ֆուտբոլ խաղում: Հին դավիթաշենցիներով՝ բակի տղաներով, բարձրանում էինք այգին՝ խաղալու: Բացի այդ, դասաժամերից հետո այդ խաղողի այգիներից գողություն էինք անում: Այն ժամանակ դա հերոսություն էր, քանի որ արգելված պտուղ էր, որտեղ կար մի խիստ պահակ շան հետ: Խաղող գողանալով՝ մեզ թվում էր, թե մենք ապացուցում ենք մեր ճարպկությունը: Թող ամենամեծ գողությունները այդպիսի գողությունները լինեն: Պատմություն էր, ժամանակ էր, որն անցավ եւ այս հիշողությունը մնաց: [b]-Իսկ ինչպիսի՞ երեխա եք եղել բակում, մանկապարտեզում: Երբ ձեզ բակի հասակակիցները, հարեւանները տեսնում են, ասու՞մ են. «Արթուր ջան, բա հիշու՞մ ես…» ու մի պատմություն հիշեցնեն՝ ձեզ հետ կապված: Չեմ կարծում, թե ձեր բակի հանգիստ տղաներից եք եղել: Տղաներ կան, չէ՞, որ ամբողջ կյանքը ապրել են տվյալ բակում, բայց որ հարցնես՝ չեն ճանաչի: Ձեզ ձեր բակում ինչո՞վ էին ճանաչում: Պատահե՞լ է, որ մինչեւ բռնցքամարտով զբաղվելը բակային կռիվների ժամանակ ինչ-որ մեկին նոկաուտի ենթարկեք կամ հակառակը: [/b] -Նման դեպքեր լինում են: Մեր բակում շատ լավ եւ հարմար ֆուտբոլի դաշտ կար: Մենք թաղամասերով իրար հետ ֆուտբոլ էինք խաղում: Խաղերից մեկը հիշում եմ, որ շատ լարված էր: Տարիքով տղաների հետ էինք խաղում, որը վերջում կռվի վերածվեց: Մանկական կռիվներից էր, երբ թաղ-թաղ իրար մեջ հարց էինք լուծում: Մենք հաղթում էինք, իսկ մեծերը չէին ցանկանում համակերպվել այդ հաղթանակի հետ, այնինչ մենք այն ժամանակ արդեն սպորտով էինք զբաղվում եւ բավականին դիմացկուն ու ճարպիկ էինք: Դժվար էր հանդուրժելը, որ տարիքով փոքրերը շատ ավելի լավ են խաղում: Հետո բանից պարզվեց, որ ոչ միայն իրենցից ավելի լավ էինք խաղում, այլեւ կարողանում էինք ավելի լավ կռվել: Երեւի թե դա իմ մանկության միակ կռիվներից է: Շատ հազվադեպ է եղել, որ կռվի մեջ ներքաշվեմ: 9 տարեկանից բռնցքամարտով եմ զբաղվել, իսկ բռնցքամարտը մարդու մեջ այլ որակներ է ձեւավորում եւ կռիվ անելու ցանկությունն էլ է հանում, որովհետեւ ամբողջ օրը դահլիճում, ռինգում կռիվ ես անում եւ հոգնած, ջարդված գալիս ես տուն ու դրա հավեսը չես ունենում: Բացի այդ, վստահ լինելով քո ուժերի վրա՝ միշտ խուսափում ես: Հարեւաններն էլ են այդ կռիվը հիմնականում հիշում: Ինչ վերաբերում է նրան, թե ինձ ինչով էին ճանաչում, ապա դեռ վաղ տարիքում հաջողակ սպորտսմեն էի: Ամենաերիտասարդ սպորտի վարպետներից մեկն եմ եղել: Հայրս մեզ տարավ բռնցքամարտի: 9 տարեկանում դու չես կողմնորոշվում, թե ինչ մարզաձեւ ընտրես: Քեզ ուր տանում են, փորձում ես լավ դրսեւորվել: Եթե տանեին ջութակի, ես լավ ջութակահար կդառնայի: Ամեն ինչ կապված է տաղանդի եւ աշխատասիրության հետ: Իսկ բռնցքամարտը մի ոլորտ է, որտեղ պետք է ճարպիկ լինես, ինչպես ասում են՝ «քթի ծակ ունենաս»: Միայն ֆիզիկական ուժը բավարար չէ: Հայրս, լինելով Սովետական տարիներին հեծանվասպորտի վարպետ եւ հաղթող, որոշեց, որ բռնցքամարտը ինձ ավելի պիտանի է: Այնպես ստացվեց, որ բոլորը թաղամասում, դպրոցում՝ որպես լավ սպորտսմեն, ճանաչում էին ինձ, ինչը ստիպում էր, որ ավելի կարգապահ լինեի եւ փորձում էի սխալներ քիչ գործել: Երբ ճանաչում ես ձեռք բերում, չես կարողանում քեզ լիարժեք ազատ զգալ: Ճանաչումը բացասական կողմ չունի, սակայն, եթե վատ բնավորության գծեր ունենաս, այն կարող է քեզ փչացնել: [b]-Ի դեպ, տարածված կարծիք կա, որ դուք մեծամիտ եք: Անգամ եթե այդպես չէ, ըստ ձեզ՝ ի՞նչն է մարդկանց մոտ նման տպավորություն ստեղծում: [/b] -Ես մեծամիտ չեմ: Պարզապես մարդ եմ, որը գիտի իր արժեքն ու գինը: Կարիք չունեմ ավելորդ անգամ ֆիքսել իմ արժանապատվությունը: Դա ինքնին երեւում է: Իմ բնությունն է այդպիսին: [b]-Դպրոցական տարիներին ո՞ր տղաների «դասին» էիք պատկանում` սովորո՞ղ, հարցեր լուծո՞ղ, թե՞ աղջիկների ուշադրության կենտրոնում գտնվող: Կամ եղե՞լ է, որ դպրոցական տարիներին աղջիկներից անանուն նվերներ, նամակներ ստանաք: [/b] -Պատանի տարիքում բացակայություններս շատանում էին, որովհետեւ Սովետական միության հավաքականի անդամ էի, ինչը ստիպում էր, որ մի քանի անգամ ավելի լավ սովորեի: Սպորտսմենը մեծ արժանապատվության տեր մարդ է եւ քեզ դուր չի գալիս, երբ ինչ-որ հարցում թերանաս կամ ինչ-որ մեկը քեզնից մի բան շատ ավելի իմանա: Դա քեզ ստիպում է բոլոր բնագավառներում լինել առաջինը: Կային նաեւ մի քանի ֆիքսված առարկաներ, որտեղ ես ինձ փայլուն էի դրսեւորում, եւ իմ դասարանի գերազանցիկները, այսպես ասած, գիրք «կրծողները», քննությունների ժամանակ խնդրում էին, որ իրենց օգնեի: Դրանով ես ինձ լավ էի զգում: Միաժամանակ միշտ եղել եմ աղջիկների ուշադրության կենտրոնում: Հնարավոր չէ լինես լավ ատլետ, լավ սպորտսմեն, ճարպիկ, խելացի տղա եւ չլինես աղջիկների ուշադրության կենտրոնում: Ավելին` չկա մի տղամարդ, որին դուր չգա աղջիկների ուշադրության կենտրոնում գտնվելը: Ես մի քանի դասարան եմ փոխել: Իմ շատ ակտիվ լինելու պատճառով ծնողական ժողով էին հրավիրում, աղջիկների ծնողները շատ ժամանակ բողոքում էին, քանի որ իրենց աղջիկները ինձ հետ մոտիկություն էին անում: Ես խանգարում էի դասերին: Ավելի ճիշտ՝ դասերը ինձնով շեղվում էին: «Ա»-ից տանում էին «Բ» դասարան, հետո «Ա»-ն խնդրում էր, որ ինձ վերադարձնեն էին եւ այդպես շարունակ: Միշտ նման աժիոտաժներ են եղել: Ինչ վերաբերում է նամակներին, դրանք շատ են եղել, բայց չէի ցանկանա ինչ-որ մեկն առանձնացնել, որովհետեւ հատուկ ոչ ոք չի տպավորվել: Այդ տարիներին ամենաանմեղ զգացմունքներն են: Ցանկացած գեղեցիկ աղջիկ ինձ կարող էր դուր գալ: Կարող էի շաբաթը մեկ սիրահարվել: /Ծիծաղում է/ [b]-Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտն եք ավարտել, մեծ հաջողությունների հասել բռնցքամարտի ասպարեզում: Ուսանողական տարիներին ձեզ հաճա՞խ են կանչել «ռազբորկաների»: Հայտնի բռնցքամարտիկներից ու՞մ հետ եք մոտ եւ ինչպե՞ս ծանոթացաք Արթուր Աբրահամի հետ: [/b] -Ես այնքան կարգապահ եմ եղել եւ միշտ հավաքներով զբաղված, որ «ռազբորկյաների » մեջ հայտնվելու համար ժամանակ չեմ ունեցել: Մենք քիչ շփվող ենք եղել: Օրվա պլան ունեինք` տուն, մարզում, տուն, մարզում: Շատ ժամանակ երեւանցի լինելով՝ ապրում էի հյուրանոցում, որ իմ ընտանիքի անդամները, ընկերները չշեղեին հիմնական գործից: Իրենք հիմնականում հանգստի օրերին էին ինձ տեսնում: Բայց ուսանողական տարիներից մի դեպք պատմեմ: Ավարտական քննության ժամանակ դասախոսներիցս մեկը անուն-ազգանունս կարդաց, գլուխն էլ չբարձրացրեց, ասաց՝ «դու էն օլիմպիադայի գնացող բռնցքամարտի՞կն ես» եւ արհամարհական ասաց՝ «լավ, ստացել ես»: Նկատողություն արեցի, ասացի՝ «ի՞նչ է նշանակում՝ լավ, ստացել ես, հարցաթերթիկը տուր, պատասխանեմ»: Աչքերը բարձրացրեց, ասաց՝ «կարո՞ղ ես», ու նույն զարմանքը ապրեց նաեւ իմ պատասխանից: Դասախոսը մինչեւ հիմա հիշում է եւ մեծ հարգանքով է լցված իմ անձի հանդեպ: Մինչեւ այսօր էլ, եթե չեմ սխալվում, նկարս փակցված է համալսարանի պատին: Վատ կարծիք էր ձեւավորվել լավ սպորտսմենների վերաբերյալ, թե նրանց որոշակի աջակցություն կա: Այդ քայլով միեւնույն ժամանակ փչացնում էին լավ տղաներին: Եթե լավագույն սպորտսմենների մեջ մի անգրագետը կար, բոլորին նույն «արշինով էին չափում»: Ես կարողացա ստիպել հասնել նրան, որ ինչու չէ Եվրոպայի, ե՛ւ աշխարհի լավցագույն մրցանակակիրներից շատերը իսկապես խելացի են : Եթե ինչ-որ մեկը հաստագլուխ է լինում, ասում են՝ «տարեք բռնցքամարտի»: Բայց բռնցքամարտը հաստագլուխների տեղը չէ: Այստեղ մտածել է պետք եւ արագ կողմնորշվել: Իսկ արագ կողմնորշվելու առումով ռնցքամարտիկները գերազանցում են բոլորին : Սա նաեւ բնավորությունների կռիվ է՝ ով ում կխաբի, ով է ումից ճարպիկ: Ինչ վերաբերում է Արթուր Աբրահամի հետ ծանոթությանը, երբ նա եկավ մեր թիմ, ես արդեն Հայաստանի Հանրապետության լավագույն բռնցքամարտիկներից էի: Ինքը շատ աշխատասեր բռնցքամարտիկ էր ու երբեք չէր քաշվում հարցեր տալուց: Նույնիսկ չափից շատ էր հարցեր տալիս: Առաջին անգամ, երբ գնացինք հավաքի, մոտեցավ եւ խնդրեց, որ իմ հետ նույն սենյակում մնա: Ինքը ուզում էր սովորեր, տեսներ՝ երբ ես քնում, ինչ ես անում, ոնց ես անում: Վերջերս, երբ Արթուրը քաղաքում էր, հիշեցինք այդ օրը: Ինքը զարմացած ասում էր՝ «հիշու՞մ ես»: Ասում էի՝ «իհարկե, հիշում եմ»: Նա նաեւ իր համեստ որակներով է աչքի ընկնում: Մեծամիտ չէ: [b]-Իսկ իրար դեմ մենամարտի դուրս եկե՞լ եք, թե՞ ոչ: [/b] -Մենք տարբեր քաշային կարգեր ունենք: Ինքը ինձնից քաշով բարձր է: Իմ քաշայինները նեղվում էին ինձ հետ մենամարտելուց:, իսկ Արթուրը պինդ եւ պատրաստ էր: Նա ասում էր, որ ինքը որպես «պարտնյոր» կլինի: Միաժամանակ ինչ-որ մի բան փորձում էր սովորել: Ինքը այդպիսին է եւ դրանով էլ հասավ հաջողության: Մեր ժամանակ մի տեսակ արգելք կար եւ թշնամությամբ էին լցվում, երբ բռնցքամարտիկը գնում էր պրոֆեսիոնալ ռինգում մրցելու: Ես առաջիններից մեկն եմ եղել, ով ունեցավ այդ համարձակությունը եւ գնացինք պրոֆեսիոնալ ռինգում կռվելու: Ես էի, Վիկ Դարչինյանը, Արամ Ռամազյանը եւ Արտյոմ Սիմոնյանը: Ինչ հիշում եմ, մեր ավագ մարզիչները պայքարում էին մեր դեմ: Լավ սպորտսմենը բնավորություն է ունենում, նա չի կարող բույս լինել եւ անընդհատ մեր ներվային դաշտի վրա էին աշխատում: Մենք, եթե պրոֆեսիոնալ թիմ ունենայինք, կարող էինք շատ ավելի բարձր արդյունքներ ցույց տալ: Ես պրոֆեսիոնալ թիմ տեսա, երբ գլխավոր մարզիչ եկավ Դավիթ Թորոսյանը: [b]-Ծառայության տարիներին ինչո՞վ աչքի ընկաք: Բանակում «չեպեներ» ունեցե՞լ եք, թե՞ ոչ: Ընկերներով, որ հավաքվում են եւ մի քանի բաժակից հետո ծառայության տարիները հիշում, որոշ պատմություններով գլուխ գովու՞մ եք դուք, ո՞ր պատմությունն եք հաճախ հիշում: [/b] -Ծառայությանս տարիները շատ սպորտային են անցել: Ծառայել եմ հայկական բանակի սպորտային ակումբում եւ ամենահիշվող պատմությունը նա էր, որ ներկայացրեցի հայկական բանակը զինվորականների հայկական օլիմպիադայում: Մասնակցել եմ 1996 թ-ի Ատլանտայի օլիմպիական խաղերին, 2000 թ-ի Սիդնեյի օլիմպիական խաղերին եւ մի օլիմպիական խաղ էլ բանակայինների համար՝ Հռոմում: Շատ պատվաբեր գործ էր, երբ զինվորական հագուստով ներկայանում ես ամբողջ աշխարհին: Այնտեղ լավագույն հայ սպորտսմեններով էինք՝ Արմեն Նազարյանը, ով դարձավ ըմբշամարտի բանակայինների օլիմպիական խաղերի չեմպիոն, բռնցքամարտիկներից Արտյոմ Սիմոնյանը, ով այսօր պատանիների հետ մարզիչ է աշխատում, Ուկրաինայից Կլիչկո եղբայրներն էին, Ալեքսանդր Լեբդիակն էր, ով այսօր Ռուսաստանում մեծահասակաների գլխավոր մարզիչն է: Մինչեւ այսօր էլ իրար հետ կապ ունենք: Զինվորականների օլիմպիական խաղերը նաեւ շատ հումորային անցան: Մի մասը հիմա հիշելու բան չի: Սպորտսմեններով ավելի ճարպիկ էինք, քան մեզ հետ ներկա գտնվող սպայական կազմը: Դե, մենք ավելի շատ էինք արտերկրում եղել եւ օյինբազություններ էինք սարքում մեր սպայական կազմի գլխին: Նկատել էինք, որ մեր հյուրանոցից մի երկու փողոց այն կողմ հայտնի աղջիկների փողոց կար: /Ծիծաղում է/ Խոսքի մեջ սպաներին ասացինք տեղը՝ համոզված լինելով, որ գնալու են եւ հետաքրքիր պատմության մեջ հայտնվելու: [b]-Ո՞րն է եղել ձեր առաջին աշխատանքը եւ ո՞ր տարիքում: Ինչպես նաեւ ի՞նչ աշխատանքի արդյունքում միլիոնատեր դարձաք: Կհիշե՞ք, թե առաջին անգամ պրոֆեսիոնալ ռինգում որքան գումար վաստակեցիք: [/b] -Ես Սովետական միության տարիներին սպորտի վարպետ դարձա 15 տարեկանում եւ ինձ նշանակեցին մարզիչ: Ես ստանում էի պետական աշխատավարձ, որը բավականին մեծ գումար էր: Այդ տարիքում արդեն փող ես տանում տուն: Հենց առաջին աշխատավարձս էլ տարել, մորս եմ տվել, քանի որ դրանով ես դու քեզ լավ զգում: Հետագայում գումար աշխատելու հիմնական աղբյուրը պրոֆեսիոնալ ռինգն է եղել: Առաջին վաստակածս գումար պրոֆեսիոնալ ռինգում մոտ 5 հազար դոլար էր ու գնալով ավելացավ: Հետո այդ վաստակած գումարները բիզնեսի մեջ ներդրեցի մինչեւ քաղաքական ասպարեզ գալը: Հենց այսօր ես իմ հավաքական թիմի մարզիկներին էլ հորդորում եմ, ճիշտ ճանապարհն եմ ցույց տալիս, որ իրենք կարող են հասնել այդ մեծ գումարներին եւ դառնան միլիոնատեր՝ հոգալով մի ամբողջ գերդաստանի հոգս: Ես կհասնեմ նրան, որ Երեւան քաղաքում լավագույն ապրողները, ավտոմեքենա վարողները, տան մեջ ապրողները կլինեն իմ բռնցքամարտիկները: [b]-Շատերի մոտ տպավորություն կա, թե սպորտսմենները հեշտ ճանապարհով մեծ գումարներ են վաստակում: Կառանձնացնե՞ք այն դժվարությունները, որոնք հաղթահարելով եք հաջողությունների հասել: [/b] -Եթե դա հեշտ ճանապարհ է, բոլորին կհորդորեմ այդ ճանապարհով գումարներ վաստակել: Ամբողջ սպորտային կյանքիդ ընթացքում 13 տարեկանից սկսած դու չես ուտում այն, ինչ ուզում ես: Դա բնավորություն, ապրելակերպ է դառնում: Ես ուտում եմ այն, ինչ ինձ պետք է, ոչ թե այն, ինչ դուր է գալիս: Ես նախանձում էի իմ բակի տղաներին, ովքեր պարապ շենքերի անկյունում կանգնած էին: Երբ պայուսակը ուսիս գցած գնում էի մարզումների, ասում էի՝ «երնեկ այս տղաներին»: Երբ դժվարությամբ Ծաղկաձորում Դեղերիս լեռն էինք բարձրանում, որը բարձրանալը շատ դժվար է, այդ դժվարության ժամանակ ինքդ քեզ հետ վեճի մեջ ես, պայքարում ես, հայհոյում ամբողջ աշխարհին, ասում՝ «տես, մյուսները աղջիկների հետ ժամանակ են անցկացնում բարերում, «կաֆեներում» լինում, իսկ մենք չգիտենք, թե բարն ու «կաֆեն» ինչ է: Դու քեզ զրկում ես շատ ու շատ բաներից եւ այդ նեղ միջանցքում դու տեսնում ես միայն օլիմպիական խաղերը եւ չեմպիոնական տիտղոսը՝ տարիներ շարունակ: Բայց տարիները անցան, մեր բակի տղաները մինչեւ այսօր մնացել են շենքի անկյուններում կանգնած, բայց դու բարձրանում ես, քայլում առաջ: Այսինքն` քո զրկանքները տարիների ընթացքում արդարացվում են: Քո մեջ ստեղծվում է մարդկային, կամային որակ, որ ցանկացած բնագավառում հաղթող լինես: [b]-Քաղաքում ինչպե՞ս հայտնի դարձաք՝ ձեր կերպարո՞վ, ռեստորաններու՞մ, խաղասրահներու՞մ. ձեր արկածներո՞վ, թե՞ «ռազբորկաներով »: Ասում են՝ սպորտսմենները հաճախ են լինում խաղասրահներում: [/b] - Երեւի թե ինձ ամենամեծ ճանաչումը սպորտն է տվել: Խաղացող չեմ: Ռինգում քրտինքով վաստակած գումարը չես կարող խաղատներում կորցնել: Այդ գումարը դու չես գտել: Խաղատների հետ սեր չունեմ: Ես նաեւ գինարբուք, սեղաններ մինչեւ այսօր չեմ սիրում եւ ոչ մի միջոցառման երկար չեմ մնում: Իմ ժամն ունեմ, ոչ ոքի պատասխանատու չեմ, երբ որոշում եմ, դուրս է գալիս: Դա էլ պայմանավորված կարգապահությամբ, չափի զգացողությամբ: [b]-Զրուցակիցներիցս շատերը պատմել են, որ ամուսնացել են իրենց եղբոր, կնոջ քրոջ հետ կամ տարել են կնոջը հարազատների հետ ծանոթացնելու, պարզվել է՝ իրենց բարեկամն է, փախցրել են: Հայտնի է, որ ձեր գեղեցկուհի կինը ոստիկանապետի դուստրն է: Ինչպե՞ս ծանոթացաք նրա հետ: Արդյոք հե՞շտ էր ոստիկանապետից աղջկա ձեռք խնդրելը: [/b] -Ոստիկանապետը շատ ադեկվատ, խելացի, հավասարակշռված մարդ է: Եթե իր աղջկա ընտրությունը անհաջող լիներ, կփորձեր խոչընդոտել: Մենք մի թաղամասի բնակիչներ ենք: Ես, երբ դպրոցը ավարտել եմ, իմ կինը դեռ դպրոց չէր գնում: /Ծիծաղում է/ Նա փոքրիկ, սիրունիկ աղջիկ էր: Առաջին անգամ, երբ տեսա, իմ մտքով չէր կարող անցնել, որ այդ փոքրիկ աղջիկը կարող է իմ կինը դառնալ: Իրենք լավ Դոբերման տիպի շներ ունեին եւ երբ հանում էին շներին ման տալու, աժիոտաժ էր տեղի ունենում, որովհետեւ բոլորը վախենում էին: Արդեն Միացյալ Նահանգներում, երբ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էի եւ այնտեղ էի ապրում, այնտեղից զանգահարեցի նրան: Մինչեւ այդ չեմ մոտեցել: Ծանոթացանք: Ասաց՝ ինչի՞ մասին է խոսքը: Ասացի, երբեք մի ասա երբեք, մենք դեռ կհանդիպենք: Կինս այն ժամանակ չգիտեր, որ ինչ ասում եմ, այնպես էլ լինում է: Եվ հանդիպեցինք, բայց մոտ 5 տարի անց: Մի օր մայրս եկավ տուն, ասաց, որ ծանոթի խանութում մի շատ սիրուն աղջիկ է տեսել, շա՛տ: Մայրս է պատճառ դարձել: Ծանոթուհուն զանգեցի, ասաց, որ՝ հ՛ա, Վլադիմիր Գասպարյանի աղջիկն է: Խնդրեցի, որ եթե մի տեղ դուրս գալու լինեն, ինձ ասեն: Այդ ժամանակ «թռի վռի » կյանքով էի ապրում եւ որտեղ խելքս «բրթում» էր, գնում էի: Այդ օրերին էլ Ռոստով գնացի: Օդանավից նոր էինք իջել, այդ աղջիկը զանգեց, ասաց, որ ժամը մեկին լինելու են սրճարանում: Հենց օդանավում ասացի՝ «տոմս փոխեք»: Մեզ եկել էին դիմավորելու, բայց հետ գնացի եւ հանդիպեցի: Երկու ամիս հետո նշանվեցինք եւ եւս երկու ամիս անց ամուսնացանք: Երբ ոստիկանապետին ասացի, որ «ուզում եմ ձեզ մոտ գամ, խոսելու բան կա», նա ասաց՝ «քեզ կասեն, երբ գաս», սակայն արագ կողմնորոշվեց եւ իր ճշտումները արեց. հասկացավ, թե ինչումն է բանը: Տանը Աննային հարցրել է՝ «ինձ ասելու բան ունե՞ս», ու Աննան պատմել էր: Հետո գնացի ոստիկանապետի մոտ, զրուցեցինք: Ես եւ Վլադիմիր Գասպարյանը ընդհանուր բնավորության գծեր ունենք եւ մեր մեջ ընդհանուր համակրանք առաջացավ: Վլադիմիր Գասպարյանը նաեւ իմ հորն ու իմ ընտանիքին էր ճանաչում, հետեւաբար խոչընդոտներ չեղան: [b]-Թույլ տալի՞ս եք, որ ձեր կինը աշխատի, ուզածի պես հագնվի, ուր ուզի, գնա, թե՞ որոշ արգելքներ եք դնում: Ինչպես ասում են՝ «բզիկներ» ունե՞ք, թե՞ ոչ: [/b] -Իմ կինը չի աշխատում, որովհետեւ չի ուզում: Նա մեր բալիկներին է պահում: Աղջիկներս շատ ակտիվ են. պարում են, երգում: Իմ հետ ապրողը ինքն էլ է կամաց- կամաց դառնում սպորտային: Իմ կինը շատ համեղ կերակուրներ է պատրաստում եւ դա «հոբբի» է: Ինչ վերաբերում է «ուր ուզել գնալուն», իհարկե, ուր ուզեն՝ կգնան: Բայց, երբ քո կինը քո հետ ապրում է, դառնում է քեզնից մեկը: Այսինքն` նրա եւ քո ցանկությունները սկսում են իրարից չտարբերվել: Եվ չի կարող քո կինը մի բան ուզել, որը հակասում է քո բնավորությանը եւ քո տիպին: Բայց պարտադիր պայման է, որ դու իմանաս՝ ուր են գնում, ինչի են գնում: Այսինքն` հնարավոր չի, որ դու գաս տուն եւ տանը մարդ չլինի: Դա ընդունելի տարբերակ չէ ինձ համար: Աբսուրդ է: Եվրոպական մոդելը, որ մարդու ու կին մեքենայով անցնում են քաղաքով եւ իրար տեսնելիս՝ ազդանշան տալով բարեւում, անցնում, դա մերը չէ: [b]-Խի՞ստ հայր եք, թե՞ ոչ: Կամ հնարավորություն ունենալով հանդերձ՝ զրկե՞լ եք նրանց ինչ-որ բանից՝ հասկանալով, որ դա իրենց պետք չէ: Ձեզանից գումար խնդրու՞մ են, թե՞ ոչ: [/b] -Իմ երեխաները նույնիսկ չգիտեն, թե գումարը ինչի համար է: Իհարկե, խիստ հայր եմ, բայց ստեղծում եմ մաքսիմալ հնարավորություն, որ իրենք իրենց մանկությունը լավ ապրեն եւ իրենց կյանքը կոմֆորտի վերածվի: Իմ երեխաները շատ հագեցած են, ագահ չեն: Ինձ դուր է գալիս, երբ իրենց ունեցածը հեշտությամբ են նվիրում: Կառչած չեն ունեցածից, ինչից ես ինձ լավ եմ զգում: Երեխան այն անմշակ հումքն է, որին դու հետագայի համար պետք է ճիշտ հունի վրա կանգնեցնես: Իսկ եթե լավը չեղավ, դու նրան չես կարող մեղադրել: Մեղավորը ծնողն է: Անուշադրության կմատնես, հետագայում անուշադրության էլ կմատնվես: [b]-Հաճախ հաջողությունների են հասնում մարդիկ, ովքեր ոչ խելք ունեն, ոչ փող, ոչ շրջապատ: Ի՞նչ եք հասկացել, իրականում ի՞նչ է պետք հաջողության հասնելու համար: [/b] -Հաջողություն, խելք կրթություն: Չափորոշիչը չպետք է լինի այն, ինչ այսօր տեսնում ենք: Կգա ժամանակը, որ մեր հասարակության հաջողության հասած թափթփուկները կկորցնեն իրենց հաջողությունը եւ նրանց նմանները էլ հաջողությունների չեն հասնի: Օրենքի երկիրը ստիպում է, որ նման մարդկ դուրս մնան խաղից: Կան, չէ՞, տեսակներ, որ հաջողության հասնելու ոչ մի արժանիք չունեն, ինչպես նշեցիք, բայց չգիտես ինչու, բախտը ժպտացել է: Նրանք, ինչպես շատ արագ ձեռք են բերել, այդպես էլ կորցնելու են: Այնքան մարդու անուններ կարող եմ հիշել, ովքեր քաղաքում որպես «հարուստ անուններ են թնդում», բայց նրանց արմատների մասին չես կարող հիշել, հետքը չի երեւում: Դա խոսում է նրա մասին, որ արմատ-սերունդ չկա: Հիմքը խարխուլ է: Անգրագետն իրենց հետո անգրագետ սերունդ է թողնում: [b]-Բրենդամո՞լ եք, թե՞ ոչ: Ո՞ր «բրենդներից» եք հագնվում: Ի՞նչ արժեն ձեր ամենաթանկ եւ էժան հագուստները: Ինչերի՞ հավաքածու ունեք: [/b] -Բրենդամոլ չեմ, բայց շորասազ եմ: Հատուկ «բրենդ» չկա, որին նախապատվություն տամ: Սիրում եմ օգտվել այն ֆիրմաների խանութներից, որտեղ ինձ լավ են ընդունում: Կախված է հաճախորդին գրավելու աշխատանքից: Հետո, կան «բրենդներ», որոնք քեզ սազում են եւ ճիշտ կառուցվածք ունեցող մարդկանց համար է: Կան մի շարք «բրենդներ», որ ստեղծված են ասիական ժողովուրդների համար, քանի որ ընդունված է, որ ով գումար ունի, պետք է փորով եւ անճոռնի լինի: Նորմալ երկրներում հարուստ մարդիկ գեր չեն: Հաջողակ լինելը ստիպում է մարդկանց, որ լավ մարզավիճակում լինեն: Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը այդպիսին լինի, որ ոչ թե բրենդամոլ, այլ սպորտամոլ լինեն: Եթե դու լավ մարզավիճակում լինես, քո հագի «զիբիլը» կփայլի էն մյուսի միլիոնանոց հագուստից: Ես ուզում եմ, որ մեր տղաների, աղջիկների համար մարզվելու հնարավորություն, ակումբներ բացենք, որ սպորտը նրանց կյանքի մի մասը դառնա: Դա մեզ շատ է պետք, որովհետեւ մենք ուտող-խմող, քյաբաբ ուտող ժողովուրդ ենք: Եթե չստեղծենք այդ սպորտային մթնոլորտը, մենք հետ կմնանք ամբողջ աշխարհից: [b]-Առաջին անգամ ո՞ր տարիքում եւ ի՞նչ ավտոմեքենա եք վարել: Հիմա ի՞նչ ավտոմեքենա եք վարում: Պահու՞մ եք ձեր ավտոմեքենաները, թե՞ ոչ: [/b] -Այնպես է ստացվել, որ ես միշտ լավ ավտոմեքենաներ եմ վարել՝ ամենալավը, ամենագեղեցիկը: Սկսել եմ Նիվայից: Հայրս մեզ այնպես էր դաստիարակել, որ մինչեւ դպրոցը չավարտեցինք, անգամ ավտոմեքենայի ղեկին չենք նստել: Վարորդ վարձեց, ով մեզ սովորեցրեց վարել, եւ մենք մեր մեքենայով էինք գնում մարզումների: Երկրորդն էլի Նիվա էր, երրորդն էլ էր Նիվա, որը այն ժամանակ շատ արդիական էր: Քաղաքում նաեւ մենք ենք առաջին Jeep Cherokee-ն քշել: Դա էլ էր նվեր, բայց մեքենաները չեմ պահում: Չեմ սիրում կառչել գույքից: Միացյալ Նահանգներում ընկերներ ունեմ, որոնք աշխարհում լավագույն դիզայներներն են ավտոմեքենայի թյունինգավորման հարցում: Այնպես է ստացվել, որ վերջին 7 տարվա ընթացքում իրենց մեքենաներից եմ վարել, ովքեր իմ համար հատուկ էքսկլյուզիվ մեքենաներ են ստեղծում: Ներկայիս մեքենան, որ վարում եմ «G 63» է, եւս իրենց դիզայներական աշխատանքն է: Շատ բաներ կան, որ հատուկ ինձ համար է նվեր արված: Դրանից առաջ «X6 M» էր, որը շատ սպորտային մեքենա է եւ եւս առանձնանում էր իր տեսակով: Հավաքածուներից սպորտային կրծքանշանների հավաքածու ունեմ՝ բոլոր օլիմպիական խաղերից՝ 1908 թ-ից սկսած: [b]-Ինչպես հասկացա, կյանքի հաղթող տեսակներից եք: Կա՞ մի բան, որ կյանքում ձեզ անզոր, պարտված եք զգացել եւ կհամաձայնեի՞ք ռինգում պարտություն կրել դրա դիմաց: [/b] -Իհարկե, եղել են դժբախտություններ, որոնք ամեն գնով կցանկանայիր կանխել: 15 տարեկան տղայի համար հայր կորցնելը, ով քո կյանքում հիմնական դերն է խաղում՝ որպես ծնող, դաստիարակ, ընկեր, դա մեծ հարված է: [b]-Հայտնի երգում ասվում է, որ «էլ չենք լինի 20 տարեկան»: Ի՞նչ թողեցիք այդ տարիներին, որ արժեր նորից վերապրել: [/b] -Էլ չեմ լինի 20 տարեկան եւ չեմ էլ ուզում: Դա այն վտանգավոր տարիքն է, որ՝ փառք Տիրոջը, որ անփորձանք անցնում ես: Ամենաաշխույժ, վտանգավոր, արկածներով լի տարիքն է: Էլի եմ ասում՝ փառք Տիրոջը, որ անփորձանք անցել ենք այդ տարիքը, էլ ինչի՞ վերապրենք: Ինչի՞ համար: [b]-Ուրեմն ձեր կյանքը 20-ից հետո էլ ավելի հետաքրքիր է դասավորվել: Ցանկանում եմ, որ այդպես էլ շարունակվի: Ցանկանում եմ նաեւ, որ ինչպես բռնցքամարտի ռինգում, այնպես էլ կյանքում, նպատակների իրականացման ճանապարհին միշտ խաղից հաղթող դուրս գաք: [/b] Զրուցեց [b]ՏԱԹԵւ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b] Լուսանկարները՝ [b]ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր