211652_close_icon
views-count25295 դիտում article-date 00:14 19-05-2024

Արտակարգ դեպք` Արմավիրի մարզում. «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝  մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղից դեպի «Զվարթնոց» օդանավակայան՝ «Liana Garden» ռեստորանային համալիրի մոտ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, ապա պայթյունի ձայն լսվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը, «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայում բռնկված կրակի դեմ փորձել են պայքարել վարորդն ու քաղաքացիները:

Ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Օպերատիվորեն ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Կարեն Աթոյանն ու պարեկ Համլետ Առաքելյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաեւ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին՝ Երեւանի բնակիչ, 34-ամյա Արսեն Գ.-ին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գեւորգ Միքայելյանը:
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձեւակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եւ քիչ առաջ հայտնի դարձավ, որ վարորդը հոսպիտալացվել է Էջմիածնի բժշկական կենտրոն:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր