211652_close_icon
views-count36206 դիտում article-date 17:57 16-05-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա. բնակիչները անփութության մեջ մեղադրում են Երևանի քաղաքապետարանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 16-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի և ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, ինչի պատճառով էլ քաղաքացիներին պատճառվել է նյութական վնաս:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քրիստափորի 3-րդ շենքի փողոցում հաստաբուն թթենու մի հսկայական ճյուղ կոտրվել և մոտ 12 մետր բարձրությունից ընկել է բակում կայանված «Toyota» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների վրա:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Գրեթե 2 ժամից ավելի է՝ վնասված ավտոմեքենաների սեփականատերերն ու շենքի հարևանությամբ բնակվող բնակիչները սպասում են, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, սակայն դեռևս չեն այցելել դեպքի վայր:

Որոշ ժամանակ անց ժամանեցին Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման կենտրոնի աշխատակիցները, ովքեր ասում էին, որ խնդրի մասին իրենք շուտվանից գիտեն, ու մի անգամ էտել են այդ վտանգավոր ծառը:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«էս ծառի մասին մի 40 անգամ ահազանգել ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ. ամեն անգամ խոստացել են, որ ծառը ոչ միայն պետք է էտվի, այլ այն ամբողջությամբ պետք է հեռացվի:

Վերջին անգամ երեկ էր՝ էլի եկան, նկարեցին, գնացին:

էնքան են եկել նկարել, որ կարող են մի ցուցահանդես բացել, անունն էլ դնել՝ Ավինյանը ինչպես է վտանգավոր ծառի մասին բացառիկ լուսանկարներ հավաքել:  Որ պիտի գայիք մենակ նկարեիք ու գնայիք ու օգուտ չտայիք, ում էր պետք ձեր գալը, էնա կասեիք, մենք կնկարեինք կուղարկեինք, իզուր ձեր թանկ ժամանակը չէիք վատնի, իսկ եթե լուրջ՝ եթե ժամանակին ձեր խոսքը գործի վերածեիք ու վտանգավոր ծառը հեռացնեիք, այսօր այս վիճակը չէր լինի:

Միակ սփոփանքը նա է, որ լավ է՝ տուժածներ չկան, մարդիկ չեն տուժել: Նկատի ունենք, որ այդ պահին նշված հատվածում քաղաքացիներ չեն եղել, հակառակ դեպքում դեպքը կարող էր այլ ելք ունենալ: Հիմա չգիտենք՝ ով է պատասխան տալու, ով է փոխհատուցելու քաղաքացու կրած վնասը, երևի դա մենակ Աստծուն է հայտնի:

Սրա մեղավորը հիմնականում քաղաքապետարանի չինովնիկներն են, ովքեր մեր բազմաթիվ ահազանգերին պատասխանել են շատ ուշ, իսկ եթե դեպքի վայր էլ եկել են, բավարարվել են միայն ծառը նկարելով ու սին խոստումներ տալով»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր