211652_close_icon
views-count3559 դիտում article-date 21:38 25-03-2016

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղերձը` Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Թատերարվեստի հարգարժան գործիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ թատրոնի միջազգային օրվա առթիվ: Մարտի 27-ը ոչ միայն թատրոնի մարդկանց մասնագիտական տոնն է, այլև վաղուց մեզանում ամրագրվել է՝ որպես հայ բեմի ավանդույթները մեկ անգամ ևս արժևորելու, թատրոնի նվիրյալներին մեր ակնածանքը հայտնելու և թատերական նոր սերնդին խրախուսելու առիթ: Հայը միշտ սիրել է թատրոնը, որովհետև մեր ազգին բնորոշ են զգացմունքայնությունը, հուզականությունը, նվիրումը: Մեր հոգեկերտվածքի շերտերում ամփոփված են դրամատուրգիայի բոլոր ժանրերը՝ դրամա, կատակերգություն, ողբերգություն: Այդ պատճառով էլ հայ մարդը բեմում կատարվող գործողություններին արձագանքում է սրտի, մտքի ու հոգու եռամիասնությամբ՝ ձուլվելով դերասանական խաղին, երաժշտությանն ու խոսքին: Այդ արժեհամակարգով է մեր հանդիսատեսը գնահատել թատրոնի երախտավորների ու նվիրյալների արվեստը: Նրանց փառքի դափնիները ժողովուրդն է հյուսել՝ իր անաչառ գնահատանքով ու անկեղծ սիրով: Թատրոնը մշակութային այն միջավայրն է, որը պահանջում է գիտակ հանդիսատես: Թատրոնը թատրոն է՝ հանդիսատեսի ծափերով: Իսկ այդ ծափերը պարտադրաբար չես կորզի, այդ ծափերը պետք է վաստակել. այս գիտակցումով են մեր մեծերը բեմ բարձրացել, իրենց արվեստին հաղորդակից դարձրել հազարավոր մարդկանց, զգացել դահլիճում բորբոքվող հույզերի տաք շունչն ու հանդիսատեսի աչքերի կրակը: Սա է թատրոնի երանելի կոչումը: Հայ թատրոնի թանկագին գործիչներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում անսպառ ներշնչանք, ստեղծագործական նոր վերելքներ, լեփ-լեցուն դահլիճներ: [b]ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՀ մշակույթի նախարար[/b]

Նմանատիպ նյութեր