211652_close_icon
views-count1468 դիտում article-date 13:03 27-03-2014

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Թատերարվեստի հարգարժան գործիչներ, Ամեն տարի այս օրը՝ մարտի 27-ին, աշխարհի տարբեր ծայրերում հանդիսավորապես նշվում է Թատրոնի միջազգային օրը՝ որպես թատրոնի մշակների ու գործիչների մասնագիտական տոն: Տոն, որը մեկ անգամ ևս առիթ է՝ ամփոփելու և արժևորելու Ձեզ, Ձեր կատարած աշխատանքը, թատրոնի երախտավորներին ու նրանց թողած ավանդները: Այս օրը մեր մշակութային կյանքում սիրված ու սպասված տոներից է և հազարամյակների պատմություն ունեցող հայ թատրոնը նույնպես իր մասնակցությունն ունի մասնագիտական տոնին: Թատրոնը մարդկության երազների, իղձերի ու վեհ գաղափարների կերտման, անցյալի ու ներկայի համամարդկային արժեքների բյուրեղացման մի ինքնատիպ քուրա է, որը սիրո, բարության, հայրենասիրության անվերաջանալի դասեր է տալիս: Այդ զարմանալի արվեստն առանձնանում է ունեցածի արժևորման ու նորի գիտակցման ներդաշնակությամբ: Իր տեսակով թատրոնը միաժամանակ համադրում է արվեստի մի շարք ճյուղեր՝ այն դարձնելով առավել պահանջված ու դիտարժան: Թատրոնը մեր կյանքում առանցքային տեղ է գրավում, որովհետև հայ մարդն իրեն հուզող բազմապիսի հարցերի ու խնդիրների լուծման բանալին փնտրել է նաև թատրոնում` առանձնահատուկ վերաբերմունք տածելով թատրոնի և թատերական գործիչի հանդեպ: Համոզված եմ, որ այդ հարգանքը փոխադարձ է, և Դուք Ձեր նվիրումով, անձնվեր աշխատանքով մշտապես կանգնած եք հայ թատրոնի ակունքներում ու փորձում եք արդարացնել հանդիսատեսի սպասումները: Հարգելի գործընկերներ, Թատրոնի միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ թատերական բոլոր գործիչներին և թատրոնի նվիրյալներին, մաղթում արևշատություն, ստեղծագործական խիզախումներ ու լեփ-լեցուն դահլիճներ:

Նմանատիպ նյութեր