211652_close_icon
views-count4109 դիտում article-date 22:38 27-03-2014

Հարգելի գործընկերներ, դիմեք նախարարություն 24 ժամ, մենք պատրաստ ենք աջակցել յուրաքանչյուր հարցում. Հարություն Քուշկյան

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է «Թ.Քամալյանի անվան բժշկական քոլեջ» ՊՈԱԿ: Նա շրջել է հաստատությունում, ծանոթացել շենքային պայմաններին, հանդիպել անձնակազմին: Տեղում հրավիրված խորհրդակցության ժամանակ քոլեջի աշխատակիցները նախարարի հետ քննարկել են ինչպես կրթօջախի գործունեության, այնպես էլ բուժքույրական գործի ուսուցմանն առնչվող հարցեր: Նախարարը մեկ անգամ ևս փաստել է, որ բուժքույրական գործի ճիշտ կազմակերպումը պայմանավորված է ոչ միայն գրագիտությամբ, այլև նվիրումով: Նա կարևորել է մասնագիտական շփումները, փորձի փոխանակումը, կրթական ծրագրերի արդիականացումը: Հարություն Քուշկյանը նշել է նաև, որ Արցախում կանցկացվեն բուժքույրական կոնֆերանսներ, համաժողովներ, որոնք մասնագիտական շփումների առիթ կդառնան: Նախարարը կիսվել է իր մտադրություններով և ծրագրերով, որ լրջագույն բարեփոխում է իրականացվելու ծննդօգնության ոլորտում, ինչին մեծ ներդրում պետք է ունենան հենց բուժքույրերը: «Եկել եմ մեծ հպարտությամբ, ուրախ եմ, որ միասին բեկումնային փոփոխություններ ենք կատարելու: Հարգելի գործընկերներ, դիմեք նախարարություն 24 ժամ, մենք պատրաստ ենք աջակցել ձեզ յուրաքանչյուր հարցում»‰-, նշել է նախարարը: Այնուհետև Հարություն Քուշկյանն այցելել է Արյան փոխներարկման բաժանմունք: Բացի տարածքային, սառնարանային խնդիրներից այստեղ կան նաև լուծում պահանջող կազմակերպչական հարցեր: Նախարարն այցելել է «Ձեռք-ձեռքի»‰ հասարակական կազմակերպության Կանանց կլինիկա, ծանոթացել կազմակերպության կազմում գործող շարժական ատամնաբուժական կլինիկայի հնարավորություններին: ԼՂՀ առողջապահության նախարարը հանձնարարել է ներկայացնել շարժական կլինիկայի միջոցով գյուղական բնակավայրերում ատամնաբուժական ծառայություններ մատուցելու ծրագիր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր